GAIFF Pro հարթակը հրավիրում է ծանոթանալու ՍինեՄիտք աշխատարանին:
ՍինեՄիտք աշխատարանը նախատեսված է լինելու 10 պրոֆեսիոնալ կինոռեժիսոր/հեղինակի համար, ովքեր աշխատում են իրենց առաջին կամ երկրորդ լիամետրաժ ֆիլմի վրա, և միտված է օգնելու ձեռք բերել հանրային խոսքի և ֆիլմի գաղափարի պատշաճ ներկայացման հմտություններ: ՍինեՄիտք աշխատարանը բացահայտելու է ներկայացված մտքերի առանձնահատկությունները, որոնց աճի համար մտածողության համապատասխան պայմաններ և մոդելներ ստեղծելով՝ մասնակիցներին աջակցելու է մշակել կամ վերափաթեթավորել իրենց պատմություններն ու առավելապես ընդգծել դրանց ազդեցությունը։ Աշխատարանը վարելու է Քրիստինե Սարգսյանը:
Սույն նախաձեռնությունն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակներում:
Քրիստինե Սարգսյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում գործարար հաղորդակցման դասախոս է: Նա հանրային խոսքի, ինչպես նաև կազմակերպությունների զարգացման խորհրդատու է, ով ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ: Քրիստինեն նաև մի շարք կազմակերպչական զարգացման մեթոդների հեղինակ է, որոնք կիրառվել են բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից, հրապարակել է կազմակերպչական զարգացման մեթոդների մի ձեռնարկ, իսկ տեղացի մասնագետների համար հիմնադրել է առաջին կազմակերպչական զարգացման գրադարանը: Հայաստանում TEDxYerevan կոնֆերանսի հիմնադիրը և լիազոր ներկայացուցիչն է, մշակել է արդյունավետ խոսքի միջոցով անձնական զարգացման հասնելու «Մտածի՛ր» ծրագիրը, որը կիրառվել է մի շարք բարձրակարգ մասնագետների և Սիլիկոնյան հովտի startup-ների առաջնորդների դասավանդելիս:
2015թ-ին ճանաչվել է 28 TED-Ed նորարար դասընթացավարներից մեկը, 2017թ-ին, ըստ եվրոպական լրագրողական հետազոտողական տարբեր աղբյուրների, Քրիստինեն ճանաչվել է Արևելյան Եվրոպան փոխող 21 կանանցից մեկը:
[ ԳՐԱՆՑՎԵԼ ]