«Նա խելագար չէ, պարզապես նա նման չէ մյուսներին․․․»։ «Կինը ազդեցության տակ», ռեժ․՝ Ջոն Կասավետիս

ռեժիսոր՝ Ջոն Կասավետիս
սցենարի հեղինակ՝ Ջոն Կասավետիս
օպերատորներ՝ Միթչ Բրեյթ, Էլ Ռուբան
կոմպոզիտոր՝ Բո Հարվուդ
դերերում՝ Ջինա Ռոուլենդս, Փիթեր Ֆալկ, Ֆրեդ Դրեյփեր, Լեդի Ռոուլենդս, Քեթրին Կասավետիս, Մարիո Գալլո
արտադրությունը՝ ԱՄՆ, 1974թ
տևողությունը՝ 2ժ 26ր
Կինոքննադատների միաձայն կարծիքով, որին անհնար է չհամաձայնել, այս ֆիլմում ամերիկյան անկախ կինոյի ամենավառ ռեժիսորներից մեկը՝ Ջոն Կասավետիսը ստեղծել է մի կանացի դիմանկար, որը լավագույններից է կինոյի պատմության ընթացքում, իսկ ռեժիսորի կնոջը՝ անգերազանցելի դերասանուհի Ջինա Ռոուլենդսին հաջողվել է ապշեցուցիչ անկեղծությամբ մարմնավորել գլխավոր հերոսուհու կերպարը։ Թվում է՝ ֆիլմի հերոսուհի Մեյբլը որևէ պատճառ չունի ճակատագրից դժգոհելու՝ երեք երեխա, հավատարիմ ամուսին, բարեկեցիկ կյանք։ Սակայն նրա անձնական դրաման, հետզհետե և թաքուն հասունանալով, օրերից մի օր անակնկալ պոռթկումով կոտրում է կանոնակարգված կյանքի բոլոր կաղապարները։ Միայնություն, որը խեղդվում է սիրո կապանքներում, և միայնություն, որը միաժամանակ չի կարող ապրել առանց սիրո։ Հոգսերի հորձանուտում իր «ես»-ը կորցրած՝ Մեյբլը դառնում է անկառավարելի։ Մտերիմ մարդկանց ավելորդ հոգատարությունն ավելի է վատթարացնում նրա վիճակը, քանի որ նա փնտրում է հասկացվածություն և ոչ թե խնամք։ Մեյբլի հաջորդ հանգրվանը դառնում է հոգեբուժարանը, սակայն ամիսներ անց նա վերադառնում է տուն՝ իրեն խելագարության հասցրած իրականություն․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- 1990թ-ին «Կինը ազդեցության տակ» ֆիլմը, որպես մշակութային, պատմական և գեղագիտական արժեք, դարձավ մեկը առաջին 50 ֆիլմերից, որոնք ընդգրկվեցին ԱՄՆ ֆիլմերի ազգային ռեեստրում՝ Կոնգրեսի գրադարանում պահպանվելու համար։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ
- «Ոսկե գլոբուս» մրցանակ Ջինա Ռոուլենդսին՝ կնոջ լավագույն դերակատարման համար։
- «Արծաթե խխունջ» մրցանակ, Միջազգային Կաթոլիկ միության հատուկ հիշատակում, ինչպես նաև մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար՝ Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնում։
ՖԻԼՄՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