«Ճշմարտությո՞ւն, թե՞ պատրանք: Ո՞վ գիտե՝ կա՞ արդյոք դրանց միջև տարբերություն»: «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից», ռեժ.` Մայք Նիքոլս

ռեժիսոր՝ Մայք Նիքոլս
սցենարի հեղինակ՝ Էռնեստ Լեման
օպերատոր՝ Հասքել Ուեքսլեր
կոմպոզիտոր` Ալեքս Նորթ
դերերում՝ Էլիզաբեթ Թեյլոր, Ռիչարդ Բարթոն, Ջորջ Սիգալ, Սենդի Դենիս
արտադրությունը՝ ԱՄՆ, 1966թ
տևողությունը՝ 2ժ 11ր
Պատմաբան, պրոֆեսոր Ջորջն ամուսնացած է հավատարմությամբ աչքի չընկնող Մարթայի հետ, ում հայրը այն քոլեջի ռեկտորն է, որտեղ դասավանդում է Ջորջը։ Նրանց՝ երկու տասնամյակ ձգվող ամուսնությունը մշտապես տատանվում է սիրո և ատելության միջև։ Մարթան իր թույլ բնավորությամբ ամուսնուն անընդհատ համեմատում է ուժեղ բնավորությամբ օժտված հոր հետ՝ հիանալի գիտակցելով, որ դա զայրացնում է Ջորջին։ Հերթական թեժ վիճաբանության նախօրեին ամուսինները մասնակցում են ֆակուլտետի երեկույթին և ծանոթանում երիտասարդ զույգի՝ Նիքի ու Հանիի հետ։ Նիքն իրեն համարում է իսկական սրտակեր, իսկ Հանին, Մարթայի բնորոշմամբ, գորշ մկնիկ է։ Ջորջն ու Մարթան երիտասարդներին հրավիրում են իրենց առանձնատուն՝ հրաժեշտից առաջ մեկ բաժակ ըմպելու։ Հրաժեշտը վերածվում է ողջ գիշեր երկարաձգվող մի հոգեբանական խաղի՝ ամենաանկանխատեսելի իրավիճակներով․․․
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- 5 «Օսկար» մրցանակ` կանացի լավագույն դերակատարման (Էլիզաբեթ Թեյլոր), երկրորդ պլանի կանացի լավագույն դերակատարման (Սենդի Դենիս), սև-սպիտակ ֆիլմերի շարքում լավագույն օպերատորական աշխատանքի, լավագույն դեկորացիաների և լավագույն հանդերձանքի համար:
- Բրիտանական կինոակադեմիայի 3 մրցանակ` լավագույն ֆիլմի, տղամարդու (Ռիչարդ Բարթոն) և կնոջ (Էլիզաբեթ Թեյլոր) լավագույն դերակատարումների համար:
- «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ֆիլմը` նկարահանված ըստ Էդուարդ Օլբիի համանուն պիեսի, Մայք Նիքոլսի ռեժիսորական դեբյուտն է:
- Ֆիլմը ոչ միայն դարձավ Warner Bros. ստուդիայում նկարահանված վերջին սև-սպիտակ կինոնկարը, այլև մեծապես նպաստեց սկանդալային «Հեյսի կոդեքսի» վերացմանը: