1970-ականներից մինչ օրս նա իր տաղանդով ու հմայքով մթագնում է հոլիվուդյան և առհասարակ համաշխարհային կինոյի բոլոր գեղեցկուհիներին՝ հիացնելով բարձր պրոֆեսիոնալիզմով և արդարացիորեն վայելելով հանդիսատեսի անփոփոխ սերը։
67-ամյա Մերիլ Սթրիփի անհամար կինեմատոգրաֆիական պարգևներին շուտով գումարվելու է ևս մեկը՝ Սեսիլ Բլաունթ դը Միլի հատուկ մրցանակը, որն ամեն տարի շնորհվում է «Ոսկե գլոբուսի» շրջանակներում՝ արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի կողմից։ 1952թ-ից ի վեր շնորհվող այս հեղինակավոր մրցանակին արժանացել են այնպիսի հանրահայտ կինոգործիչներ, ինչպիսիք են Ուոլթ Դիսնեյը, Ալֆրեդ Հիչքոկը, Սթիվեն Սփիլբերգը, Մարտին Սկորսեզեն, Վուդի Ալենը, Դասթին Հոֆմանը, Ռոբերտ դե Նիրոն, Էլիզաբեթ Թեյլորը, Էնթոնի Քուինը, Օդրի Հեփբերնը, Սոֆի Լորենը, Ջեք Նիքոլսոնը և այլք։ Թեպետ «Ոսկե գլոբուս-2017»-ի մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու հունվարի 8-ին, սակայն Սթրիփն առաջինը կստանա իր մրցանակը՝ արդեն այս տարի, դեկտեմբերի 12-ին։
Հիմնավորելով իրենց ընտրությունը՝ արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի նախագահ Լորենցո Սորիան ասել է․ «Մերիլ Սթրիփն օրինակ է ծառայում մի քանի սերունդների համար։ Նա իր գործունեությամբ ու կերպարով թատրոնի, կինոյի և հեռուստատեսության աշխարհում ճանապարհ է հարթել բազմաթիվ կանանց համար։ Մեր ասոցիացիայի համար մեծ պատիվ է նրան այս պարգևը հանձնելը, քանի որ Սթրիփը կենդանի լեգենդ է, մի դերասանուհի, ով բացառիկ նրբագեղությամբ կարողացավ կոտրել գենդերային, տարիքային և մյուս բոլոր կարծրատիպերը»։
Կինոքննադատները Սթրիփին իրավացիորեն համարում են մեր ժամանակների մեծագույն դերասանուհիներից մեկը։ Նա իր դերասանական գործունեությունը սկսել է թատրոնում, ստացել է հիանալի կրթություն, ունի կերպարվեստի մագիստրոսի կոչում, զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Սթրիփին որպես մեծագույն դերասանուհի են բնորոշում նաև նրա հանրահայտ գործընկերները՝ Դայան Կիտոնը, Ռոբերտ դե Նիրոն, Ջեք Նիքոլսոնը, Կուրտ Ռասելը, Քլինթ Իսթվուդը և այլք։ Նրա ամենանշանակալից կինոմրցանակները ներառում են 3 «Օսկար», 8 «Ոսկե գլոբուս», Բրիտանական կինոակադեմիայի, Կաննի, Բեռլինի և այլ կինոփառատոների մի շարք մրցանակներ։