«Երեսուն տարին կատակ չէ, և ամբողջ երեսուն տարի ես սպասել եմ, թե երբ է հայտնվելու թշնամին»։ Դինո Բուցցատի, «Թաթարական անապատը»

ռեժիսոր՝ Վալերիո Ձուրլինի
սցենարի հեղինակներ՝ Ժան-Լուի Բերտուչելի, Անդրե Բրյունելեն, Վալերիո Ձուրլինի
օպերատոր՝ Լուչանո Տովոլի
կոմպոզիտոր՝ Էնիո Մորիկոնե (հատված ֆիլմի երաժշտությունից)
դերերում՝ Ժակ Պերեն, Ջուլիանո Ջեմմա, Վիտորիո Գասման, Ֆերնանդո Ռեյ, Մաքս ֆոն Սյուդով, Ժան-Լուի Տրենտինյան, Ֆիլիպ Նուարե, Ֆրանսիսկո Ռաբալ
արտադրությունը՝ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, 1976թ
տևողությունը՝ 2ժ 20ր
Թաթարական անապատը մի վայր է, ուր իր առաջին մարտական հանձնարարությունը կատարելու նպատակով ուղևորվում է երիտասարդ լեյտենանտ Դրոգոն։ Նրան խնդիր է առաջադրված՝ պաշտպանել ամրոցը, որը մի կողմից շրջապատված է լեռնաշղթայով, իսկ մյուս կողմից՝ անեզր անապատով։ Գլխավոր հերոսը և նրա կայազորը պետք է ուշադիր հսկեն ավազոտ տարածքը, որտեղ, ինչպես նրանք ենթադրում են, թաքնվում է հարձակման նախապատրաստվող թշնամին։ Սակայն օրերը հաջորդում են միմյանց, և ոչինչ տեղի չի ունենում։ Սպասումից հյուծված զինվորականները այլևս չեն հավատում, թե հարձակման սպառնալիքը մի օր իրականություն կդառնա։ Այդուհանդերձ, կայազորում կան նաև այնպիսիք, ովքեր վստահ են, թե թշնամին վաղ թե ուշ դուրս է գալու թաքստոցից․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմը նկարահանվել է իտալացի գրող Դինո Բուցցատիի համանուն վեպի հիման վրա։
- Վեպի էկրանավորման գաղափարն առաջարկել է լեյտենանտ Ջովանի Դրոգոյի դերակատար Ժակ Պերենը, ով դարձել է նաև ֆիլմի պրոդյուսերներից մեկը։
- Սա իտալացի տաղանդավոր ռեժիսոր Վալերիո Ձուրլինիի նկարահանած վերջին ֆիլմն է․ 6 տարի անց Ձուրլինին ինքնասպանություն գործեց։
- Երեք «Դավիթ դի Դոնաթելո» մրցանակ (լավագույն ռեժիսոր, լավագույն ֆիլմ, հատուկ մրցանակ դերասանական վարպետության համար՝ Ջուլիանո Ջեմմային):
- «Արծաթե ժապավեն» մրցանակ՝ լավագույն ռեժիսուրայի համար։
ՖԻԼՄՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