«Մի՛ ձգտեք լինել հանրահայտ։ Եղեք լոկ այն, ինչը հպարտության զգացում կպարգևի ձեր ծնողներին»։ Մերիլ Սթրիփ
![]() |
«Մանհեթեն», 1978թ |
***
Ես ամենևին էլ միշտ չէ, որ երջանիկ եմ, պարզապես հանրության ու լրագրողների առաջ միշտ ներկայանում եմ երջանիկ։ Մինչդեռ իրականում չափազանց դժվարահաճ եմ, կարող եք հարցնել ամուսնուս։
***
Հագուստն ինձ համար բնավորության գիծ է, իմ մի մասնիկը։ Իսկ նորաձևությանը չեմ հետևում և դրա միտումներից ոչինչ չեմ հասկանում։
***
Մայրությունը մի հետաքրքիր առանձնահատկություն ունի․ շուրջդ բոլորը զմայլվում են և ցանկանում իրենք էլ ունենալ այնպիսի «ընտանի գազանիկ», ինչպիսին քոնն է, բայց միայն դու ես, որ օրվա ընթացքում կրում ես այդ «գազանիկի» ամբողջ հոգսը։
![]() |
«Սիրահարները», 1984թ |
Կարծում եմ՝ յուրաքանչյուրը պիտի գտնի իր սեփական ուղին։ Յուրաքանչյուրն ունի իր կանոնները, աշխարհի և սեփական անձի ընկալման իր ձևը։ Ոչ թե այն, ինչ հուշում են մայրը, ընկերը, գործընկերը կամ որևէ ուրիշ մեկը, այլ այն, ինչ ասում է քո ներքին ձայնը։ Ի վերջո, հենց դա էլ քեզ դարձնում է երջանիկ։
***
Եթե ունես ուղեղ, դու պարզապես պարտավոր ես օգտագործել այն ըստ նշանակության։
***
Իմ խորհուրդն է՝ այդքան երկար ժամանակ մի՛ ծախսեք անթերի մաշկ ու անթերի մարմին ունենալու համար։ Ավելի լավ է՝ մտածե՛ք, թե առհասարակ ի՞նչ եք արել այս կյանքում, ի՞նչ ձեռքբերումներ ունեք։
***
![]() |
«Կրամերն ընդդեմ Կրամերի», 1979թ |
***
Միջոցառումներից մեկի ժամանակ ցուցադրում էին կադրեր իմ վաղ շրջանի ֆիլմերից։ Ես նայում էի և տեսնում ընդամենը երիտասարդ սիրունատես կնոջ, ում մտահոգում էր լոկ այն, թե արդյոք չափազանց գեր չէ՞ կամ քիթը չափից դուրս մեծ չէ՞։ Այդ պահին ես ասես դիմում էի ինձ՝ երիտասարդ տարիքում․ «Պարզապես թուլացի՛ր ու հաճույք ստացիր, և ամեն ինչ կլինի գերազանց»։
***
Ինձ դուր է գալիս այն, ինչ դարձել եմ։ Ոմանց, գուցեև, դուր չի գալիս, բայց ես ինձ զգում եմ ավելի ազատ ու անկաշկանդ։ Ընդունե՛ք ձեր տարիքն առանց վախենալու, չէ՞ որ կյանքն այնքան թանկ է։ Երբ ժամանակի ընթացքում սկսում եք կորցնել ձեզ շրջապատող մարդկանց, հասկանում եք, որ ձեր ապրած յուրաքանչյուր օրը նվեր է։
***
Ես չէի պատրաստվում հենց այսպես «թքել» բախտի երեսին, և դա, իրոք, չափազանց հանդուգն քայլ էր։ Նրանք ինձ դասեցին նույն շարքում, որտեղ Լյուսիլ Բոլլն էր, Օդրի Հեփբերնը, Քեթրին Հեփբերնը․․․ Ախր ինչպե՞ս կարող էր ինձ հետ նման բան կատարվել։
![]() |
«Եղջերուների որսորդը», 1978թ |
Ես սիրում եմ նկարահանվել կատակերգություններում, բայց ինձ ուզածիս չափով հնարավորություն չեն տալիս դա անելու։ Հենց այդ պատճառով էլ խենթանում եմ իմ «Մանջուրական թեկնածուն» ֆիլմի համար, որովհետև այն ինձ թույլ տվեց լինել զավեշտալի։
