Փառատոնի շրջանակներում անցկացվեցին ֆիլմերի առցանց պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ, վեբինարներ, ցուցահանդես-մրցույթներ:
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոնը, որը նախատեսվում էր անցկացնել 2020թ.-ի նոյեմբերի 2-12-ը՝ առցանց ձևաչափով, հետաձգվեց պատերազմի ու համավարակի պատճառով: Տարեսկզբին, երբ ընթանում էին փառատոնի նախապատրաստական աշխատանքները, Հայաստանի համար ամենակարևոր խնդիրներից մեկը դեռևս համավարակն էր։ Ըստ այդմ՝ համավարակը հաղթելու կոչը դարձավ փառատոնի նշանաբանը, և փառատոնի ծրագրերն ու աշխատանքները կազմակերպվեցին այդ կարգախոսի շուրջ։ Սակայն սպասվում էր շատ ավելի մեծ փորձություն՝ Արցախյան նոր պատերազմը, որը փոխեց թե՛ ավագ, թե՛ կրտսեր սերնդի կյանքը՝ բերելով մի ուրիշ իրականություն: Հայ զինվորներն ու բժիշկները այդ ծանր ամիսներին հերոսաբար կատարեցին իրենց պարտքը։ Հետպատերազմյան իրավիճակի և համավարակի բարդ պայմաններում «Ռոլան Բիկով» հիմնադրամը որոշում կայացրեց՝ թեպետ փոքր-ինչ ուշացումով, բայց անցկացնել «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը՝ այն նվիրելով Արցախի և Հայաստանի բոլոր երեխաներին։ Այսպիսով, 16-րդ «Ռոլանը» տեղի ունեցավ 2021թ.-ի հունվարի 11-20-ը՝ առցանց ձևաչափով: Փառատոնն ավանդաբար տևում է 5 օր, սակայն, երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, որոշում կայացվեց փառատոնի տևողությունը դարձնել 10 օր: Կազմվեց հետաքրքիր և բովանդակալից փառատոնային ծրագիր:
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնի աջակիցներն էին «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամը, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Երևանում «Գյոթե» կենտրոնը: Շուրջ 30 երկրից ստացված 180 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվեց 62 ֆիլմ՝ 15 երկրից, ցուցադրվեց 46 ֆիլմ։ «Ռոլան» կինոփառատոնի շրջանակներում ներկայացված էր մրցութային և ոչ մրցութային 7 անվանակարգ՝ «Գրան պրի» մրցանակը, «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգը (երկարամետրաժ և կարճամետրաժ), որի ժյուրիի կազմում «Այբ» դպրոցի աշակերտներն էին, «Լավագույն անիմացիոն ֆիլմ» (լիամետրաժ և կարճամետրաժ) անվանակարգը, որի ժյուրիի կազմում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներն էին, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը, որի ժյուրիի կազմում Հայ-ռուսական համալսարանի ուսանողներն էին, «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգը, որի ժյուրիի կազմում Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողներն էին, և «Լավագույն ռուսական ֆիլմ» անվանակարգը․ «Ռոլան» միջազգային փառատոնի այս տարվա մրցութային անվանակարգերին ավելացել էր ևս մեկը՝ «Վիշեգրադի լավագույն ֆիլմ» նոր անվանակարգը, որի հաղթող ֆիլմերը պարգևատրվեցին հատուկ մրցանակներով: Հաղթողին ընտրեցին Գավառի մանկատան սաները:
Փառատոնի շրջանակներում անցկացվեցին ֆիլմերի առցանց պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ, վեբինարներ, ցուցահանդես-մրցույթներ: «Ռոլանի» ընթացքում բացառիկ իրավունքով ներկայացվեցին նաև բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր «Իմ փոքրիկ քույրիկը» խաղարկային ֆիլմի (ռեժ.՝ Ալեքսանդր Գալիբին, Ռուսաստան, 2019թ․), «Երալաշ» մանկապատանեկան ամսագրի ամենանոր թողարկումների (գեղ. ղեկ.՝ Բորիս Գրաչևսկի, Ռուսաստան, 2020թ.), «Վիշապագորգը» անիմացիոն ֆիլմի (ռեժ.՝ Գայանե Մարտիրոսյան, Հայաստան, 2020թ.), «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների ստեղծած «Քուչա» անիմացիոն ֆիլմաշարի պրեմիերաները: Փառատոնի ժյուրիի համար ծրագրում ընդգրկված էր 2019թ.-ի «Օսկար» մրցանակաբաշխությանը առաջադրված «Դուստրը» (ռեժ.՝ Դարյա Կասչեևա, Չեխիա, 2019թ.) ֆիլմը: Այս տարվա փառատոնի հատուկ ցուցադրություններից էր «Հայկական մանկապատանեկան ֆիլմերի» հատուկ ծրագիրը, որի շրջանակներում ներկայացվեցին ժամանակակից հայկական ֆիլմեր՝ «Անահիտ» (ռեժ.՝ Դավիթ Սահակյանց, 2017թ.) անիմացիոն ֆիլմը, «Անիկո» (ռեժ.՝ Աննա Հարությունյան, 2019թ.) ֆիլմը, «Ձյունը» ֆիլմը (ռեժ․՝ Արեն Մալաքյան), «Քաղաքի երազողները» (ռեժ.՝ Արծրուն Մանուկյան) անիմացիոն ֆիլմը: Հանդիսատեսը ցուցադրություններին հետևելու հնարավորություն ունեցավ փառատոնի ֆեյսբուքյան էջի, պաշտոնական կայքի և յութուբյան ալիքի միջոցով: Փառատոնի բացման և փակման արարողությունները ներկայացվեցին նկարահանված ֆիլմերի ձևաչափով:
