«Շատ ավելի հաճելի է ցանկանալը, քան ունենալը։ Ցանկության պահը, երբ գիտես՝ շուտով իրականություն է դառնալու, ամենափառահեղն է»։ Անուկ Էմե
85 տարի առաջ՝ 1932 թվականի ապրիլի 27-ին ծնվել է ֆրանսիական կինոյի ամենահայտնի դերասանուհիներից մեկը՝ Անուկ Էմեն (իրական անունը՝ Ֆրանսուազ Յուդիտ Սորյա Դրեյֆուս)։ Ֆիլմերում սկսել է նկարահանվել 14 տարեկան հասակից, բայց հայտնի է դարձել 12 տարի անց, երբ խաղացել է Ժաննայի դերը Ժակ Բեքերի «Մոնպառնաս-19» ֆիլմում։ Խոստումնալից դերասանուհուն նկատել է Ֆեդերիկո Ֆելինին և հրավիրել նկարահանվելու իր լավագույն՝ «Քաղցր կյանք» և «Ութ ու կես» ֆիլմերում: Իր կինոկարիերայի ընթացքում Անուկ Էմեն նկարահանվել է այլ ականավոր ռեժիսորների ֆիլմերում ևս, այդ թվում՝ Վիտորիո դե Սիկայի, Ռոբերտ Օլդրիչի, Սիդնի Լյումետի, Ժակ Դեմիի, Բեռնարդո Բերտոլուչիի, Ջորջ Կյուկորի և Ռոբերտ Օլթմենի։
Սակայն շարքային հանդիսատեսի համար Անուկ Էմեն հայտնի է առաջին հերթին որպես Կին՝ Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը» ֆիլմից։ Այս դերի համար նա արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ Դերասանուհին նաև Բրիտանական կինոակադեմիայի (1968թ) և Կաննի միջազգային կինոփառատոնի (1980թ) մրցանակների դափնեկիր է՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, պատվավոր «Սեզար» (2002թ) և բեռլինյան «Ոսկե արջ» (2003թ) մրցանակների դափնեկիր՝ կինոարվեստում ունեցած բացառիկ ներդրման համար։
«Տիեզերական շարժումն այնքան հուզիչ չէ, որքան ախոռի անկյունում ճնճղուկի մահվան մասին մտորող փոքրիկ երեխան»։
Անուկ Էմե և Հովսեփ Քարշ
«Շատ ավելի հաճելի է ցանկանալը, քան ունենալը։ Ցանկության պահը, երբ գիտես՝ շուտով իրականություն է դառնալու, դա է ամենից փառահեղը»։
Անուկ Էմեն և Ալբերտ Ֆիննին՝ իրենց ամուսնության օրը
«Շատերն աղոթում են, որ ամուսնանան իրենց սիրած մարդու հետ։ Ես խոնարհաբար աղոթում եմ Բարձրյալին՝ թող որ սիրեմ այն մարդուն, ում հետ կամուսնանամ»։
Անուկ Էմե, Ժակ Դեմի և Անյես Վարդա
«Տղամարդկանց հետ հարաբերություններում ամենից շատ չեմ հանդուրժում կեղծիքը և անհարգալից վերաբերմունքը։ Եթե ապրում ես մարդու հետ և չես սիրում նրան, դա գռեհիկ է և ստոր»։
Անուկ Էմե և Սիդնի Լյումետ
«Իմ կարիերան ձեզ չի՞ տպավորում։ Հապա նայեք իմ մասնակցությամբ նախագծերի քանակությանը, տեսեք, թե ինչ մարդկանց հետ եմ ես աշխատել․․․»։
Ժակ Բեքեր և Անուկ Էմե
«Որոշ դերեր ես վերցրել եմ առանց հավանելու, քանի որ ցանկացել եմ աշխատել տվյալ ռեժիսորի, օրինակ՝ Օլթմենի, հետ։ Բայց, ի վերջո, ես քիչ դերեր եմ մերժել, չէ՞ որ ինձ փող էր պետք»։
Օմար Շարիֆ և Անուկ Էմե
«Միշտ էլ ավելի գերադասելի է ունենալ քիչ տեսարաններ լավ ռեժիսորի մոտ, քան շատ տեսարաններ վատ ռեժիսորի մոտ»։
Ժաննա Մորո, Անուկ Էմե և Մորիս Ռոնե
«Մարդու ներքին գեղեցկությունը հնարավոր է գնահատել միայն նրա հասունանալուն զուգահեռ»։
Օդրի Հեփբերն և Անուկ Էմե
«Որքան տարիներն անցնում են, այնքան քիչ բան գիտեմ ես»։
Անուկ Էմե, Կոկո Շանել և Մարի-Հելեն դե Ռոթշիլդ
«Իր ողջ արտաքին զսպվածությամբ հանդերձ՝ Ֆելինին այնպիսի՜ մի հրաբուխ էր։ Նա կարող էր հայտարարել, որ Անուկ Էմեն իր ճանաչած լավագույն դերասանուհին է (Ջուլյետա Մազինայից հետո, իհարկե), իսկ 5 րոպե անց պնդել, որ ես ամենաանտաղանդ դերասանուհին եմ»։
Մարչելո Մաստրոյանի, Անուկ Էմե և Ֆեդերիկո Ֆելինի
«Մաստրոյանիի հետ նույնպես այնքան լավ էր․ նրանք երկուսով կանչում էին ինձ․ «Արի՜, պիցցան պատրաստ է»։ Հիմա ինձ թվում է՝ ավելի լավ օրեր իմ կյանքում չեն եղել։ Շատ եմ կարոտում նրանց՝ և՛ Ֆեդերիկոյին, և՛ Մարչելոյին, նրանց հետ իմ կյանքը շատ ավելի հետաքրքիր էր և գունեղ»։
Մարչելո Մաստրոյանի և Անուկ Էմե