«Էտալոն 11» բարձրագույն դպրոցը դասընթացների է հրավիրում 9-30 տարեկան ապագա դերասաններին, սցենարիստներին, ռեժիսորներին։
«Էտալոն 11» դերասանական և ռեժիսուրայի բարձրագույն դպրոցը հիմնվել է ընդամենը վերջերս՝ տարեսկզբին, ոլորտի մի խումբ փորձառու մասնագետների ջանքերով։ Դպրոցի պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 3-ին, իսկ մինչ այդ «Էտալոն 11»-ում շարունակվում է ընդունելությունը։ 1-ամյա դասընթացի մասնակիցների առաջին խումբն արդեն հավաքվել է և այժմ համալրվում է նոր պատանիներով ու երիտասարդներով, ովքեր իրենց մասնագիտական ապագան կապում են կինոյի ու թատրոնի հետ։
Դպրոցում գործելու է երկու բաժին՝ դերասանական և ռեժիսորական, դասերն անցկացվելու են շաբաթը երկու անգամ՝ շաբաթ և կիրակի օրերին։ Ուսուցումը ներառում է նաև արտալսարանային միջոցառումներ, այդ թվում՝ անմիջական մասնակցություն նկարահանումներին (ֆիլմերի, սերիալների, գովազդների)։ Ծրագրվում է կազմակերպել նաև վարպետության դասեր՝ հատուկ հրավիրված հեղինակավոր մասնագետների դասավանդմամբ։ «Էտալոն 11»-ը գտնվում է Հովհ․ Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում (հասցեն՝ Աբովյան 64)։ Հայտերն ընդունվելու են մինչև փետրվարի 15-ը։ Դասընթացի ավարտին, որպես քննական արդյունք, մասնակիցները կհանձնեն ներկայացում երկու գործողությամբ և կարճամետրաժ ֆիլմ՝ ստանալով պետական հավաստագիր։