Չիլիացի ռեժիսոր Պաբլո Լարաինի «Ջեքի» կենսագրական դրաման, որի պրեմիերան տեղի ունեցավ շուրջ մեկ ամիս առաջ՝ Վենետիկի կինոփառատոնում՝ մրցանակի արժանանալով լավագույն սցենարի համար, համարվում է 2017-ի «Օսկարի» հավակնորդներից մեկը։
Կինոքննադատներն արդեն կանխատեսում են, որ Ջեքիի՝ ԱՄՆ առաջին տիկին Ժակլին Քենեդիի դերակատարուհի Նատալի Փորթմանին այս դերը կարող է պարգևել երկրորդ «Օսկարը»։ Առաջինը նա ստացել էր 2011-ին՝ Դարեն Արոնոֆսկու «Սև կարապ» ֆիլմում կանացի լավագույն դերակատարման համար։ Ի դեպ, Արոնոֆսկին «Ջեքիի» պրոդյուսերն է։ Այս ֆիլմը ներկայացնում է Առաջին տիկնոջ կյանքի չորս օրերը, որոնք հաջորդել են նրա ամուսնու՝ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի՝ 1963-ին տեղի ունեցած սպանությանը։ Հայտնի է, որ Ժակլին Քենեդին ամերիկացիների համար հանդիսացել է նրբաճաշակության, ինքնատիպ ոճի, ինչպես նաև ընտանեկան արժեքներին նվիրվածության խորհրդանիշ։ Ֆիլմի գլխավոր դերակատարուհու մանրակրկիտ որոնումներից հետո նախագծի հեղինակները հանգել են այն որոշմանը, որ միայն Փորթմանը, ով իր կերպարում մարմնավորում է նշված բոլոր հատկանիշները, կարող է ըստ արժանվույն ներկայացնել Ջեքիին։
1963-ին, երբ կատարվել է սպանությունը, Ժակլինը 34 տարեկան էր, և 35-ամյա Նատալի Փորթմանը նրա հասակակիցն է՝ այն տարբերությամբ, որ դերասանուհին իր տարիքից նկատելիորեն ավելի երիտասարդ է երևում։ Ֆիլմի ոճաբաններն այդ «բացը» լրացրել են դերասանուհու՝ 1960-ականներին համահունչ սանրվածքի, հագուստի և դիմահարդարման միջոցով։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Նատալի Փորթմանը պատմել է, որ նախքան նկարահանումները կատարվել է մանրակրկիտ հետազոտական աշխատանք՝ բազմիցս վերադիտվել են այն տարիների վավերագրական կադրերը, ուսումնասիրվել են Ժակլինի ձայնի հնչերանգն ու շարժուձևը, վարքագիծն ու խառնվածքի առանձնահատկությունները։ «Իմ խնդիրն էր՝ հավաստի ներկայացնել ոչ միայն երկրի նախագահի տիկնոջ, այլև սովորական մի կնոջ կերպարը՝ իր մարդկային թուլություններով ու հակասություններով հանդերձ»,- ասել է դերասանուհին։