Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմի ու գրքի շնորհանդես «Սոսե» կինոփառատոնի արտամրցութային ծրագրում
«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրում կցուցադրվի ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մարթա Հաուզկիի «Անապատի ագռավները. հերոսի ճանապարհորդությունը Հայոց ցեղասպանության միջով» վավերագրական ֆիլմը։ Նկարահանումներն ավարտվել են 2016թ-ին։ Մեկ ժամ տևողությամբ վավերագրական ֆիլմի հիմքում Լևոն Յոթնախպարյանի հիշողություններն են։
Ֆիլմում ներկայացված են Հայոց ցեղասպանությանը վերաբերող բացառիկ փաստեր, որոնք վկայում են հայերի դեմ կատարված հանցագործությունների և հայ որբերի նկատմամբ ոտնձգությունների մասին։ Ֆիլմն անդրադառնում է Ուրֆայի հայերի ողբերգական տեղահանմանը։ Ներկայացվում են փաստեր Լևոն Յոթնախպարյանի կատարած սխրագործություններից։
Սա անհավանական թվացող, բայց իրական պատմություն է մի մարդու խիզախ պայքարի մասին, ով «կռիվ» էր տալիս ոչ միայն ողջ մնալու, այլև 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից փրկված իր երիտասարդ հայ ընկերներին օգնելու համար։
Պատմությունը բացահայտում է, թե ինչպես տարբեր մշակույթների և հավատքի տեր մարդիկ՝ քրիստոնյա, մահմեդական, իրենց օգնության ձեռքն են մեկնել հայ փախստականներին: Ֆիլմն անդրադառնում է նաև այդ տարիներին հրեաների՝ հայերին օգնելու փաստին։
Այս ֆիլմն ուշագրավ է աշխարհի տարբեր արխիվներից գտնված փաստաթղթերի ու լուսանկարների շնորհիվ։ Դրանք վկայում են գրեթե մեկ դար առաջ Սիրիայի անապատում տեղի ունեցած սարսափելի պատմության ողբերգականության և մարդկային տոկունության մասին։
Ֆիլմի հետ միասին կներկայացվի Լևոն Յոթնախպարյանի հուշերն ամփոփող «Անապատի ագռավները» գիրքը, որի խմբագիրներն են Լևոն և Մարո Փարյանները։ Լևոնը սերում է Յոթնախպարյանների ընտանիքից։ Գիրքը ներառում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայի դրամատիկ պատմությունը՝ Օսմանյան բանակում ծառայության անցնելուց մինչև անապատով փախուստ։ Բայց մեկ անգամ չէ, որ նա վերադառնում է անապատ՝ փրկելու մահվան դատապարտված մոլորյալ ու որբացած հայորդիներին։
Ֆիլմի ցուցադրությունն ու գրքի շնորհանդեսը կանցկացվեն «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ նոյեմբերի 21-ին։ Ներկա կլինի նաև Լևոն Փարյանը, ով աջակցել է ֆիլմի ստեղծմանը։