«Ոչինչ չանելը այս աշխարհում քո տեղը պահպանելու լավագույն միջոցն է»։ ռեժ․՝ Ակիրա Կուրոսավա, 1952թ

ռեժիսոր՝ Ակիրա Կուրոսավա
սցենարի հեղինակներ՝ Ակիրա Կուրոսավա, Սինոբու Հասիմոտո, Հիդեո Օգունի
օպերատոր՝ Ասակաձու Նակաի
կոմպոզիտոր` Ֆումիո Հայասակա
դերերում՝ Տակասի Սիմուրա, Սինիտի Հիմորի, Հարուո Տանակա, Մինորու Տիակի
արտադրությունը՝ Ճապոնիա, 1952թ
տևողությունը՝ 2ժ 23ր
Ծերունի չինովնիկը, իմանալով իր մոտալուտ մահվան մասին, սկսում է այլ հայացքով նայել իրականությանն ու իր ապրած կյանքին։ Նա հանկարծ գիտակցում է մտերիմ մարդկանց անտարբեր վերաբերմունքի, իր իզուր վատնած տարիների ողջ ողբերգականությունը։ Որոշելով բարի հետք թողնել մարդկանց սրտում՝ նա մոռանում է իր երբեմնի հարմարվողականության մասին և սկսում է պայքարել, որ մեծահարուստների շահադիտական հետաքրքրությունների կենտրոնում հայտնված ամայի տարածքում կառուցվի մանկական խաղահրապարակ։
Պնդելով, աղերսելով, պահանջելով, նույնիսկ նվաստանալով՝ նա հավաքում է անհրաժեշտ փաստաթղթերն ու ստորագրությունները և, ի վերջո, կարողանում է փլուզել բյուրոկրատական քաշքշուկների ու մերժումների պատը։ Նրա կյանքի վերջին օրերն իմաստավորվում են այդ պայքարով ու հաղթանակով։ Նա վախճանվում է երջանիկ՝ նորակառույց խաղահրապարակի ճոճանակին նստած, սակայն պատմությունն այդքանով չի ավարտվում․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմի ստեղծման համար Կուրոսավային ոգեշնչել է Լև Տոլստոյի «Իվան Իլյիչի մահը» վիպակը։ Այս ֆիլմը մինչ օրս համարվում է կինոյի պատմության լավագույն դրամատիկ ֆիլմերից մեկը։
- Բեռլինյան սենատի մրցանակ՝ Բեռլինի կինոփառատոնում։
- Ճապոնական «Մայնիտի» մրցանակ երեք անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ, լավագույն օպերատորական աշխատանք և լավագույն հնչյունավորում։