Ճապոնացի նշանավոր ռեժիսոր-անիմատոր Հայաո Միյաձակին վերջին մի քանի տարիներին ստեղծագործական լռություն էր պահպանում, և շատերը մտավախություն ունեին, թե 75-ամյա անիմատոր-նորարարն այլևս չի վերադառնա ակտիվ աշխատանքին, սակայն օրերս հայտնի դարձավ, որ վերադարձը տեղի է ունենալու, այն էլ՝ նոր լիամետրաժ մուլտֆիլմով։
2015-ին տեղի ունեցած «Օսկարի» մրցանակաբաշխության շրջանակներում նրան շնորհվեց «Պատվավոր մրցանակ», որը լրացրեց նրա բազմաթիվ մրցանակների շարքը Վենետիկի, Բեռլինի և այլ հեղինակավոր կինոփառատոներում։ Քանի որ Միյաձակիի արվեստի անհամար երկրպագուները 2013-ից ի վեր նրան ուղղում են այն հարցը, թե երբ է ներկայանալու հերթական ինքնատիպ աշխատանքով, նա, ի վերջո, որոշեց խախտել լռությունը և օրերս ճապոնական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարեց, որ պատրաստվում է սկսել նոր լիամետրաժ անիմացիոն ֆիլմի ստեղծման աշխատանքները և 2021-ին կցուցադրի արդյունքը։ «Մարդը, ով դեռևս չի հեռացել գործերից․ Հայաո Միյաձակի» անվանմամբ հեռուստահաղորդումը պատրաստվել էր հատուկ այդ սպասված տեղեկությունը տարածելու նպատակով՝ ի պատասխան երկրպագուների շարունակական հարցումների։
Աշխարհի թիվ 1 անիմատորի տիտղոսը կրող տարեց ռեժիսորին, ըստ ամենայնի, այդպես էլ «թույլ չեն տալու», որ հանգիստ վայելի իր երկարամյա աշխատանքի արդյունքում ստացած դափնիները։ Ենթադրվում է նաև, որ խոսքը մի բավականին ծավալուն նախագծի մասին է, եթե դրա իրագործման ուղղությամբ տարվող աշխատանքը տևելու է հինգ տարի։ Սակայն մինչ այդ նա կներկայացնի նաև կարճամետրաժ մուլտֆիլմ, որը համարում է իր դեբյուտը համակարգչային անիմացիայի ժանրում։ Ինչ վերաբերում է ստեղծվելիք լիամետրաժ մուլտֆիլմին, ապա Միյաձակին այդ նախագծի վերաբերյալ առաջարկն իր հիմնադրած Ghibli Studio-ին ներկայացրել է դեռևս այս տարվա օգոստոսին։ Սյուժեի մասին նա այս պահին գերադասում է հրապարակորեն չխոսել, բայց շատերը ենթադրում են, որ նոր լիամետրաժը ևս կստեղծվի համակարգչային անիմացիայի ժանրում և կհանդիսանա ընթացիկ կարճամետրաժի՝ «Թրթուր Բորոյի» ընդլայնված տարբերակը։
Ֆիլմի ստեղծման հնգամյա ժամկետը սահմանել է ստուդիան, սակայն ինքը՝ Միյաձակին ծրագրում է աշխատանքն ավարտել 2019թ-ին՝ Տոկիոյում ընթանալիք Օլիմպիական խաղերի մեկնարկից անմիջապես առաջ։ Թեպետ նա ավելի վաղ հայտարարել էր, թե իր վերջին՝ «Քամին ուժգնանում է» անիմացիոն ֆիլմից հետո այլևս չի վերադառնալու լիամետրաժ ձևաչափին, բայց, ի ուրախություն երկրպագուների, մտափոխվել է և արդեն սկսել է աշխատանքը նոր նախագծի իրականացման ուղղությամբ։