2020թ․-ին ևս փառատոնը շարունակեց արդեն ավանդական դարձած համագործակցությունը Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնի հետ: Փառատոնի շրջանակներում ներկայացվեց «Լավագույն ռուսական ֆիլմ» անվանակարգը, որի մրցանակը սահմանված է Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնի կողմից: Փառատոնային ծրագրում ընդգրկված էին 18 անիմացիոն և խաղարկային ֆիլմեր, որոնց թվում էին նաև «Союзмультфильм», «M.I.R. Studio», «Арт анимейшн студио» ստուդիաների արտադրության անիմացիոն ֆիլմերը՝ ամենափոքրիկների համար: Ներկայացված ֆիլմերի շարքում էր նաև Նատալյա Չերնիշևայի «Աշխարհի ժամանակակից պատմությունները. Մուկն ու կատուն» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը, որը 2017թ.-ին արժանացել է Ռուսաստանի Գիտության և ազգային կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի «Ոսկե արծիվ» կինոմրցանակին: «Ռոլան Բիկով» հիմնադրամը արդեն չորրորդ տարին է, ինչ փառատոնի հատուկ ծրագրերի շրջանակներում համագործակցում է «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի հետ: «Վիշեգրադ» հիմնադրամի աջակցությամբ այս տարի իրականացվեց «Վիշեգրադ+Հայաստան և Արևելյան գործընկերության երկրներ (EaP)՝ Վրաստան, Ուկրաինա, Բելառուս. ընդլայնելով միջմշակութային երկխոսությունը COVID-19-ի պայմաններում» հատուկ ծրագիրը: Ծրագրի գործընկերներն էին Հունգարիան, Սլովակիան, Չեխիան և Լեհաստանը․ Սլովակիայից՝ «Association of Slovak Film Clubs»-ը, «Superfilm» ընկերությունը, «ARCHiMERA»-ն, Հունգարիայից՝ «Kid’s Eye Art Association» ասոցիացիան, Լեհաստանից՝ «HumanDoc» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը, Չեխիայից՝ «JUNIORFEST» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը, «Art Fabrika» արվեստի դպրոցը, Վրաստանից՝ «National Youth and Children’s Palace»-ը, Ուկրաինայից՝ «KROK» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, «Illusion films»-ը, Բելառուսից՝ «Belarusfilm»-ը:
Այս տարի «Վիշեգրադ-Հայաստան» հատուկ ծրագրի շրջանակներում անցկացվեցին ֆիլմերի առցանց ցուցադրություններ, վեբինարներ, ցուցահանդես-մրցույթներ: Ծրագրում ընդգրկվել էր 22 ֆիլմ՝ Չեխիայից, Սլովակիայից, Հունգարիայից, Լեհաստանից: Ծրագրի շրջանակներում կինոդիտումներ կազմակերպվեցին Գավառի մանկատանը և Վանաձորի Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում: Առցանց վարպետության դասերը վարեցին Վիշեգրադի երկրների, Ուկրաինայի և Բելառուսի անվանի կինոգործիչներ: Երեխաների ստեղծած աշխատանքների ցուցահանդես-մրցույթներն անցկացվեցին «Միասին կհաղթահարենք COVID-19-ը» և «Վիշեգրադի երկրները երեխաների աչքերով» թեմաներով։ «Վիշեգրադի երկրները երեխաների աչքերով» ցուցահանդես-մրցույթի ընթացքում ներկայացվեցին Վիշեգրադի երկրների մշակութային ժառանգությունը պատկերող աշխատանքներ: Ցուցահանդես-մրցույթում ներկայացված բոլոր աշխատանքները հասանելի են փառատոնի առցանց հարթակում: Ցուցահանդես-մրցույթների միջազգային ժյուրին ընտրեց լավագույն աշխատանքները, որոնց հեղինակները պարգևատրվեցին մրցանակներով և մասնակցության վկայականներով: Այս անգամ ևս շարունակվեց արդեն ավանդական դարձած համագործակցությունը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և «Ռոլան» միջազգային կինոփառատոնի միջև: 2017-ից ի վեր փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգը: Այս տարվա մրցութային ֆիլմերի և ցուցադրությունների շարքում ներառված էր 4 խաղարկային և անիմացիոն ֆիլմ: Երևանի «Գյոթե» կենտրոնի աջակցությամբ՝ փառատոնի համատեղ հատուկ ծրագրերի շրջանակներում ցուցադրվեցին գերմանական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր, որոնք մասնակցել էին բազմաթիվ միջազգային կինոփառատոների։
COMMENTS