«Ահա նստած են երկու կանայք՝ ինձ համար հավասարաչափ թանկ։ Նրանցից մեկի հետ ինձ չի կապում ոչինչ՝ բացի պարտքի զգացումից, իսկ մյուսի հետ ինձ կապում է ամեն ինչ՝ բացի պարտքի զգացումից»։ «Թռիչքներ երազում և արթմնի», ռեժ․՝ Ռոման Բալայան, 1982թ

ռեժիսոր՝ Ռոման Բալայան
սցենարի հեղինակ՝ Վիկտոր Մերեժկո
օպերատոր՝ Վիլեն Կալյուտա
կոմպոզիտոր՝ Վադիմ Խրապաչով
դերերում՝ Օլեգ Յանկովսկի, Օլեգ Տաբակով, Լյուդմիլա Գուրչենկո, Ելենա Կոստինա, Լյուդմիլա Զորինա, Ալեքսանդր Ադաբաշյան, Օլեգ Մենշիկով, Նիկիտա Միխալկով
արտադրությունը՝ ԽՍՀՄ, 1982թ
տևողությունը՝ 1ժ 26ր
Իր 40-ամյա հոբելյանի նախօրեին Սերգեյ Մակարովը փորձում է ամփոփել ապրած տարիների արդյունքը։ Նրան ոչինչ չի գոհացնում՝ ո՛չ կինը, ո՛չ սիրուհին, ո՛չ աշխատանքը, ո՛չ ընկերները։ Նա գիտակցում է, որ 40-ն այն «ճգնաժամային» տարիքն է, երբ արդեն ունես շոշափելի ձեռքբերումներ, բայց երբեմնի արժեքներդ էլ կորցրել են իրենց նշանակությունը։ Կնոջ հետ նրան չի կապում ոչինչ՝ բացի պարտքի զգացումից։ Սերգեյը սիրահետում է երիտասարդ Ալիսային և չի նկատում իրեն անպատասխան սիրահարված գործընկերուհի Լարիսայի զգացմունքը։ Սակայն սրանք նրա կյանքի սոսկ արտաքին իրադարձություններն են, իսկ իրադարձությունների շրջապտույտի առանցքում նրա ներքին դատարկվածությունն է։ Անհարմարավետության ու հոգեկան անբավարարվածության մշտական զգացումը նրան ստիպում է նետվել մի իրավիճակից մյուսը, գործել շրջապատի համար տարօրինակ արարքներ, որոնց նպատակը մեկն է՝ վերագտնել ներքին ներդաշնակությունը։ Սակայն 40 տարեկանում, երբ, թվում է, լավագույն տարիներն անցյալում են, և կյանքը կանգ է առել, այնքան էլ հեշտ չէ ճանապարհն ըստ ցանկության փոփոխելը․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ռեժիսորի վկայությամբ՝ ֆիլմի ստեղծման ընթացքում նկարահանման հրապարակում հնչել է Ֆելինիի «Ութ ու կեսի» երաժշտությունը՝ դերասաններին նույնպիսի տրամադրություն հաղորդելու նպատակով։
- Մինչև գորբաչովյան վերակառուցումը ֆիլմը ցուցադրվել է ընդամենը մի քանի ծայրամասային կինոթատրոններում, իսկ արտերկրի կինոշուկայում այն մեծ հաջողությամբ վաճառվում էր՝ որպես խորհրդային արգելված կինոարվեստի նմուշ։
- Ֆիլմի գլխավոր դերում Օլեգ Յանկովսկու փոխարեն, ըստ սկզբնական մտահղացման, պիտի հանդես գար Նիկիտա Միխալկովը։
- ԽՍՀՄ պետական մրցանակ Օլեգ Յանկովսկուն՝ Սերգեյ Մակարովի դերի համար (1987թ)։
ՖԻԼՄՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