Երևանի «Գյոթե կենտրոնի» կինոակումբում շարունակվում է Վերներ Հերցոգին նվիրված հանդիպումների շարքը:
Հունիսի 21-ին՝ 19:00-ին, Երևանի «Գյոթե կենտրոնի» կինոակումբում կցուցադրվի գերմանացի մեծ կինոբեմադրիչ Վերներ Հերցոգի «Նոսֆերատու, խավարի ուրվականը» կինոնկարը (Nosferatu: Phantom der Nacht, 1979թ, 107ր), որի գլխավոր դերերում հանդես են եկել հանրահայտ Կլաուս Կինսկին և Իզաբել Աջանին: Քննարկումն ավանդաբար կվարի կինոգետ Գարեգին Զաքոյանը:
Ֆիլմը կցուցադրվի բնօրինակ լեզվով և հայերեն ենթագրերով: Մուտքն ազատ է:
Հերցոգի այս ֆիլմը միաժամանակ և՛ Բրեմ Սթոքերի աշխարհահռչակ «Դրակուլա» վեպի էկրանավորումն է, և՛ 1920-ականների կինոյի մեծագույն վարպետ Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաուի դասական «Նոսֆերատու, սարսափի սիմֆոնիա» գլուխգործոցի վերապատումը:
Այն պատմում է սարսափազդու վամպիր կոմս Դրակուլայի մասին, ով լուսանկարում տեսնելով և սիրահարվելով գեղեցկուհի Լյուսիին՝ տրանսիլվանյան իր կալվածքից դագաղի մեջ մեկնում է գերմանական մի քաղաք՝ իր հետ բերելով մահ ու ժանտախտ:
Իսկ հաջորդ հինգշաբթի՝ հունիսի 28-ին, կցուցադրվի Վերներ Հերցոգի մեծագույն գլուխգործոցը՝ «Ֆիցկարալդոն» (1982):