«Նկարչությունը ցավի եզրին արվող աշխատանք է»: Ամեդեո Մոդիլիանի

ռեժիսոր՝ Ժակ Բեքեր
սցենարի հեղինակներ՝ Ժակ Բեքեր, Միշել-Ժորժ Միշել
օպերատոր՝ Քրիստիան Մատրա
կոմպոզիտոր` Պոլ Միզրակի
դերերում՝ Ժերար Ֆիլիպ, Լիլի Պալմեր, Անուկ Էմե, Լինո Վենտուրա, Լեա Պադովանի
արտադրությունը՝ Ֆրանսիա, Իտալիա, 1958թ
տևողությունը՝ 1ժ 48ր
Ֆիլմում ներկայացված է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի նշանավոր գեղանկարիչներից մեկի, էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ Ամեդեո Մոդիլիանիի կյանքը, մասնավորապես՝ այդ կարճատև, խենթ ու ողբերգական կյանքի վերջին շրջանը։ Հրեական ծագումով իտալացի մեծ նկարիչը փորձում է իր տեղը գտնել և հասկացվել արվեստների քաղաք Փարիզում, սակայն նրա գեղանկարչությունն ըստ արժանվույն գնահատվում է միայն մահվանից հետո։ Իսկ մինչ այդ Մոդիլիանին կյանքում և ֆիլմում ապրում է իր ծանր օրերը, որոնց առաջացրած ցավը փորձում է խեղդել ոգելից խմիչքով և ափիոնով։ Նրա կյանքի լուսավոր կետը դառնում է ունևոր ընտանիքում ծնված, սակայն բոլոր պայմանականությունները մերժած Ժաննա Հեբյուտերնը, ով իր ընտանիքի արգելքին ընդդիմանալով՝ նվիրվում է Մոդիլիանիին և մինչև վերջ մնում նրա կողքին․․․
- Ֆիլմը նվիրված է Մաքս Օֆյուլսի հիշատակին, ով պետք է լիներ ֆիլմի ռեժիսորը, սակայն մահացավ, և նրան փոխարինեց Ժակ Բեքերը: 2 տարի անց մահացավ նաև Բեքերը:
- 35-ամյա Ժերար Ֆիլիպը խաղում է 35-ամյա Մոդիլիանիի դերը: Ֆիլիպը մահացավ 36 տարեկան հասակում` Փարիզում, ինչպես և Մոդիլիանին:
- «Մոնպառնաս-19» ֆիլմում իր առաջին դերն է խաղում 23-ամյա Պիեռ Ռիշարը: Նրան կարելի է տեսնել ֆիլմի սկզբում՝ մի քանի վայրկյան: Հաջորդ անգամ Ռիշարը մեծ էկրանին կերևա միայն 5 տարի անց:
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