«Ես փախչում էի իմ սիրուց, որին սպասել էի մի ամբողջ կյանք»։ «Սև աչեր», ռեժ․՝ Նիկիտա Միխալկով

ռեժիսոր՝ Նիկիտա Միխալկով
սցենարի հեղինակներ՝ Ալեքսանդր Ադաբաշյան, Նիկիտա Միխալկով, Սուզո Չեկի դ՛Ամիկո
օպերատոր՝ Ֆրանկո դի Ջակոմո
կոմպոզիտոր՝ Ֆրանսիս Լեյ
դերերում՝ Մարչելո Մաստրոյանի, Ելենա Սաֆոնովա, Սիլվանա Մանգանո, Ինոկենտի Սմոկտունովսկի, Օլեգ Տաբակով, Մարտա Կելլեր, Յուրի Բոգատիրյով
արտադրությունը՝ ԽՍՀՄ, Իտալիա, 1987թ
տևողությունը՝ 2ժ 01ր
Իտալացի Ռոմանոն երիտասարդության տարիներին ամուսնացել է առանց սիրո, սակայն նա չէր կարող պատկերացնել, որ արդեն հասուն տարիքում սիրահարվելու է մի ռուս կնոջ։ Աննա անունով այդ կինը փոխադարձ զգացմունք է տածում Ռոմանոյի հանդեպ, թեպետ երկուսն էլ ընտանիք ունեն։ Այդուհանդերձ, պարտքի զգացումը հաղթում է, և Աննան, հրաժեշտի նամակ թողնելով Ռոմանոյին, վերադառնում է Ռուսաստան։ Ռոմանոն որոշում է նույնպես մեկնել Ռուսաստան և ամեն գնով գտնել Աննային։ Երկարատև ու արկածներով լի ճանապարհորդությունից հետո նրան հաջողվում է գտնել իր սիրուհուն, ով, ինչպես պարզվում է, բարձրաստիճան պաշտոնյայի կին է։ Ռոմանոն նրան խոստանում է, որ ամուսնալուծվելուց հետո նորից կվերադառնա, և իրենք երջանիկ կլինեն։ Սակայն հասնելով Իտալիա՝ նա թաղվում է հոգսերի մեջ և մոռանում իր խոստման մասին․․․ 8 տարի անց Ռոմանոն իր սիրո մասին պատմում է մի ռուս ճանապարհորդի՝ իր պատահական ծանոթին։ Մի՞թե նա այլևս երբեք չի տեսնելու Աննային, ում այդպես էլ չի կարողացել մոռանալ․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմը նկարահանվել է Անտոն Չեխովի մի քանի պատմվածքների հիման վրա, այդ թվում՝ «Շնիկով տիկինը» հայտնի պատմվածքի։
- 1988թ-ին Մարչելո Մաստրոյանին այս ֆիլմում իր փայլուն դերակատարման համար ներկայացվել է «Օսկարի», սակայն մրցանակն այդ տարի հանձնվել է Մայքլ Դուգլասին։
- Կաննի կինոփառատոնի արծաթե մրցանակ՝ տղամարդու լավագույն դերակատարման համար (Մարչելո Մաստրոյանի):
- Երկու «Դավիթ դի Դոնաթելո» մրցանակ տղամարդու և կնոջ լավագույն դերակատարումների համար (Մարչելո Մաստրոյանի և Ելենա Սաֆոնովա):