«Սոսեն» կանդրադառնա Երևանի «Հայրենիք», Եղեգնաձորի «Արագիլ» և Դիլիջանի չգործող կինոթատրոններին։
«Սոսե» միջազգային կինոփառատոնը հետաքրքիր անակնկալ ունի կինոյի այն սիրահարների համար, ովքեր նախընտրում են կինո դիտել մեծ էկրանին։ Կինոփառատոնն այս տարի մտադիր է հիշեցնել մոռացության մատնված ու լքված նախկին կինոթատրոնների մասին։ Եվ ոչ միայն հիշեցնել: Այս անգամ «Սոսեն» կանդրադառնա Երևանի «Հայրենիք», Եղեգնաձորի «Արագիլ» և Դիլիջանի չգործող կինոթատրոններին։
Կինոփառատոնի կազմակերպիչները կշրջեն Հայաստանի տարբեր քաղաքներում և տեղական իրավասու մարմինների հետ կփորձեն միասին լուծել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են կինոթատրոններն իրենց բուն նպատակին ծառայեցնելուն։ Սեպտեմբերի 29-ին առաջին կանգառը Դիլիջանն է։ Այստեղ կազմակերպիչներին կմիանան «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի անդամներն ու Դիլիջանի համայնքային կենտրոնը: Տեխնիկական խնդիրները լուծելուց հետո, սեպտեմբերի 30-ին, Դիլիջանի կինոթատրոնում նախատեսված է առաջին կինոցուցադրությունը՝ էկրան կբարձրանա Ռոման Ժիգալովի «Անտառ» ֆիլմը։ Այնուհետև կհաջորդեն փառատոնային այլ ֆիլմերի ցուցադրություններ ևս։ Նույն սկզբունքով՝ փառատոնի կազմակերպիչները կանգառ կունենան նաև Եղեգնաձորում։ Քաղաքի «Արագիլ» կինոթատրոնի երբեմնի գործունեության մասին կհիշեցվի հարակից հրապարակում կազմակերպվելիք բացօթյա կինոցուցադրությունների միջոցով։
Այս նախաձեռնության գլխավոր ձեռքբերումը կլինի կինոյի սիրահարներին նորից դեպի «Հայրենիք» կինոթատրոն բերելու ավանդույթի վերականգնումը։ Սեպտեմբերի 28-ին «Սոսե» հինգերոդ միջազգային կինոփառատոնը կբացվի այս կինոթատրոնում։ Մոտ երկու ամիս՝ ամեն կիրակի, «Հայրենիք» կինոթատրոնում կլինեն կինոցուցադրություններ։ «Սոսե» միջազգային կինոփառատոնի այս նախաձեռնությունը մշակութային հեղափոխության յուրօրինակ դրսևորում է, արժեքների վերագնահատում և հաստատում։ Կինոփառատոնի կազմակերպիչները վստահ են, որ սա լավ հնարավորություն է՝ ոչ միայն կինոթատրոններին նոր կյանք տալու և կինոն վերադարձնելու մեծ էկրան, այլև զարկ տալու կինոարտադրությանը։ Սա նաև կնպաստի մարզերում մշակութային կյանքը հնարավորինս ակտիվացնելուն։
լուսանկարները՝ wiki-turizm.ru կայքից