Հոլիվուդյան երկու օսկարակիր դերասանները՝ Ռոբերտ դե Նիրոն և Ջուլիանա Մուրը միասին հանդես կգան քրեական բազմասերիանոց հեռուստադրամայում, որի անվանումն առայժմ չի հրապարակվում։
Ամերիկացի ճանաչված ռեժիսոր Դևիդ Օուեն Ռասելը («Խարդախություն ամերիկյան ձևով», «Իմ ընկերը խելագար է», «Ջոյ») Amazon և The Weinstein Company ընկերությունների առաջարկով պատրաստվում է նկարահանել նոր հեռուստադրամա՝ գլխավոր դերերը վստահելով 73-ամյա Ռոբերտ դե Նիրոյին և 55-ամյա Ջուլիանա Մուրին։ Բազմասերիանոց ֆիլմը, որի անվանումն ու սյուժեն առայժմ գաղտնի են պահվում, բաղկացած է լինելու երկու եթերաշրջանից, յուրաքանչյուրում՝ 8-ական էպիզոդ։ Ռասելը հանդես է գալու նաև որպես ֆիլմի սցենարիստ։ Նկարահանումները կմեկնարկեն հաջորդ տարի, սակայն աշխատանքների հստակ ժամանակացույցն ու պրեմիերայի օրը ևս չեն հրապարակվում։
![]() |
Ռոբերտ դե Նիրոն և Դևիդ Օ․ Ռասելը |
Ռասելն արդեն մի քանի անգամ ներկայացվել է «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և այլ մրցանակների՝ որպես լավագույն ռեժիսոր և սցենարիստ, իսկ Բրիտանական կինոակադեմիայի կողմից երկու անգամ ստացել է մրցանակ։ Ինչ վերաբերում է նրա նոր ֆիլմի աստղային դերակատարներին, ապա Ռոբերտ դե Նիրոյի մասնակցությամբ վերջին ֆիլմը՝ «Քարե բռունցքները» թողարկվել է այս տարվա մայիսին, և նա այժմ ներգրավված է ևս ութ կինոնախագծում, իսկ Ջուլիանա Մուրը վերջին անգամ մեծ էկրանին երևացել է «Քաղցած խաղերի» հերթական ֆիլմում, և 2017-ին նկարահանվելու է ևս չորս ֆիլմերում։