Ընդամենը մի քանի ամիս անց՝ արդեն 2017թ-ին, Հոլիվուդում կսկսվեն Queen բրիտանական լեգենդար ռոք-խմբին և այդ խմբի ոչ պակաս լեգենդար վոկալիստ Ֆրեդի Մերքյուրիին նվիրված ֆիլմի նկարահանումները, որոնց անհամբերությամբ են սպասում կինոսերներն ու Queen-ի բազմահազար երկրպագուները։
Այս ուշագրավ կինոնախագիծն օրակարգում էր դեռևս 2010թ-ից, սակայն իրականացումն անընդհատ հետաձգվում էր տարբեր պատճառներով։ Վերջապես հստակեցվեց, որ ֆիլմի ռեժիսոր Բրայան Սինգերը («Իքս մարդիկ», «Կասկածելի անձինք», «Վալկիրիա օպերացիան») շուտով կսկսի նկարահանումները, և Ֆրեդի Մերքյուրիի դերում հանդես կգա ծագումով եգիպտացի, հոլիվուդյան 35-ամյա դերասան Ռամի Մալեկը («Գիշերը թանգարանում», «Միսթր Ռոբոտը», «24 ժամ»)։
 |
Ֆրեդի Մերքյուրի |
Queen-ի հանրահռչակ երգի անվանումը՝ «Բոհեմական ռապսոդիան» ընտրվել է որպես վերնագիր այս նոր կինոնախագծի համար։ Նախագիծը կյանքի են կոչելու 20th Century Fox և New Regency ընկերությունները՝ օսկարակիր պրոդյուսեր Գրեհեմ Քինգի («Թրաֆիք», «Ուրացողները», «Երիտասարդ Վիկտորյան») մասնակցությամբ։ Հատկանշական է, որ ֆիլմի պրոդյուսերների շարքում են նաև Ռոբերտ դե Նիրոն, Queen-ի անդամներ Բրայան Մեյն ու Ռոջեր Թեյլորը։
Հայտնի է, որ կինոնախագծի իրականացումը հետաձգվել է նաև 20th Century Fox կինոընկերության՝ Մեյի ու Թեյլորի հետ ունեցած տարակարծությունների պատճառով, քանի որ վերջիններս երկար ժամանակ հավանություն չէին տալիս առաջարկվող սցենարին՝ հիմնավորելով, թե չեն ցանկանում մեծ էկրանի վրա տեսնել իրենց մասին պատմող մռայլ դրամա, այլ ցանկանում են տեսնել ոգեշնչող ու լավատեսական ֆիլմ։ Ի վերջո, սցենարի մասով փոխզիջումը գտնվեց, սակայն խնդիրներ առաջացան գլխավոր դերակատարի ընտրության առնչությամբ։
 |
Ռամի Մալեկ |
Նախատեսվում էր, որ Ֆրեդիի դերում հանդես է գալու Սաշա Բարոն Քոենը («Թշվառները», «Բորատ», «Ժամանակի պահապանները»), բայց նա, ստուդիայի հետ ունենալով ստեղծագործական տարաձայնություններ, լքեց նախագիծը։ Միաժամանակ շրջանառվում էր նաև Բեն Ուիշոուի անունը («Պարֆյումեր․ Մի մարդասպանի պատմությունը», «Ամպային ատլաս», «Լոբսթեր»), իսկ ռեժիսորական աթոռը պիտի զբաղեցներ Դեքսթեր Ֆլեթչերը։ Սակայն համագործակցության այդ տարբերակը ևս ձախողվեց։
Վերջիվերջո, ստեղծագործական կազմի հետ կապված բոլոր խնդիրները հարթվեցին և հայտարարվեց նախագծի մեկնարկի մասին։ Սինգերը նկարահանելու է Queen-ի երազած լավատեսական ֆիլմը՝ չնայած Ֆրեդի Մերքյուրիի վաղաժամ մահվանը 45 տարեկան հասակում և ռոք-խմբի հետագա բարդ ճակատագրին՝ բաժանումներով ու վերամիավորումներով լի։ Ֆիլմի սցենարի հեղինակը Էնթոնի ՄըքՔարթենն է («Սթիվեն Հոքինգի տիեզերքը», «Սուպերհերոսի մահը»)։