2018թ-ին ողջ աշխարհի կինոհանրությունը տոնելու է շվեդ հանճարեղ ռեժիսոր Ինգմար Բերգմանի ծննդյան 100-ամյա հոբելյանը։ Այդ իրադարձությանն ընդառաջ՝ Շվեդիայում պատրաստվում են ֆիլմ նկարահանել Բերգմանի՝ մինչև վերջերս անհայտ սցենարներից մեկի հիման վրա։
Հայտնի է, որ 1969թ-ին ծրագրվում էր կյանքի կոչել մի բացառիկ կինոնախագիծ՝ Ինգմար Բերգմանի, Ֆեդերիկո Ֆելինիի և Ակիրա Կուրոսավայի համատեղ մասնակցությամբ։ Նրանցից յուրաքանչյուրը պիտի նկարահաներ մեկական դրվագ ֆիլմի համար։ Ցավոք, մտահղացումն իրականություն չդարձավ։ Կուրոսավան առաջինը հեռացավ, իսկ Բերգմանն ու Ֆելինին չկարողացան ընդհանուր հայտարարի հանգել մի քանի առանցքային հարցերում։ Համատեղ ֆիլմի համար գրված բերգմանյան սցենարը՝ «64 րոպե Ռեբեքայի հետ» անվանմամբ, մինչև 2002թ-ը համարվում էր կորսված ու մոռացված։ Մահվանից հինգ տարի առաջ Բերգմանն իր ողջ արխիվը հանձնեց իր իսկ ստեղծած հիմնադրամին, և հենց այդ ժամանակ էլ, ի թիվս այլ նյութերի, գտնվեց նաև մոռացված սցենարը։
![]() |
Սուզաննե Օստենը |
Սակայն սա դեռ ամբողջը չէ։ 1990թ-ին Օստենի «Պահապան հրեշտակը» ֆիլմը, որը դրական արձագանքի է արժանացել Կաննի կինոփառատոնում, ոչ մի մրցանակ չի ստացել Եվրոպական կինոակադեմիայի կողմից, որի ժյուրին այդ տարի գլխավորում էր Բերգմանը։ Օստենն իր վիրավորանքն արտահայտել է ռեժիսորին ուղղված ցասկոտ նամակում։ Ինչևէ, ճակատագրի բերումով, Բերգմանի վերագտնված սցենարը պատահաբար հայտնվել է հենց Օստենի ձեռքում, և նա այնքան է հավանել, որ, երբեմնի թշնամանքը մոռացած, որոշել է այն էկրանավորել։ Իսկ իր առաջին տպավորության մասին Օստենը գրել է․ «Ապշեցուցիչ է, բայց Բերգմանը 64 րոպե շարունակ եղել է ֆեմինիստ։ Նա իր սցենարում հիանալի է պատկերել ու բացատրել կնոջ աշխարհը»։