Արևելյան Եվրոպայի երկրներում կինոյի, հեռուստատեսության, համացանցի դաշտը նոր ու ստեղծագործ նախագծերով հարստացնելու նպատակով անցկացվող Adami ամենամյա մրցանակաբաշխությունը այս տարի ևս դռները բացելու է բոլոր հետաքրքիր ու ինքնատիպ նախաձեռնությունների առաջ։
Այս տարի Հայաստանում սպասվում է հետաքրքիր իրադարձություն․ Երևանում Adami-ն անցկացնելու է գիտաժողով, որը կազմակերպվելու է ստեղծագործական սեմինարի ձևով՝ եվրոպական երկրների փորձագետների, Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Գիտաժողովի մասնակից կարող են դառնալ հեռուստալրագրողները, հեռուստաընկերությունների խմբագիրները, հեղինակները և ռեժիսորները, ովքեր աշխատում են տարբեր ձևաչափի ֆիլմերի, ռեպորտաժների կամ մշակութային բազմազանության, ինտեգրման և խաղաղ համակեցության վերաբերյալ հեռուստահաղորդումների ստեղծման ուղղությամբ: «ADAMI երկխոսություն-Երևան» սեմինարն ընդունելու է զարգացման տարբեր փուլերում գտնվող ծրագրերի հայտեր՝ նախնական գաղափարից մինչև մոնտաժի փուլ: Անգլերենով կամ ռուսերենով կազմված հայտերը պետք է բաղկացած լինեն ֆիլմի թեմայի և հերոսների նկարագրությունից, ինչպես նաև պարունակեն իրացման հայեցակարգը: Հայաստանում Adami-ի աշխատանքները համակարգելու է «Սինեմա» շարժապատկերային արվեստների արդյունաբերական և կրթական կենտրոնը։
Նոյեմբերի 4-5-ը տեղի ունենալիք հայաստանյան գիտաժողովին մասնակցելու համար արդեն իսկ իրենց համաձայնությունն են տվել վավերագրական ֆիլմերի հայտնի ռեժիսոր Վիտալի Մանսկին (Լատվիա, Ռուսաստան) և փորձառու պրոդյուսեր ու ռեժիսոր Անժեյ Կլամտը (Գերմանիա): Մասնակցության հրավեր է ուղարկվելու հայաստանյան 15 ներկայացուցիչների, ինչպես նաև 8 ներկայացուցչի՝ Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից և Բելառուսից: Միջոցառումը նպատակ ունի կազմակերպել Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի մասնագետների արդյունավետ հանդիպում, եվրոպական գործընկերների հետ փորձի փոխանակում՝ հետագայում շփման և համագործակցության հեռանկարով:
Adami մեդիա մրցանակը մշակութային բազմազանության շնորհիվ հանդիսանում է Արևելյան Եվրոպայի ամենաբարձր մեդիա մրցանակը: Այն տրվում է լավագույն ֆիլմերի, վիդեո և վեբ կայքերի ստեղծման համար, որոնք, ԵՄ նախաձեռնության շրջանակներում, ներկայացված են Արևելյան համագործակցության երկրների կողմից և նվիրված են բազմազանության, ինտեգրման և խաղաղարարության թեմաներին:
KinoVersus-ը «ADAMI երկխոսություն-Երևան»-ի ինֆորմացիոն հովանավորն է։