Ինգմար Բերգմանը՝ Ալբեր Քամյուի «Անկում» վեպի մասին, 1968թ
1968թ-ին «Չապլին» ամսագրի գլխավոր խմբագիր Սթիգ Բյորքմանը հարցազրույցի հրավիրեց Ինգմար Բերգմանին։ Հարցազրույցի դրվագներից մեկը առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում, որովհետև առնչվում է ֆրանսիացի մեծ գրող Ալբեր Քամյուին, ում գրականությամբ Բերգմանը հիացած էր։ Պարզվում է՝ այդ տարիներին արդեն միջազգային ճանաչում ձեռք բերած Բերգմանը ամերիկացի պրոդյուսերից առաջարկ էր ստացել Քամյուի «Անկում» հանճարեղ վիպակն էկրանավորելու վերաբերյալ։ Սակայն ռեժիսորն ինքն էլ, անկախ այդ առաջարկից, ունեցել էր նման մտադրություն։ Նրա խոսքերով՝ Քամյուի հետ համագործակցության հնարավորությունն ինքը համարում էր ֆանտաստիկ գաղափար։ Անկասկած, Բերգմանի նկարահանած ֆիլմն էլ կլիներ ֆանտաստիկ, եթե չխանգարեին ողբերգական հանգամանքները։ Քամյուի մահից ութ տարի անց տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ Բերգմանը պատմել է․ «Ես ու Քամյուն այնքան էինք տարվել այդ գաղափարով, որ նամակագրական կապի միջոցով արդեն պայմանավորվել էինք, թե ինչ ենք անելու։ Ես պիտի ուղևորվեի նրա մոտ, և մենք պիտի միասին գրեինք սցենարը։ Դերասան Բերտ Լանկաստերի հիմնադրած փոքր, բայց հավակնոտ կինոընկերությունը համաձայնել էր ոչ մեծ բյուջե հատկացնել նկարահանումների համար։ Թվում էր՝ իրականացման պահը մոտ է, սակայն հենց այդ ժամանակ Քամյուն զոհվեց ավտովթարից, և ամեն ինչ ձախողվեց։ Լիովին հնարավոր է, որ ստացվեր արժեքավոր ֆիլմ։ Թեպետ դժվարությամբ եմ հավատում, թե կկարողանայի ստանալ իմ պատկերացրած արդյունքը․․․»։