Արաբական հեքիաթների հերոս, լեգենդար ծովագնաց Սինդբադը կինեմատոգրաֆի ամենասիրված կերպարներից է։ Նրա անվերջանալի արկածները տեղ են գտել ավելի քան երկու տասնյակ կինոֆիլմերում, մուլտֆիլմերում, համակարգչային խաղերում և այլուր։ Շատ շուտով Սինդբադը վերստին կհայտնվի մեծ էկրանին։
«Գահերի խաղը», «Բժիշկ Հաուս», «Իսկական դետեկտիվ» և այլ հանրահայտ սերիալների ռեժիսորներից մեկը՝ բրիտանացի Միգել Սապոչնիկը առաջիկայում կսկսի Սինդբադի թափառումների և զարմանահրաշ արկածների մասին պատմող ֆիլմի նկարահանումները։ Սցենարի հեղինակը «Արթնացում» բազմասերիանոց ֆիլմի սցենարիստ Կայլ Քիլենն է, իսկ պրոդյուսերները՝ «Օսկարի» ներկայացված Դևիդ Հոբերմանն ու Թոդ Լիբերմանը։ Դասական արկածային ֆիլմերի սիրահարները, անշուշտ, լավ են հիշում Սինդբադի մասին ֆիլմերից երկու ամենահայտնիները՝ 1958թ-ին նկարահանված «Սինդբադի յոթերորդ ճանապարհորդությունը» և 1973թ-ին նկարահանված «Սինդբադի ոսկե ճանապարհորդությունը», որոնց պրոդյուսերն ու սցենարիստը օսկարակիր Ռեյ Հարիհաուզենն էր։
![]() |
Ռեյ Հարիհաուզենի հեքիաթային արարածներից մեկը |
Առայժմ հստակ հայտնի չէ, թե ով է հանդես գալու Սինդբադի դերում, ամեն դեպքում, պետք է ենթադրել, պրոդյուսերները երկար կփնտրեն այնպիսի կերպար, որն իր գրավչությամբ կկարողանա համեմատվել 1958-ի էկրանավորման գլխավոր դերակատար Քերվին Մեթյուսի հետ։