Ամերիկացի ճանաչված ռեժիսոր Ուես Անդերսոնը գալիք Սուրբ Ծննդյան տոների թեմայով իր նոր կարճամետրաժ ֆիլմում նկարահանել է օսկարակիր դերասան Էդրիան Բրոուդիին։
«Գրանդ Բուդապեշտ հյուրանոցը», «Անզուգական միսթր Ֆոքսը», «Լիալուսնի թագավորությունը» և այլ հանրաճանաչ ֆիլմերի ռեժիսոր Ուես Անդերսոնը որոշել է Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ փոքրիկ անակնկալ մատուցել իր երկրպագուներին և նկարահանել է կարճամետրաժ ֆիլմ՝ H&M: Come Together անվանմամբ։
Գրեթե 4-րոպեանոց այս կարճամետրաժը, ինչպես արդեն իսկ պարզ է ֆիլմի անվանումից, հանդիսանում է շվեդական հանրահայտ H&M նորաձևության ապրանքանիշի տոնական գովազդային հոլովակը, սակայն նկարահանված է այնքան գեղեցիկ և այնքան ամբողջական է իր հակիրճ ասելիքի մեջ, որ այն չես ընկալում որպես գովազդ, այլ ընկալում ես որպես ինքնատիպ և դրական տրամադրություններով հագեցված փոքրիկ ֆիլմ։ Ուես Անդերսոնը, իհարկե, ռեժիսորի լավագույն տարբերակն էր H&M-ի համար, քանի որ նա, բացի իր վառ արտահայտված ռեժիսորական ոճն ունենալուց, նաև չափազանց նրբաճաշակ է հաճախ սյուրռեալիզմի հասնող գույների և գունային համադրությունների ընտրության հարցում։ Պատահական չէ, որ մինչ այժմ Անդերսոնը ոչ միայն աշխատել է կարճամետրաժի ձևաչափում, այլև աշխատել է հենց մի շարք հայտնի ընկերությունների համար՝ American Express, AT&T, Hyundai, Stella Artois, SoftBank և այլն։
Նոր կարճամետրաժը հանդիսանում է մի գեղեցիկ ու գունագեղ պատմություն այն մասին, թե ինչպես է Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին ուղևորական գնացքը հայտնվում ձմեռային փոթորկի մեջ և հարկադրված է լինում 12 ժամով ուշացնել իր ժամանումը մոտակա կայարան, սակայն գնացքի հնարամիտ ուղեկցորդը՝ Էդրիան Բրոուդիի դերակատարմամբ, գտնում է լուծումը՝ ուղևորների համար տոնական սեղան պատրաստելու համար, և նրանց հնարավորություն է տալիս հենց գնացքում միասին նշելու Սուրբ Ծնունդը։