Երեկ հայտնի դարձավ, որ Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում մրցակցող հավակնորդ ֆիլմերի երկար ցանկը, որը ներառում է 85 կինոնկար։
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի հավակնորդ ֆիլմերի ցանկը տարեցտարի աճում է․ երկրների համար այս անվանակարգը հիանալի հնարավորություն է՝ աշխարհին ներկայացնելու իրենց արդի կինեմատոգրաֆը, քանի որ «Օսկարի» մրցանակաբաշխությանը ամեն տարի հետևում են մոլորակի բոլոր ծագերում։ Հայաստանի կողմից ներկայացված «Երկրաշարժ» ֆիլմը հավակնորդ ֆիլմերի երկար ցանկում չի ընդգրկվել, մեր հարևան երկրներից Վրաստանը, Թուրքիան և Իրանը ցանկում են, ընդ որում՝ Իրանը ներկայացնելու է 2012-ին այս անվանակարգում արդեն իսկ «Օսկարի» արժանացած Ասղար Ֆարհադին՝ իր «Կոմիվոյաժոր» ֆիլմով։ «Կոմիվոյաժորն» այս տարվա մայիսին Կաննում ներկայացված է եղել «Ոսկե արմավենու» և շահել է երկու անվանակարգում՝ տղամարդու լավագույն դերակատարման և լավագույն սցենարի համար։ Վրաստանը ներկայացել է «Ուրիշի տունը» ֆիլմով, որը պատմում է աբխազական պատերազմը վերապրած երկու ընտանիքի դժվարին ճակատագրի մասին։
Նախկին ԽՍՀՄ տարածքի երկրներից ցանկում տեղ են զբաղեցրել նաև Ղազախստանը, Ղրղզստանը, Լատվիան, Լիտվան, Ռուսաստանը, Ուկրաինան և Էստոնիան։ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում մրցակցող կինոնկարների թվաքանակն այս տարի գերազանցել է 2014-ի ռեկորդը՝ 83 ֆիլմ։ Անվանակարգը սկսել է գործել ճիշտ 60 տարի առաջ՝ 1956-ին։ Երբեմն, շատ հազվադեպ, այս անվանակարգում աչքի ընկած ֆիլմը տեղափոխվում է հիմնական «Օսկարի» մրցակցության դաշտ, ինչպես պատահել է, օրինակ, ավստրիացի հիանալի ռեժիսոր, Կաննի կինոփառատոնի բազմակի մրցանակակիր Միխայել Հանեկեի «Սեր» օսկարակիր ֆիլմի պարագայում։
«Օսկարի» 89-րդ մրցանակաբաշխությունը, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու փետրվարի 26-ին, սակայն ավելի վաղ՝ առաջիկա նոյեմբերի 12-ին տեղի կունենա «պատվավոր Օսկարի» մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս մրցանակին կարժանանան հոնկոնգցի կինոդերասան Ջեքի Չանը, ամերիկացի կինովավերագրող Ֆրեդերիկ Վայսմանը, բրիտանացի մոնտաժոր Էնն Քոութսը և քասթինգի ամերիկացի մասնագետ Լին Սթալմասթերը։ Ընդհանուր առմամբ՝ մրցանակը հանձնվելու է 25 անվանակարգերում։
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում մրցակցելու են ինչպես նոր և քիչ հայտնի ռեժիսորների ֆիլմերը, այնպես էլ կինոաշխարհում միջազգային հեղինակություն ձեռք բերած վարպետների աշխատանքները։ Այս տարի վերջիններիս ցանկում են Անջեյ Վայդան, Անդրեյ Կոնչալովսկին, Պեդրո Ալմոդովարը, Փոլ Վերհովենը, Յոձի Յամադան և այլք։ Երկար ցանկում ներառված ֆիլմերի ցուցադրությունից հետո Ամերիկյան կինոակադեմիան կկազմի 9 ընտրված ֆիլմերից բաղկացած կարճ ցանկը, այնուհետև, հունվարի 24-ին, կհրապարակի մրցանակի 5 վերջնական հավակնորդներին։