Ամերիկացի ճանաչված դերասանուհի Թիփի Հեդրենը, ում հանդիսատեսը լավ է հիշում Ալֆրեդ Հիչքոկի «Մարնի» և «Թռչունները» ֆիլմերի շնորհիվ, վերջերս հրատարակել է ինքնակենսագրական գիրք, որի էջերում հանրահայտ ռեժիսորին մեղադրել է նկարահանումների ժամանակ իր հանդեպ սեռական ոտնձգություններ կատարելու համար։
Երբեմնի գեղեցկուհի Թիփին այժմ
86 տարեկան է, և նրան արդարացիորեն կարելի
է համարել դերասանական հայտնի դինաստիայի
հիմնադիր, քանի որ հանդիսանում է Անտոնիո
Բանդերասի նախկին կնոջ՝ հոլիվուդյան
աստղ Մելանի Գրիֆիթի մայրը և նորահայտ
աստղ Դակոտա Ջոնսոնի («Մոխրագույնի 50
երանգները», «Սոցիալական ցանց») տատիկը։
1963թ-ին Հիչքոկը նրան նկատում է
հեռուստաշոուներից մեկի ժամանակ և
հրավիրում է նկարահանվելու իր «Թռչունները»
հանրահայտ ֆիլմում, որը Թիփիին պարգևում
է «Ոսկե գլոբուս»՝ լավագույն դեբյուտի
համար։ Ավելին՝ Թիփիի հերոսուհուն
ընդգրկում են բոլոր ժամանակների 100
լավագույն կինոկերպարների ցանկում։
Շիկահեր գեղեցկուհին անմիջապես լայն
ճանաչում է ձեռք բերում։ Մեկ տարի անց
Հիչքոկը նրան նկարահանում է «Մարնի»
թրիլերում՝ Շոն Քոներիի հետ միասին։
![]() |
Դակոտա Ջոնսոնը, Թիփի Հեդրենը և Մելանի Գրիֆիթը |
Թվում է՝ խոստումնալից դերասանուհու
համար հետագա փայլուն կարիերան երաշխավորված
էր, սակայն նա, հրաժարվելով Հիչքոկի մյուս
գործնական առաջարկներից, անակնկալ կերպով
խզում է համագործակցությունը և այլևս
հանդես չի գալիս նշանակալից դերերով, եթե
չհաշվենք Չառլի Չապլինի «Կոմսուհին
Հոնկոնգից» ֆիլմը, որտեղ նա նկարահանվել
է երկրորդական դերում։ Տարիներ անց
դերասանուհին իր գրքում բացահայտել է
Հիչքոկի հետ հարաբերությունների խզման
և իր կինոկարիերայի ձախողման պատճառները։
Նշելով, թե Հիչքոկին համարում է հրաշալի
ռեժիսոր և մեծ վարպետ՝ Թիփի Հեդրենը
միաժամանակ խոստովանել է, որ նրա հետ
աշխատանքն անտանելի էր դարձել, քանզի
ռեժիսորն իրեն անընդհատ անհանգստացնում
էր սեռական բնույթի ոտնձգություններով
ու առաջարկներով, իսկ հերթական մերժումը
ստանալիս դաժանորեն վրեժխնդիր էր լինում
նկարահանման հրապարակում։
![]() |
Թիփի Հեդրենը |
«Այդ ժամանակ ես երիտասարդ էի
և վախենում էի որևէ մեկին պատմել կատարվածի
մասին՝ մտածելով, թե ինձ չեն հավատա և
հաշվի կառնեն Հիչքոկի մեծ հեղինակությունը։
Միակ տարբերակը մեծ կինոյից հեռանալն
էր․․․»,- գրում է Հեդրենը։ Ռեժիսորի և
դերասանուհու վիճաբանությունները
հետզհետե ավելի թեժ էին դառնում։ Ի վերջո,
Հիչքոկը, Հեդրենի խոսքերով, նրան սպառնում
է, որ եթե շարունակի ընդդիմանալ, ապա այլևս
չի նկարահանվի ոչ մի ֆիլմում։ Այդուհանդերձ,
դերասանուհին, լույս սփռելով իր ձախողված
կարիերայի հանգամանքների վրա, նշում է,
թե ինքը վաղուց ներել է Հիչքոկին և նույնիսկ
ներկա է եղել նրա հուղարկավորությանը՝
հարգելով նրա ռեժիսորական մեծությունը
և անուրանալի դերը կինեմատոգրաֆում։