հատված «Ազնավուրը Ազնավուրի մասին» գրքից
Գլուխ 4
Սկզբում հորս գինետան հաճախորդները սակավ էին։ Մեկ ուրիշը լիներ նրա տեղը, կնվնվար։ Բայց ոչ հայրս։
Երբեմն էլ, վաճառասեղանի հետևում ծվարած, հաճախորդներին սպասելուց հոգնած, միայնակ, մանավանդ՝ մեկի հետ զրուցելու հնարավորությունից զրկված՝ հայրս հանկարծ իջեցնում էր վերնաշապկի թևքերը, հագնում բաճկոնն ու ասում․
- Շտապի՛ր, վազի՛ր տուն, հագնվի՛ր։ Կինո ենք գնում։
Աիդային ու ինձ կանոնավոր կերպով շաբաթը երկու անգամ կինո էր տանում։ Այն էլ՝ միշտ «Օդեոն» կամ «Սեն Միշել» կինոթատրոնները։
Բոլորովին չեմ հիշում այն առաջին ֆիլմը, որ դիտել եմ։ Անգամ չեմ հիշում՝ հնչյունայի՞ն, թե՞ համր էր այն։ Բայց լավ եմ հիշում, որ ինձ համար կատարյալ հայտնություն էր։ Խոսք չեմ գտնում արտահայտելու այն շլացումն ու ոգևորությունը, որ ապրեցի՝ էկրանի վրա տեսնելով Չառլի Չապլինին, Դուգլաս Ֆերբենքսին, Իվան Մոզժուխինին, Մերի Փիքֆորդին․․․
Էկրանի առաջ նստած, կոնֆետ ծծելով՝ կախարդված դիտում, ապրում եմ միզանսցենով, բեմական զգեստներով, երաժշտությամբ ու դերասանների խաղով։ Չեմ համարձակվում այդ մասին որևէ բան ասել հորս․ գիտեմ, որ դա նրան ցավ կպատճառի։ Բայց ինքս ինձ մտածում եմ, որ սա այլ բան է՝ հայերի խեղճուկրակ բեմադրություններից բոլորովին տարբեր։
Այդ տարիներին է, որ իմ մեջ իսկապես արմատացավ արտիստ դառնալու ցանկությունը։ Մինչ այդ մանկական երևակայություններով էի տարված։
Ինչե՜ր չէի ուզում դառնալ։
Ուզում էի գաղութարարի սաղավարտ հագնել ու գնալ կռվել աֆրիկյան բանակում։ Ուզեցի հրուշակագործ դառնալ, երբ մեր հարևան հունգարացի Ջուազը կրեմ պատրաստել սովորեցրեց ինձ։ Ուզում էի անիվավոր չմշկավազքի չեմպիոն դառնալ, բայց երբ իմ շանը սովորեցրի պարզել թաթն ու գդալից կաթ խմել, միտքս փոխեցի, որոշեցի գազան վարժեցնող դառնալ։
Այդպես էլ հայրս գաղութարարի սաղավարտ չգնեց ինձ համար, և ռազմատենչությունս էլ աստիճանաբար չքացավ։ Ո՛չ հրուշակագործ դարձա, ո՛չ չմշկավազքի չեմպիոն, ո՛չ էլ գազան վարժեցնող։ Բայց արտիստ դարձա։
Հայրս բարեսիրտ մարդ էր։ Ուրախ բնավորություն ուներ․ պաշտում էր երաժշտությունը, խելագարվում էր տանգոյի համար ու անթիվ գիշերներ էր անցկացնում գինետներում ու խաղատներում։
Իշխանավայել թեյափողերը, հրավերքները, այցելությունները մեծ ժողովրդականություն էին բերում նրան։ Ու երբ ինչ-որ մի երգ շատ էր հավանում, փող էր տալիս, նորից պատվիրում։ Ի վերջո, մեծ գումար տալով՝ գնում էր այդ երգի նոտաներն ու տուն բերում։
