Նկարահանումները սկսվելու են հաջորդ տարեսկզբին, և շատերն արդեն կանխատեսում են, որ այս ֆիլմի պրեմիերան դառնալու է տարվա ամենասպասված կինոիրադարձություններից մեկը։
Շվեդ գրող Սթիգ Լարսոնի «Միլենիում» բեսթսելեր-եռագրությունը, որը ներառում է «Վիշապի դաջվածքով աղջիկը», «Աղջիկը, ով խաղում էր կրակի հետ» և «Աղջիկը, ով պայթեցնում էր օդային ամրոցները» վեպերը, բացառիկ հանրաճանաչություն է վայելում և թարգմանվել է տասնյակ լեզուներով, իսկ գլխավոր հերոսուհի Լիսբեթ Սալանդերը արդեն վաղուց համարվում է կուռքային կերպար թե՛ իր արտաքին տեսքով, որն ընդօրինակում են նորաձևության աշխարհում, թե՛ խառնվածքով ու ապրելակերպով, որոնք ընդօրինակվում են անկախ ու այլախոհ երիտասարդության կողմից։ Լարսոնի վաղաժամ մահը թույլ չտվեց, որ նա տեսնի իր եռագրության տպագրությունն ու աննախադեպ հաջողությունը, ինչպես նաև ավարտին հասցնի իր հաջորդ վեպը՝ «Աղջիկը, ով թաղվել էր սարդոստայնում»։ Նրա մտահղացումն ավարտին հասցրեց մեկ այլ շվեդ գրող՝ Դավիդ Լագերկրանցը՝ անցյալ տարի հրատարակելով իր «Աղջիկը սարդոստայնում» վեպը։
Իհարկե, վեպի լույս ընծայումից հետո կինեմատոգրաֆիստներն անմիջապես աշխուժացան և շտապեցին ձեռք բերել էկրանավորման իրավունքը՝ հիմք ընդունելով այն մեծ ճանաչումը, որին արժանացել էին եռագրության նախորդ էկրանավորումները։ 2009թ-ին եռագրությունն էկրանավորել էին շվեդ կինեմատոգրաֆիստները՝ Միքայել Նյուքվիստի և Նումի Ռապասի գլխավոր դերակատարմամբ, իսկ 2011թ-ին «Վիշապի դաջվածքով աղջիկը» վեպն էկրանավորել էր ամերիկացի հանրահայտ ռեժիսոր Դևիդ Ֆինչերը՝ գլխավոր դերերում նկարահանելով Դենիել Քրեյգին և Ռունի Մարային։ Բացի այդ՝ 2010թ-ին շվեդ կինեմատոգրաֆիստները ներկայացրել էին «Միլենիում» հեռուստատեսային բազմասերիանոց ֆիլմը, որը նույնպես մեծ հաջողություն էր ունեցել և արժանացել էր մրցանակների։
«Աղջիկը սարդոստայնում» նոր կինոնախագծի իրականացմամբ զբաղվող Sony ընկերությունը ֆիլմի ռեժիսորական աշխատանքը վստահել է ուրուգվայցի երիտասարդ ռեժիսոր Ֆեդերիկո Ալվարեսին, իսկ Լիսբեթ Սալանդերի կերպարի մարմնավորման համար անցյալ տարվանից բանակցում է շվեդ օսկարակիր դերասանուհի Ալիսիա Վիկանդերի հետ։ Ֆիլմի սցենարը գրել է 2004թ-ին «Օսկարի» ներկայացված Սթիվեն Նայթը։