Ընդամենը մի քանի ամիս առաջ օսկարակիր ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտարարել էր, թե «Նողկալի ութնյակից» հետո նկարահանելու է ևս երկու ֆիլմ և ընդմիշտ թողնելու է ռեժիսուրան։ Օրերս նա իր երկրպագուների հետ հրապարակային հանդիպումներից մեկի ժամանակ տեղեկացրել է, որ արդեն աշխատում է այդ երկու ֆիլմերից առաջինի ստեղծման ուղղությամբ։
53-ամյա Քվենտին Տարանտինոն արդեն մի քանի տարի է, ինչ ուսումնասիրում է 1970-ականների ֆիլմերը, քանի որ պատրաստվում է ֆիլմ նկարահանել այդ հետաքրքիր ու հեղափոխական ժամանակաշրջանի մասին։ 1970թ-ը, Տարանտինոյի կարծիքով, շրջադարձային տարի էր համաշխարհային կինեմատոգրաֆի համար, քանզի հենց այդ ժամանակ էր, որ տեղի ունեցավ հին Հոլիվուդի անցումը դեպի նոր Հոլիվուդ։ Այդ փուլը կարելի է համարել, թերևս, 1960-ականներին ծավալված սեքսուալ հեղափոխության գագաթնակետը և շարունակությունը։ Այս փաստի ամենավառ ապացույցը Տարանտինոն համարում է այն, որ էրոտիկ ֆիլմերը «լքեցին» կինոթատրոնները և հասանելի դարձան լայն հանրության համար՝ դրանով իսկ հանդիսանալով հասարակայնության ազատագրման ևս մեկ դրսևորում։
Ի հիմնավորումն իր խոսքերի՝ Տարանտինոն ներկայացրել է այդ տարի նկարահանված լավագույն հեղափոխական ֆիլմերի ցանկը, որը ներառում է Ռոբերտ Օլթմենի «Ռազմադաշտային հոսպիտալը», Կլոդ Շաբրոլի «Մսագործը», Արթուր Հիլերի «Սիրո պատմությունը», Բոբ Ռեյֆելսոնի «Հինգ թեթև պիեսը», Դարիո Արջենտոյի «Բյուրեղապակյա փետուրներով թռչունը», Բիլլի Ուայլդերի «Շերլոկ Հոլմսի մասնավոր կյանքը», Ռաս Մայերի «Տիկնիկների հովտի հակառակ կողմը», Միքելանջելո Անտոնիոնիի «Զաբրիսկի Փոինթը», Ուիլյամ Ուայլերի «Լ․ Բ․ Ջոնսի ազատագրումը», Եժի Սկոլիմովսկու «Խորությունը», Էրիկ Ռոմերի «Կլերի ծունկը», Ջոն Հյուսթոնի «Կրեմլյան նամակը», ինչպես նաև Անատոլ Լիտվակի «Ակնոցով և հրացանով տիկինն ավտոմեքենայում» և Ջեք Նիքոլսոնի «Նա ասաց՝ գնացինք» կինոնկարները։
Տարանտինոն խոստովանել է, որ թեպետ իրեն չափազանց հետաքրքրում է կինոյի պատմության և նոր Հոլիվուդի ձևավորման այդ ժամանակահատվածը, սակայն ինքը դեռևս չի կողմնորոշվել, թե ինչ ձևաչափում է իրագործելու իր մտահղացումը։ Չի բացառվում, որ նա նկարահանի ոչ թե գեղարվեստական, այլ վավերագրական ֆիլմ կամ բազմասերիանոց կինոնկար հեռուստատեսության համար։ Ռեժիսորը խոստացել է կողմնորոշվելուն պես այդ մասին տեղյակ պահել կինոսեր հանրությանը։