«Կյանքի և մահվան սահմանին հասնելու համար բանաստեղծին պետք չէ թմրադեղ։ Ռիսկի հանդեպ սերը մեր արյան մեջ է․․․»։ «Թափառող կրակը»

ռեժիսոր՝ Լուի Մալ
սցենարի հեղինակ՝ Լուի Մալ
օպերատոր՝ Գիսլեն Կլոկե
կոմպոզիտոր՝ Էրիկ Սատի
դերերում՝ Մորիս Ռոնե, Ժաննա Մորո, Լենա Սկերլա, Իվոն Կլեշ, Յուբեր Դեշամ
արտադրությունը՝ Ֆրանսիա, 1963թ
տևողությունը՝ 1ժ 48ր
30-ն անց Ալեն Լերուան, ով անցյալում պատերազմել է Ալժիրում, չնայած բոհեմային կյանքի պարգևած ուրախություններին և հարուստ ու գեղեցիկ ամերիկուհու հետ ամուսնությանը, այդպես էլ չի կարողացել բուժվել ընկճախտի ու մելամաղձության նոպաներից, որոնք նրան հասցրել են հարբեցողության, թմրադեղերի և տևական բուժման հիվանդանոցներից մեկում։ Թեպետ բժիշկները նրան վստահեցնում են, թե լիովին առողջ է, սակայն նա իրեն համարում է անբուժելի հիվանդ և պատրաստվում է վերջ տալ կյանքին, որը նրա համար արդեն կորցրել է իմաստը։ Լերուան սկսում է նախապատրաստվել իր ինքնասպանությանը, այցելել բոլոր հին ընկերներին։ Նա ասես փնտրում է գոնե մեկ պատճառ, որն իրեն կստիպեր ապրել, սակայն երբեմնի մտերիմների հետ շփումները նրա մեջ ավելի են խորացնում դատարկության զգացումը․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմը նկարահանվել է ֆրանսիացի գրող Պիեռ Դրիո լա Ռոշելի ստեղծագործության հիման վրա։ Գլխավոր հերոսի կերպարի համար նախատիպ է հանդիսացել սյուրռեալիստ բանաստեղծ Ժակ Ռիգոն, ով եղել է լա Ռոշելի համախոհ ընկերներից մեկը, և ում կյանքին ու մահվանն առնչվող փաստերն էլ ներկայացված են գրքում ու ֆիլմում։ 1920-ականների սկզբում Ռիգոն, լա Ռոշելը և մի քանի դադաիստ հեղինակներ հիմնում են բոլոր ժամանակների, թերևս, ամենատարօրինակ ընկերություններից մեկը՝ Ինքնասպանության գործակալություն, որն իր գոյության 5 ամիսների ընթացքում ծառայություններ է մատուցում կյանքից հեռանալ ցանկացողներին։
- Ֆիլմը սկզբում նկարահանվել է գունավոր, սակայն նկարահանումներից երկու օր անց Մալը փոխել է որոշումը և, ի վերջո, ստեղծել է սև-սպիտակ ֆիլմ, որպեսզի գույները չշեղեն հանդիսատեսի ուշադրությունը։
- Ժյուրիի հատուկ մրցանակ և իտալացի կինոքննադատների մրցանակ Վենետիկի կինոփառատոնում, 1963թ
ՖԻԼՄՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