***
Մի անգամ ինձ ասացին, թե պրոդյուսերները կինոստուդիաներում չեն սիրում դեր վստահել այն աղջիկներին ու կանանց, ովքեր նրանց հիշեցնում են իրենց նախկին սիրուհիներին։ Դա նրանց տհաճություն է պատճառում։ Նրանք նախընտրում են նոր համակրելի դեմքերում փնտրել իրենց ապագա զուգընկերուհիներին։
***
Ես միշտ գիտակցել եմ, որ հիվանդագին կապվածություն ունեմ իմ ընտանիքի հետ։ Դա ինչ-որ առումով նման է կրոնական կամ որևէ այլ մոլուցքի։ Դրա համար էլ ի սկզբանե փնտրում էի ճիշտ մարդու՝ ընտանիք կազմելու նպատակով։ Ինձ պարզապես չեմ պատկերացնում միայնակ։
***
Չգիտեմ, թե ինչ կանեի առանց իմ ամուսնու։ Հավանաբար կմեռնեի, գոնե հուզական առումով՝ հաստատ։ Հիմա էլ չեմ պատկերացնում, թե մեր ճանապարհները կարող էին չխաչվել։ Չէ՞ որ նա ամեն իմաստով հանճարեղ է։
![]() |
«Սոֆիի ընտրությունը», 1982թ |
Ես կուտակել եմ արական և իգական սեռի տարբեր ռեժիսորների հետ աշխատելու մեծ փորձ։ Եվ ինձ թվում է, թե մարդիկ կնոջից ստացած ուղիղ հրահանգը, խնդրանքը կամ սպառնալիքը ավելի դժվարությամբ են ընկալում։ Չգիտես ինչու՝ դա համարվում է անընդունելի։
***
Թատերական դպրոցում մի կարևոր դաս յուրացրի։ Ուսուցիչը մեզ հարցրեց․ «Ձեզ համար ի՞նչ է նշանակում թագուհի լինելը»։ Բոլորը սկսեցին խոսել կեցվածքի ու հեղինակության մասին։ Իսկ նա ասաց․ «Ո՛չ, դա այն է, թե ինչպես է սենյակում փոխվում մթնոլորտը, երբ մուտք եք գործում Դուք»։
***
Հաճելի կլիներ, որ երկրի նախագահը լիներ կին։ Ես հիմա էլ ցանկանում եմ, որ սենատի ու խորհրդարանի անդամների կեսը կազմեն կանայք։ Բայց, ցավոք, դա երբեք տեղի չի ունենա։
***
Ես «Օսկարի» եմ ներկայացվել 16 անգամ և շահել եմ 3 անգամ։ Ինձ միշտ թվում է, թե այդ ամենը կատարվել է մեկ ուրիշի հետ։ Այդ իսկ պատճառով ցանկանում եմ նորից վերապրել նույնը։
![]() |
«Ֆրանսիացի լեյտենանտի կինը», 1981թ |
Իմ խոհարարական ամենամեծ նվաճումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ սիրահարվեցի ամուսնուս։ Մենք հանգստանում էինք ծովափնյա մի տնակում, և ես առանց որևէ բաղադրատոմսի պատրաստեցի չափազանց համեղ թխվածք։ Նա մինչ օրս խնդրում է նորից ստանալ նույն որակը, բայց այլևս չի ստացվում։
***
Կարծում եմ՝ իմ մարմնավորած բոլոր կերպարներն էլ հիասքանչ են, բայց Մարգարեթ Թետչերի դերն ինձ համար առանձնահատուկ էր, քանի որ նրա նկատմամբ հանրության վերաբերմունքն էլ հակասական էր։ Մարդիկ նրան ընկալում էին կա՛մ որպես սրբություն, կա՛մ որպես հրեշ, իսկ ես ցանկանում էի նրա կերպարում տեսնել մարդկային արարած։ Ես երկար ուսումնասիրում էի իմ սեփական բնութագիրը և հասկացա, որ համապատասխանում եմ նրա կերպարին։
***
Ես հետաքրքրասեր եմ, և հենց դա էլ հանդիսանում է դերասանական արվեստի էությունը։ Ինձ պարզապես հետաքրքիր է՝ ի՞նչ է նշանակում լինել ձեզնից յուրաքանչյուրի փոխարեն։