«Նույնիսկ այսօր նա չի ամաչում խոստովանել, որ ծնկի է իջել՝ երկնքի հանդեպ երախտագիտությամբ լցված սրտով, քանզի իրեն բախտ է վիճակվել ապրելու հենց այս դարաշրջանում․․․»։ «Չինական ռուլետկա», ռեժ․՝ Ռայներ Վերներ Ֆասբինդեր, 1976թ

ռեժիսոր՝ Ռայներ Վերներ Ֆասբինդեր
սցենարի հեղինակ՝ Ռայներ Վերներ Ֆասբինդեր
օպերատոր՝ Միխայել Բալհաուս
կոմպոզիտոր` Պեր Ռաբեն
դերերում՝ Աննա Կարինա, Մարգիտ Կարստենսեն, Բրիգիտա Միրա, Ուլլի Լոմել, Ալեքսանդր Ալերսոն, Ֆոլկեր Շպենգլեր, Անդրեա Շոբեր, Մաշա Մերիլ
արտադրությունը՝ Գերմանիա (ԳՖՀ), Ֆրանսիա, 1976թ
տևողությունը՝ 1ժ 26ր
Ամուսինները պատրաստվում են հանգստյան օրերն անցկացնել միմյանցից անկախ, կինը՝ Միլանում, տղամարդը՝ Օսլոյում։ Սակայն պարզվում, է, որ իրականում երկուսն էլ, իրար մտադրություններից անտեղյակ, ճանապարհվել են նույն վայրը՝ իրենց շքեղ ամրոցը։ Տղամարդն՝ իր սիրուհու հետ, կինն՝ իր սիրեկանի։ Եթե ամուսինների ճակատագրական հանդիպմանը հավելենք այն, որ անակնկալ կերպով նույն ամրոցում է հայտնվում նաև նրանց հաշմանդամ դուստր Անգելան՝ իր համր դաստիարակչուհու հետ, ապա առանց ավելորդ խոսքերի էլ պարզ կդառնա, թե ինչպիսի կրքեր են բորբոքվելու այդ տարօրինակ հավաքի մասնակիցների միջև։ Թերևս, զարմանալի չէ, որ ամենախելացի ու հավասարակշիռ անձը, այնուամենայնիվ, հաշմանդամ աղջիկն է, ով կոտրում է շփոթմունքի ու անհարմարության պատնեշը՝ իր համար ատելի և եսասեր ծնողներին մղելով անկեղծության։ Սկսվում է «չինական ռուլետկան»՝ ճշմարտության խաղը․․․
Հետպատերազմյան Գերմանիայում տիրող բարքերին և ընտանեկան արժեքներին նվիրված իր ֆիլմը Ֆասբինդերն ավարտում է հռետորական հարցադրմամբ․ «Դուք պատրա՞ստ եք մուտք գործել ամուսնական կյանք և պահպանել հավատարմություն, քանի դեռ մահը չի բաժանել ձեզ»։