Դեն Բրաունի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Ինֆերնո» ֆիլմի կոմերցիոն հաջողությունն օսկարակիր ռեժիսոր և պրոդյուսեր Ռոն Հովարդին ամենևին չի լիցքաթափել, ավելին՝ նա այժմ զբաղված է միաժամանակ մի քանի նոր կինոնախագծերով, որոնցից մեկը «Զելդա» կենսագրական դրաման է՝ ամերիկացի հանրահայտ գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի կնոջ մասին։
Նոր սերնդի ամենավառ կինոդերասանուհիներից մեկը՝ 26-ամյա Ջենիֆեր Լոուրենսը, ով արդեն հասցրել է արժանանալ «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և տասնյակ այլ մրցանակների ամենահեղինակավոր կինոփառատոներում, նկարահանվելու է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի կնոջ՝ Զելդայի դերում։ Նրանք, ովքեր ծանոթ են մեծ գրողի կնոջ կենսագրությանը կամ ընթերցել են Էռնեստ Հեմինգուեյի «Տոն, որը միշտ քեզ հետ է» և Ֆիցջերալդի «Գիշերն անույշ է» վեպերը, կհավաստեն, որ Լոուրենսին բաժին է հասել ամենևին էլ ոչ դյուրին դեր։ Իր անհավասարակշիռ խառնվածքով աչքի ընկնող Զելդան դեռևս երիտասարդության տարիներին սկսեց ունենալ գիտակցության մթագնումներ, որոնք հետագայում վերածվեցին անբուժելի շիզոֆրենիայի և ողջ հետագա կյանքում իսկական տառապանք դարձան կնոջը նվիրված Ֆիցջերալդի համար, ով, ի վերջո, այդ պատճառով կախվածություն ձեռք բերեց ոգելից խմիչքից։
![]() |
Ֆիցջերալդների ընտանիքը |
Ռոն Հովարդը «Զելդա» նոր կինոնախագծում հանդես է գալու որպես պրոդյուսեր, սակայն բացառված չէ, որ նա կզբաղեցնի նաև ռեժիսորական աթոռը։