Հայրս իր ամեն ինչը կիսում էր մեզ հետ՝ շատախոսությունները, սնունդը, վշտերը և ուրախությունները։ Երբ գիշերներն ուշ էր վերադառնում, բոլորիս զարթնեցնում էր, Աիդային նստեցնում դաշնամուրի մոտ, և ընտանյոք ձայններս գլուխներս գցած՝ երգում էինք նրա սիրած երգերը։ Հետո մայրս էր նստում դաշնամուրի մոտ, նվագում-երգում էր։ Իհարկե, մեր հաճախակի «աղմուկ-աղաղակները» հարևաններին դուր չէին գալիս, բայց մենք հո չէինք կարող բոլորին դուր գալ։
Ահա թե ինչու Աիդան ու ես շատ երգեր գիտեինք, որոնք կատարում էինք հայկական հավաքույթներում։ Աիդան երգում էր, ես պարում էի, իսկ հայրս հայ բանաստեղծ Սայաթ-Նովայի երգերն էր երգում ու լացացնում հայ գաղթականներով լի դահլիճը։
Աիդան ու ես մեր ելույթների համար փող չէինք ստանում, պարզապես պրակտիկա էինք անցկացնում ծանրակշիռ մի հասարակության առաջ, որը մեզ տաղանդավոր էր համարում, քանի որ հանդիսատեսը, ինչպես և մենք, հայ էր։
Եվ այսպես՝ հավաքույթից հավաքույթ, տոնից տոն (իսկ դրանք շատ էին) աստիճանաբար սկսեցի ավելի համարձակ դառնալ, այն աստիճան, որ մի օր խիզախություն ունեցա նամակ գրել «Փոքրիկների թատրոնի» տնօրենին՝ խնդրելով լսել ինձ։ Հրավերը չուշացավ։ Մորս ընկերակցությամբ գնացի։ Ահա այդ օրն էր, որ առաջին անգամ հանդիպեցի «հրաշք երեխաների» ծնողներին, ովքեր հիմարության ու սնապարծության մի զզվելի խառնուրդ են։ Անտանելի են հատկապես այդ երեխաների մայրերը, ովքեր իրենց երեխաների միջոցով ուզում են փայլել այն ասպարեզում, որի մասին թաքուն երազել են։
Այնտեղ կային կինոաստղերի նման զուգված-զարդարված աղջնակներ, տղաներ՝ հագնված հանրաճանաչ երգիչների կամ պարողների նման։ Ոմանք աչքի տակով իրար էին զննում, աքլորանում ու ծամածռություններ անում։ Ուրիշները կռվում կամ լաց էին լինում։ Այս անտանելի աղմուկի մեջ մայրերը գովերգում էին իրենց «հրաշք երեխաների» տաղանդն ու արժանիքները։
Իսկ խեղճ մայրս, այս աղմուկի մեջ կորած, վախեցած կանգնած էր մի անկյունում ու լուռ, բայց սիրով ինձ էր նայում։ Ես տարբերվում էի մյուս երեխաներից։ Ես կիրակնօրյա զգեստներ չէի հագել, որովհետև չունեի։ Բացի այդ՝ Ազնավուրյանների համար կիրակի օրը սովորական մի օր էր՝ մյուս բոլոր օրերի նման։ Շաբաթվա բոլոր օրերին նրանք աշխատում էին ծայրը ծայրին հասցնելու համար։
Մայրերն ինձ նայում էին արհամարհանքով։ Իսկ երեխաները՝ ինքնագոհությամբ։
- Հաջո՜րդը,- սանձարձակ ամբոխի աղմուկի մեջ լսվելու համար բղավում էր մեկը։
Ու ամեն անգամ, իրար հրելով, ատամների արանքից իրար անպատվելով, բոլորը միասին վազում էին դեպի դուռը՝ իրենց երեխաների համար մի պայմանագիր, մի դեր կամ մի խոստում պոկելու հույսով։
