լուսանկարում՝ Ուիլյամ Սարոյանը, Ռոս Բաղդասարյանը և դիրիժոր Ջորջ Քեյթսը ձայնագրման ստուդիայում, 1951թ
1951թ-ին հանրահայտ Billboard ամերիկյան ամսագիրը հրապարակեց հերթական հիթ-շքերթի արդյունքները, որոնց ուշի ուշով հետևում էր երաժշտասեր հանրությունը։ Հիթ-շքերթի լավագույն 20-յակի չորրորդ հորիզոնականը զբաղեցրել էր Come On-a My House («Արի իմ տուն») երգը, որի հեղինակներն էին մեծ գրող Ուիլյամ Սարոյանը և նրա զարմիկը՝ հոլիվուդյան հանրաճանաչ դերասան, երգահան և սցենարիստ Ռոս Բաղդասարյանը։ Ռոսը, ով հանդես էր գալիս Դևիդ Սևիլ կեղծանունով, հանրության շրջանում անմիջապես սիրված ու տարածված «Արի իմ տուն» երգով տոնեց իր առաջին հաջողությունը, ապա նկարահանվեց Ալֆրեդ Հիչքոկի «Պատուհան դեպի բակ» ֆիլմում, իսկ «Էլվինը և շերտասկյուռները» հանրահայտ անիմացիոն հերոսների ստեղծմամբ իր անփոխարինելի տեղը գրավեց ամերիկյան կինոարդյունաբերությունում։
«Արի իմ տուն» երգը 1939թ-ին Սարոյանն ու Բաղդասարյանը ստեղծել են հայկական ժողովրդական մեղեդու մոտիվներով և սկզբում հենց իրենք էլ կատարել են։ Սակայն երգի հաղթարշավը սկսվեց այն ժամանակ, երբ հնչեց 1950-ականների ամերիկյան էստրադայի աստղ, երգչուհի և դերասանուհի Ռոզմարի Քլունիի կատարմամբ։ Ռոզմարին, ի դեպ, օսկարակիր դերասան Ջորջ Քլունիի հորաքույրն է։ Դժվար է թվարկել այն բոլոր աստղերին, ովքեր կատարել են լեգենդար Come On-a My House երգը․ նշենք միայն, որ այդ հարուստ ցանկում են Էլլա Ֆիցջերալդը, Դելլա Ռիզը, Ջուլի Լոնդոնը, Էրտա Կիտը, Մադոննան, Բեթ Միդլերը և այլք։ Բազմաթիվ են եղել նաև երգի գործիքային կատարումները։ Երգի տեքստը գրելիս Սարոյանն օգտագործել է մոտիվներ իր «Մարդկային կատակերգություն» վեպից։