Kinoversus-ը հիմնովին փոխեց մեր կյանքը, և ուզում ենք հավատալ, որ իր գոյությամբ դրական փոփոխություն է բերել նաև մեր ընթերցողների կյանք։
2016-ի հունվարյան օրերին վերջապես հաջողվեց իրականություն դարձնել մի երազանք, որը վաղուց էինք փայփայում․ ճշմարիտ, բարձրարժեք կինոյի մասին մարդկանց ստվար զանգվածի հետ խոսելու հնարավորություն։ Այդպիսի հնարավորություն մեզ կարող էր ընձեռել համացանցը, և հենց համացանցում էլ ծնունդ առավ Kinoversus-ը։ Այսօր Kinoversus-ն արդեն 1 տարեկան է։ Այն հիմնովին փոխեց մեր կյանքը, և ուզում ենք հավատալ, որ իր գոյությամբ դրական փոփոխություն է բերել նաև մեր ընթերցողների կյանք։
Մեկ տարվա տքնաջան աշխատանքից հետո հետադարձ հայացք նետելով մեր առաջին քայլերին՝ այժմ արդեն ժպիտով ենք հիշում մեր կասկածները, թե՝ հանրությանն այսօր մատուցվող հիմնականում ցածրարժեք կինոարտադրանքի առկայության պայմաններում գուցեև չհաջողվի մեծ լսարան ունենալ։ Սակայն կարճ ժամանակ անց համոզվեցինք, որ դրանք անհիմն կասկածներ էին։ Իսկ ամենակարևորը՝ մեզ համար բացահայտեցինք մի փաստ, որն ուղերձի տեսքով կցանկանայինք փոխանցել բոլոր նրանց, ովքեր ինքնավստահորեն համարում են, թե մեր հասարակությունը որակյալն անորակից չի տարբերում և կարող է բավարարվել միայն հեռուստասերիալներով, շոուներով, անարժեք մշակույթով։ Մեր հանրության շատ մեծ հատվածը՝ առանց տարիքային սահմանափակման, ունի և՛ գեղարվեստական ճաշակ, և՛ գիտելիք, և՛ պահանջ ու ցանկություն՝ լավագույնը դիտելու, ընթերցելու, ունկնդրելու և գնահատելու։ Անհրաժեշտ է պարզապես համարձակություն ունենալ՝ մարդկանց մատուցելու այդ լավագույնը։ Kinoversus-ն իր փոքրիկ առաքելությամբ հաստատեց այս ճշմարտությունը։
Ծնունդ առնելով որպես երկու արվեստասեր անձանց անհատական նախաձեռնություն՝ առանց որևէ հովանավորության կամ օժանդակության, Kinoversus-ն արագորեն համալրվեց հիանալի թիմակիցներով ու գործընկերներով։ Կան պարզապես լավ ընկերներ, բայց կան նաև համախոհ ընկերներ։ Այս երկրորդը դժվարությամբ գտնվող հարստություն է, որը մեր պարագայում, գուցեև, չէր լինի, եթե չլիներ Kinoversus-ը։ Մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում ձեր համակրանքի, ուշադրության, ջերմ նամակների և ընկերական աջակցության համար։

Սիրով՝
Kinoversus-ի խմբագրակազմ