Մայրս ու ես, այս աղմուկից հեռու, կծկված կանգնած ենք մի անկյունում։ Ժամերն անցնում են, ու արդեն զղջում եմ, որ եկել եմ այստեղ։ Վերջապես բոլոր մայրերն իրենց «փոքրիկ գանձերով» եղան տնօրենի մոտ։ Տնօրենը բացեց դուռն ու ասաց․
- Ո՞վ մնաց։
Լռություն։ Հետո երկչոտ ասացի․
- Ես։
- Ի՞նչ ընդունակություն ունես։
- Պարում եմ։
Գրպանիցս հանեցի դեղնած ու ճմրթված պարտիտուրան ու մեկնեցի դաշնակահարին։
Մայրերի հեգնոտ հայացքների տակ, առանց համարձակվելու որևէ մեկին նայել, կատարեցի ռուսական մի պար։
- Մենա՞կ ես եկել։
- Ո՛չ, մայրիկիս հետ։
- Ո՞ւր է նա։
Ցույց տվի։ Մայրս մոտեցավ։ Ասելու, գովելու, ծախելու ոչինչ չուներ։ Մյուս բոլոր մայրերից տարբերվող այս հեզ ու խոնարհ մորը տնօրենն ասաց․
- Թողեք ձեր հասցեն, մենք ձեզ կգրենք։
Քանի որ ստիպված էինք անվերջ խնայողություն անել, այդ երեկո ոտքով տուն վերադարձանք։ Ծանր էր մորս համար, իսկ ես ինձ շատ նվաստացած էի զգում՝ կյանքումս առաջին անգամ։
Երկու օր հետո նամակ ստացա։ Ընդունված էի։
Այ, դա մի վաստակ է,
Այ, դա մի հրաշք է,
Դա բախտի շնորհ է
Եվ մի զորություն է աստծո ամպրոպի։
Տասնմեկ-տասներկու տարեկան եմ։ Ավելի հասուն ու համարձակ երևալու համար կուլիսներում ծխել սկսեցի։ Ծուխը ներս չէի քաշում, փստացնում էի՝ շրջապատս լցնելով էժանագին ծխախոտի զզվելի հոտով։ Ես երջանիկ էի։ Բեմ էի ուզում բարձրանալ․ ահա բեմի վրա եմ։ Հրճվում եմ։ Լինելով երկչոտ (միշտ էլ երկչոտ եմ եղել)՝ առավել շատ էի կարիք զգում ինձ ցուցադրելու։ Ծնողներիցս թաքուն, սենյակում առանձնացած, պարում էի հայելու առաջ, ինչ-որ դերեր էի խաղում, գրիմ էի անում ու, երևակայական հանդիսատեսի ծափերից շլացած, վեհասքանչ ու հաղթական գլուխ էի տալիս։ Այո՛, արդեն այդքան հեռուն էի տեսնում։
Ես ինձ տեսնում էի արդեն ամեն ազգի վերևում։
Առաջին դերս ստացա թատերական դպրոցում։ Չնայած ամաչկոտությանս՝ շուտ ընտելացա ու դերի մեջ զգացի ինձ։ Մենք կարող էինք դասի նստել առավոտները կամ կեսօրից հետո, մի բան, որ մեզ հնարավորություն էր տալիս փորձերին գնալ։ Հաջորդ օրը կարող էինք ուշ գալ դպրոց, եթե նախորդ օրը երեկոյան ներկայացման էինք մասնակցել։ Երբեմն դասի ժամանակ հնչում էր դպրոցի զանգը՝ ընդհատելով ամեն ինչ։ Ուրախ ու անձկալի իրարանցում էր համակում մեզ՝ ապագա դերասաններիս, ու իրար հրմշտելով՝ սանդուղքն ի վար, թավալգլոր, բակ էինք նետվում։
Երբ զանգը դասի ժամանակ էր հնչում, նշանակում էր, որ դպրոց է եկել ինչ-որ
բեմադրող-ռեժիսոր՝ իր ապագա պիեսի կամ ֆիլմի համար դերակատար ընտրելու։ Դեռ երեխա էինք, սակայն արդեն զգում էինք աչքի ընկնելու ագահ ցանկություն ու նախանձի սուր խայթ, երբ ընտրությունն ընկնում էր հարևանի վրա։
