«Գեյշայի հուշերը», «Չիկագո», «Կարիբյան ծովի ծովահենները․ Տարօրինակ ափերին» և այլ ճանաչված ֆիլմերի ռեժիսոր Ռոբ Մարշալը պատրաստվում է էկրանավորել Մերի Փոփինսի մասին հանրահայտ գիրքը։
Անգլիացի գրող Փամելա Թրևերսի՝ բեսթսելեր դարձած վիպաշարը, որի առաջին գիրքը լույս է տեսել 1934թ-ին, բազմաթիվ անգամ բեմադրվել է թատրոններում և նկարահանման հրապարակներում։ Դայակի իդեալ հանդիսացող Մերի Փոփինսի պատմությունը ծնվել է պատահաբար, երբ սեփական երեխաներ չունեցող հեղինակը խնամում էր երկու փոքրիկների և հանպատրաստից հեքիաթներ էր պատմում նրանց։ Այդ ժամանակ նա ինքն էլ չէր ակնկալում, թե իր հերոսուհին այդքան հայտնի կդառնա և կսիրվի միլիոնավոր երեխաների կողմից, իսկ գիրքը կթարգմանվի բազմաթիվ լեզուներով։ Վերակենդանացնելով իր մանկության հուշերը՝ ամերիկացի ռեժիսոր Ռոբ Մարշալը որոշել է մեծ էկրան տեղափոխել լեգենդար դայակին, ով, անբաժան ճամպրուկն ու հովանոցը ձեռքին, մի թռիչքով հայտնվում է այնտեղ, որտեղ իր կարիքն ամենաշատն են զգում։
Ֆիլմում, սակայն, իրադարձությունները զարգանալու են վեպում նկարագրված դեպքերից 25 տարի անց, երբ Փոփինսի խնամքին հանձնված փոքրիկներն արդեն մեծացել են և սեփական ընտանիքն ունեն։ Ինչպես և պետք էր ենթադրել, հասունացած հերոսներն այլևս չեն հավատում հրաշքների, մինչդեռ հրաշքը՝ ի դեմս Մերի Փոփինսի, նախկինի պես գոյություն ունի և պատրաստ է օգնության հասնել նրանց։ «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2018թ-ին՝ Սուրբ Ծննդյան տոնի օրը։ Մարշալն իր նոր ֆիլմի համար հրավիրել է աստղային դերասանական կազմ՝ անկրկնելի Մերիլ Սթրիփին, Էմիլի Բլանթին, ով կմարմնավորի Մերի Փոփինսի կերպարը, Էմիլի Մորթիմերին, Բեն Ուիշոուին և այլ հայտնիների։ Ռեժիսորը, իր հավատարիմ պրոդյուսեր Ջոն դե Լուկայի հետ միասին, հանդիսանում է նաև ֆիլմի պրոդյուսերներից մեկը։