Հոնկոնգցի հանրահայտ ռեժիսոր Վոնգ Կար-Վայը ստեղծագործական երեքամյա դադարից հետո պատրաստվում է ֆիլմ նկարահանել Gucci նորաձևության կայսրության վերջին ժառանգ Մաուրիցիո Գուչիի՝ 1997թ-ին տեղի ունեցած սպանության մասին։
58-ամյա ռեժիսորը, ում յուրաքանչյուր նոր ֆիլմին անհամբերությամբ են սպասում կինոսերները, 2013թ-ին նկարահանված և մի շարք մրցանակների արժանացած «Մեծ վարպետը» մարտական դրամայից հետո խորհրդավոր լռություն էր պահպանում՝ իրեն բնորոշ բծախնդրությամբ փնտրելով համապատասխան սյուժե հաջորդ ֆիլմի համար։ Օրերս հայտնի դարձավ, որ այդ սյուժեն գտնվել է, ընդ որում՝ խոսքը բավականին աղմկահարույց սյուժեի մասին է, քանի որ ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող Gucci նորաձևության տան վերջին ժառանգի պատվիրված սպանությունը ժամանակին ալեկոծել էր ողջ համաշխարհային հանրությանը՝ չիջնելով մամուլի էջերից։
![]() |
Մաուրիցիո Գուչին և Պատրիցիա Ռեջանին |
Հայտնի է, որ 45-ամյա Մաուրիցիոյին մահվանից որոշ ժամանակ առաջ բաժնետերերի խորհուրդը հեռացրել էր ընկերության ղեկավարի պաշտոնից՝ հաշվի առնելով այն փաստը, թե նա իր սխալ բիզնես-ռազմավարության պատճառով սնանկացման ինչպիսի աղետալի վիճակի էր հասցրել լեգենդար ապրանքանիշը։ Նրա սպանությունից հետո ձերբակալված նախկին կինը՝ Պատրիցիա Ռեջանին դատապարտվել էր 29 տարվա ազատազրկման և 2013թ-ին պայմանական ազատ արձակվել։ Պատրիցիան, ով ժամանակին եղել էր չքավոր ընտանիքից և, չնայած ամուսնալուծությունից հետո իրեն բաժին հասած կարողությանը, նախկին ամուսնուն չէր կարողացել ներել նոր սիրավեպն ու մոտալուտ երկրորդ ամուսնությունը, այդ քայլին դիմել էր «իր երեխաներին հասանելիք ժառանգության իրավունքը պահպանելու նպատակով»։