Կարծես կենդանիների շուկա լիներ։ Լուռ շարք ենք կանգնել։ Այցելուն դանդաղ, հանգամանորեն զննում էր մեզ, այնպես, ինչպես ձիու վաճառականը՝ ձիերին։
Ժամանակ առ ժամանակ նույն հարցն էր տալիս։
- Դու ի՞նչ կարող ես անել։
- Ես ակորդեոն եմ նվագում, պարոն։
Մի քանի քայլ ևս։
- Իսկ դո՞ւ։
- Ե՞ս, պարոն։
- Այո՛, դու։
- Ես երգում եմ, պարոն։
Դեռ նոր էի սովորում դպրոցում, երբ ինչ-որ ռեժիսոր աշակերտներին մի քանի հարց տալուց հետո եկավ տնկվեց դեմս․
- Իսկ դո՞ւ։
- Ես ռուսական պարեր եմ կատարում։
- Ուրիշ ոչի՞նչ։
Աստված իմ, էլ ի՞նչ անեմ։ Ուղեղս լարած՝ տենդագին մտածում եմ, թե էլ ինչ կարող եմ առաջարկել՝ այս մարդուն հմայելու համար։
- Ես կարող եմ առոգանություններ նմանակել,- անձկալի ձայնով ասացի ես։
- Նեգրի նման կարո՞ղ ես խոսել։
- Այո՛, պարոն։
Հիշեցի Բամբուլային՝ սևամորթ մի դպրոցականի, ով ինձնից մի քիչ մեծ էր։ Երբ դեռ Սեն-Ժակ փողոցում էինք ապրում, ամեն առավոտ նա սպասում էր ինձ մեր դարպասի առաջ։ Սկզբում ինձ ընկերակցում էր մինչև Սեն-Սևերեն եկեղեցին, որտեղ երգչախմբում էր երգում։ Թեպետ լուսավորչական կրոնին էի պատկանում, սակայն, իմ նախաձեռնությամբ, կաթոլիկ եկեղեցի էի հաճախում։ Դա զվարճացնում էր ինձ, ու ծնողներս էլ չէին արգելում։
Քահանան շատ էր սիրում ինձ։ Ու քաջալերելու համար ամեն առավոտ մի մեծ բաժակ շոկոլադ էր տալիս։ Գուցե հենց այդ բաժակ շոկոլադն էր ինձ ձգում դեպի Սեն-Սևերեն եկեղեցին։
Հետո եկեղեցուց դուրս էի թռչում ու սևամորթ ընկերոջս հետ բռնում դպրոցի ճամփան։ Դպրոց մտնելուց առաջ մտնում էինք նպարավաճառի խանութ, ու այն մի քանի սանտիմը, որ ամեն առավոտ տալիս էր մայրս, ծախսում էինք քաղցրավենիքի վրա, որը և հավասար կիսում էինք ընկերոջս հետ։ Ընկերոջս Բամբուլա մականունն էի տվել, որը նա շատ տարօրինակ էր համարում։
Ես զվարճանում էի՝ կապկելով նրա առոգանությունը, և բաց թողնում բառերի «ռ» տառը։ Բամբուլան պայթում էր ծիծաղից։ Ինձ այնքան էր դուր գալիս փոքրիկ նեգրի նման խոսելը, որ, ի վերջո, դա մոլագարություն դարձավ, ու սկսեցի ամեն տեղ այդպես խոսել։ Ուսուցչուհիս՝ օրիորդ Ժաննան (ում ես էլ էի սիրահարված, ինչպես մյուս բոլոր աշակերտները) և ծնողներս դժկամությամբ էին ընդունում իմ նոր խաղը։
- Եթե կարծում ես՝ սրամիտ է, սխալվում ես,- ասում էր Աիդան՝ նյարդայնացած։
Սրամիտ չէր, բայց հիմա մեծ օգուտ բերեց ինձ։
Ռեժիսորն ինձ առաջարկեց փոքրիկ նեգրի դերը «Շանզ-Էլիզե» ստուդիայում։ Կարճ ասած՝ ինչպես շատերը, ես դարձա մի փոքրիկ գիտուն կապիկ։ Սովորում էի, խաղում ու աշխատավարձս տուն բերում։ Աիդան էլ իր հերթին տուն էր բերում երգով, պարով վաստակած դրամը։ Ու քանի որ հորս գործերը փայլուն չէին, մեր վաստակած փողը ջերմ ընդունելություն էր գտնում։ Բայց չէր բավականացնում։
