53-ամյա դերասան Ջոնի Դեփը, հանգամանքների բերումով կամ իր անսովոր վարքագծի պատճառով, պարբերաբար հայտնվել է ոչ միայն սկանդալների կիզակետում, այլև ոստիկանության բաժանմունքներում։ Նրա կյանքին առնչվող վերջին իրադարձություններն ապացուցում են, որ տարիներն անկարող են փոխելու մարդուն, եթե այդ մարդը անկրկնելի Ջոնի Դեփն է․․․
Եթե որևէ այլ դերասանի կամ դերասանուհու պարագայում սկանդալային բազմաթիվ պատմությունները կվնասեին վարկանիշին և հեղինակությանը, ապա Դեփի պարագայում այդ ամենն «անհետևանք է» անցնում, և նրա երկրպագուների բանակը շարունակում է մնալ անփոփոխ մեծ։ 1990-ականներին հանրությունն ու մամուլը հետևում էին, թե ինչպես են զարգանալու նրա սիրավեպերը դերասանուհի Վայնոնա Ռայդերի և մոդել Քեյթ Մոսի հետ, այնուհետև, 1998թ-ից մինչև 2012թ-ը, հետևում էին Դեփի և ֆրանսիացի դերասանուհի Վանեսա Պարադիի ընտանեկան կյանքին, իսկ 2012թ-ից մինչ օրս քննարկում են ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդի հետ նրա ամուսնությունն ու ամուսնալուծությունը, ինչպես նաև վերադարձն իր երկու երեխաների մոր՝ Վանեսա Պարադիի մոտ։
Վերջերս հայտնի դարձավ, որ աստղային զույգը պատրաստվում է վերամիավորվել՝ մոռացության տալով անցած-գնացած երկկողմանի սիրային արկածները։ Դեփի երկրպագուները թեթևացած շունչ քաշեցին՝ համացանցային քննարկումներում հավանություն տալով նրա որոշմանը։ Սակայն դերասանը վերստին թույլ չտվեց, որ իրեն երկար ժամանակով մոռացության մատնեն՝ այս անգամ էլ տեղափոխվելով քաղաքական հարթություն։ Նա հանդես եկավ ի պաշտպանություն ուկրաինացի ռեժիսոր և գրող Օլեգ Սենցովի, ով 2014թ-ի գարնանը ձերբակալվել էր Ռուսաստանի իշխանությունների կողմից և դատապարտվել 20 տարվա ազատազրկման՝ Ղրիմում «Միասնական Ռուսաստան» կուսակցության գրասենյակը հրդեհելու մեղադրանքով։ Ռեժիսորին ազատ արձակելու պահանջով արդեն հանդես են եկել այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Պեդրո Ալմոդովարը, Քեն Լոուչը, Բելա Տարրը, դեռևս կենդանության օրոք՝ Անջեյ Վայդան, Բերտրան Տավերնիեն, Վիմ Վենդերսը, նույնիսկ՝ իշխանամետ Նիկիտա Միխալկովը։
Դեփի դիմահայաց և կիսադեմ լուսանկարները՝ Սենցովի ազատազրկման ժամկետը նշող ցուցանակով, արդեն ամենուր տարածվել են և մեծ արձագանք առաջացրել։ Թե՛ անձնական, թե՛ հասարակական կյանքում մինչև վերջ սկզբունքային Դեփի, ինչպես նաև այլ աստղերի համանման լուսանկարները կզետեղվեն շապիկների վրա և կվաճառվեն, իսկ հասույթը կփոխանցվի քաղբանտարկյալների օգնության ֆոնդ։