Ամերիկացի ժամանակակից գրող Սթիվեն Քինգը, ում յուրաքանչյուր նոր ստեղծագործությունը վերածվում է բեսթսելերի, և ով համարվում է ամենահաճախ էկրանավորվող հեղինակներից մեկը, շուտով հանդիսատեսի հետ միասին կգնահատի իր «Մութ աշտարակը» վիպաշարի էկրանավորման արդյունքը։
Սթիվեն Քինգը «Մութ աշտարակը» համարում է իր կյանքի գլխավոր ստեղծագործությունը։ Այս մասշտաբային վիպաշարը ներառում է ութ վեպ և գրվել է 30 տարվա ընթացքում՝ 1982-2012թթ-ներին։ Դանիացի ռեժիսոր Նիկոլայ Արսելը, ով հանդիսատեսին հայտնի է որպես «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի սցենարիստ և «Թագավորական սիրավեպ» ֆիլմի ռեժիսոր, էկրանավորել է բուն վիպաշարի անվանումը կրող ստեղծագործությունը, սակայն նախատեսվում է, որ այս էկրանավորումը կդառնա սկիզբը և կվերածվի մի ընդարձակ կինոնախագծի՝ մեծ էկրանի վրա և հեռուստաեթերում այս շարքի նաև մյուս վեպերի ներկայացմամբ։ Վիպաշարը ներառում է ֆենթեզիի, սարսափի, գիտաֆանտաստիկայի, վեսթեռնի և այլ ժանրերի տարրեր և պատմում է հրաձիգ Ռոլանդ Դիսքեյնի մասին, ով անվերջանալի թափառումների միջոցով փորձում է երբևէ գտնել լեգենդար Մութ աշտարակը, որը հանդիսանում է տիեզերքի պատվարը և աշխարհը պահպանում է քաոսից ու ավերից։
Քինգի ստեղծագործությունների էկրանավորումների ընդհանուր թիվը գերազանցում է 100-ը, և այդ առումով, ինչպես նաև իր գրքերի վաճառքի ցուցանիշով, նա, իհարկե, անվիճելի ռեկորդակիր է։ Նրա գրքերի հիման վրա նկարահանված հանրահայտ ֆիլմերից են Սթենլի Կուբրիկի «Փայլատակումը», Դևիդ Քրոնենբերգի «Մեռյալ զոնան», Ռոբ Ռայների «Միզերին», Ֆրենկ Դարաբոնթի «Փախուստը Շոուշենկից» և «Կանաչ մղոնը», Թեյլոր Հեքֆորդի «Դոլորես Քլեյբորնը», Բրայան դե Պալմայի «Քերին» և այլն։ Նիկոլայ Արսելի «Մութ աշտարակի» պրեմիերան, որը պիտի տեղի ունենար փետրվարին, առժամանակ հետաձգվել է։ Ֆիլմի բյուջեն կազմել է 60 մլն դոլար, որը, շատերի կարծիքով, փոքր գումար է այս հավակնոտ կինոնախագծի իրականացման համար։ Թերևս, պրեմիերայի հետաձգման պատճառը բավականին ծախսատար գովազդարշավն է, ինչպես նաև այն, որ դեռևս չեն ներկայացվել ֆիլմի պաշտոնական թրեյլերը և պաստառը։ Այս ամենը, իհարկե, ավելի է բորբոքում Քինգի երկրպագուների հետաքրքրությունն ու անհամբերությունը։
Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են բրիտանացի դերասան Իդրիս Էլբան, օսկարակիր Մեթյու ՄըքՔոնահին և կանադուհի Քեթրին Ուիննիքը։ Ինքը՝ Սթիվեն Քինգը հանդես է եկել որպես ֆիլմի պրոդյուսեր։