Հորս գինետունն ուղիղ գծով դեպի քայքայում էր գնում, թեպետ կարճ ժամանակում նա արդեն ձեռք էր բերել մշտական հաճախորդների մի ստվար խումբ։ Դրանք անհագ ծարավիներ էին, ուրախ-զվարթ մարդիկ, ովքեր իրենց օրն անց էին կացնում գինու բաժակի ընկերակցությամբ, հորս հետ աշխարհը վերափոխելիս։ Հայրս նրանց խենթի պես էր սիրում։ Նրանց, մանավանդ, գնահատում էր այն բանի համար, որ անվերջ լսել գիտեին՝ առանց իրեն ընդհատելու կամ հակաճառելու։
Ամեն ինչ կյանքում փոխհատուցվում է։ Բնականաբար, հորս նոր բարեկամները թանկ պիտի նստեին ինձ վրա։ Եվ, իրոք, սկսվեց այն աղետաբեր սխալը, որը «Կովկասը» հասցրեց կործանման։ Նա սկսեց ապառիկ խմիչք բաց թողնել ու ամեն մի չնչին առիթով ճաշկերույթներ սարքել իր հաշվին։ Հայրս նորից սնանկացավ։ Աիդան ու ես այդ մասին իմացանք այն ժամանակ միայն, երբ հայրս սեղանի շուրջ, երկու պատառ հացի արանքում, հայտարարեց․
- Վաղը տեղափոխվում ենք։
Մայրս փնթփնթաց մի քիչ։ Այդքանը։ Նա պետք է նորից կապեր ճամպրուկներն ու բաժանվեր մեր թաղի խանութպաններից, որոնց նա արդեն սովորել էր։ Նման դեպքերում, երբ ամեն ինչ փուլ է գալլիս, երբ չքավորությունը դարանակալ սպասում է, մարդկանց դեմքերը մռայլվում են։ Ում-ում, բայց Ազնավուրյաններին դա չէր վերաբերում։
Մենք տեղափոխվեցինք շատ ցածր առաստաղով մի մութ բնակարան, որի պատերին կանաչ թուղթ էր քաշած։ Բնակարանը գտնվում էր Փարիզի հրեական թաղամասի ճիշտ կենտրոնում։ Բոլոր ընկերներս հրեաներ էին, ու քանի որ այդ ցեղը նույնքան հյուրասեր է, որքան հայերը, հաճախ իրար ճաշի էինք հրավիրում։ Մի նոր երաժշտություն գրավեց իմ ուշադրությունը՝ ռուսականին բավականին մոտ, հայկականից ոչ շատ հեռու։ Իմ կարծիքով՝ այդ նմանությունը գալիս է թախծից, ուրախ դրամատիզմից։ Ես ինձ կատարյալ լավ եմ զգում այդ ինքն իր վրա կուչ եկած շրջապատում, ուր սովորույթները, նույնիսկ խոհանոցը մեզ շատ մոտ է։
Մինչ հայրս դեսուդեն էր ընկնում՝ իր ֆինանսական գործերը կարգավորելու, մայրս հարևանների համար կար էր անում։
Աիդան ընդունվեց պարոն Պրիորի խումբը։
Իսկ ես «Հենրի 4-րդ» պիեսի գործողություններից մեկում հանդես եմ գալիս որպես Հենրի 4-րդ՝ մանուկ հասակում։ Հետո համր մի դեր տարա «Մեծ աղմուկ ոչնչից» պիեսում, ինչից հետո «Օդեոն» թատրոնում դեր ստացա։ Հետո՝ դարձյալ պայմանագիր չունեմ։ Աիդայի օգնությամբ մի քանի երգ պատրաստեցի ու «Պտի Կազինոյից» ունկնդրություն խնդրեցի։
Մերժեցին․ շատ էի երիտասարդ։
(շարունակելի)
COMMENTS