Սեպտեմբերի 28-ին «Հայրենիք» կինոթատրոնում տեղի ունեցավ «Սոսե» կինոփառատոնի բացումը։
Երևանի «Հայրենիք» կինոթատրոնը, որը, շատ ու շատ այլ կառույցների պես, պարապուրդի էր մատնված 1990-ական թվականների սկզբից ի վեր, «Սոսե» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչների նախաձեռնության շնորհիվ՝ օրերս ծառայեց ըստ նշանակության, ինչը, հուսանք, խոստումնալից մեկնարկ կդառնա կինոթատրոնի վերանորոգման և հետագա գործարկման համար։
«Սոսեի» բացմանը նախորդեց փառատոնի կազմակերպիչների մամուլի ասուլիսը նույն կինոթատրոնում։ Կինոփառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ռիտա Խալաթյանը, համահիմնադիր և տնօրեն Սիմոն Սահակյանը, վավերագրական ֆիլմերի ծրագրի ղեկավար Սեգ Կիրակոսյանը անդրադարձան մրցութային ֆիլմերի ընտրությանը, կինոցուցադրությունների անցկացման վայրերին, փառատոնի շրջանակներում տեղի ունենալիք միջոցառումներին և այլ թեմաների։ Հիշեցնենք, որ 5 տարի առաջ հիմնադրված փառատոնը այսօր արդեն մեկնարկել է մրցութային փուլ անցած 174 ֆիլմով։ Ընդհանուր առմամբ՝ ստացվել է 742 հայտ 39 երկրից (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրան, Ռուսաստան, Իտալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Նոր Զելանդիա)։ Կազմակերպիչների խոսքերով՝ իրենք փառատոնի շրջանակներում իրականացնելու են մոռացված ու չգործող կինոթատրոնների վերագործարկմանն ուղղված ծրագիր, որը պատասխանատու մարմինների ուշադրությունը կբևեռի այդ կինոթատրոններին նոր կյանք տալու գաղափարի իրագործմանը։ Բացի երևանյան «Հայրենիք» կինոթատրոնից՝ փառատոնը մուտք կգործի նաև Եղեգնաձորի «Արագիլ» և Դիլիջանի կինոթատրոններ։
«Սոսեի» բացման հաջորդ օրը փառատոնի կազմակերպիչներն ուղևորվեցին Դիլիջան, որտեղ նախատեսված էր «Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպության անդամների և Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ միասին կինոդահլիճը տեխնիկապես նախապատրաստել սեպտեմբերի 30-ի ցուցադրության համար։
«Սոսե» միջազգային կինոփառատոնի ժյուրիների կազմում են կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը (Հայաստան), կինոօպերատոր Աշոտ Մովսեսյանը (Հայաստան), կինոռեժիսոր Նինո Կիրտաձեն (Վրաստան), դերասանուհի Զառա Անտոնյանը (Հայաստան), ռեժիսոր և դերասան Սլավա Ստեփանյանը (ՌԴ), ռեժիսոր և դերասանուհի Ջուլիա Կամպանելլին (ԱՄՆ), կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը (Հայաստան), պրոդյուսեր և ռեժիսոր Արմինե Անդան (Հայաստան)։ Կինոփառատոնի ֆիլմերը Երևանում կցուցադրվեն «Հայրենիք» կինոթատրոնում, Նարեկացի արվեստի միությունում, The Club-ում, Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, «Հոդված 3» ակումբում, Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում։