Այս ֆիլմը 20-րդ դարի Հունաստանի պատմության սեղմագիրն է՝ մոտ 3 ժամ տևողությամբ, 60 կադր ունեցող ֆիլմում:
Արձակագիր Արամ Պաչյանի հետ հարցազրույցի ժամանակ հույն ռեժիսոր Թեո Անգելոպուլոսն ասել է. «Ես ունեմ կադրի իմ գեղագիտությունը, դա կա նաև գրականության մեջ. օրինակ՝ Մարսել Պրուստն էջերով նկարագրում է անկողնում պառկած իր հերոսի խոհերն ու գործողությունները, ինչպես նաև Ջոյսը, իսկ ֆրանսիացիների մոտ հակառակը՝ գերակայում է շատախոսությունը։ Ես արտացոլում եմ դա երկար կադրերով» (1)։ Նրա կինոն իսկապես առանձնանում է երկար կադրերով ու տեսարաններով, երբեմն՝ շարժվող, երբեմն՝ ստատիկ, իսկ երբեմն էլ գեղանկարչական կտավներ հիշեցնող, որտեղ յուրաքանչյուր շարժում մտածված է ու բեմադրված մաթեմատիկական ճշգրտությամբ։
Նրա ֆիլմերում առանձնահատուկ են գաղափարների մատուցման եղանակները։ Դրանք և՛ փիլիսոփայական խորություն ունեն, և՛ պատմական կամ քաղաքական ենթատեքստեր: Մասնավորապես քաղաքականությունը Անգելոպուլոսին հետաքրքրում էր որպես պատմության բաղադրիչ, իսկ պատմությունը՝ որպես մարդու անհատական կենսագրության անջնջելի մաս, ստիպում էր հույն դասականին նայել դեպի դարերի անդունդը: Առանձնահատուկ են նաև պոետիկական լուծումները։ Օրինակ՝ մշտական մառախուղի առկայությունը, ծովի բազմաբնույթ խորհրդանիշը, դրամատուրգիայով պայմանավորված եղանակային պայմանները։
Անգելոպուլոսը միաժամանակ ազգային և համամարդկային թեմաներ արծարծող ռեժիսոր էր։ Նա ամուր կառչած էր իր արմատներին և ազգային մտածողության կրողն էր, ուստի նրա ֆիլմերում հաճախ կարող ենք տեսնել հին հունական առասպելների մոտիվներով առաջնորդվող հերոսների, որոնց բնորոշ է ճանապարհորդողի կամ ոդիսական ուղի անցնող կերպարների բնութագիրը։ Նրա ֆիլմերի ստեղծման ժամանակաշրջանը ներառում է քսաներորդ դարի վերջն ու քսանմեկերորդի սկիզբը: «Ինչպես Անտոնիոնին, Բերգմանը, Տարկովսկին և հեղինակային կինոյի այլ ռեժիսորներ, Անգելոպուլոսն իր ողջ կյանքի ընթացքում փորձում էր պատմել մարդու կամ անհատի մասին՝ իր երկրի դրամատիկ պատմության ֆոնին, երբեմն ներկայացնելով դարավերջի մելամաղձությունը, որը նրան վիճակված էր վերապրել ու հասկանալ» (2):
Անգելոպուլոսի նշանավոր ֆիլմերից են` «Ճանապարհորդություն դեպի Կիթերա», (1984) «Բնապատկեր մշուշում» (1988), «Ոդիսևսի հայացքը» (1995), «Հավերժություն և մեկ օր» (1998), «Ժամանակի փոշին» (2008): Այս բոլոր ֆիլմերում նա օգտագործել է իր յուրատեսակ դրամատուրգիան ու ռեժիսորական լուծումները: Հատկապես «Ոդիսևսի հայացքը» տարբերվում է առասպելաբանական, բանաստեղծական, քաղաքական, հոգեբանական ենթաշերտերով: Սցենարի ստեղծման ուղղությամբ Անգելոպուլոսի հետ աշխատել է նաև նշանավոր գրող, սցենարիստ Տոնինո Գուերան:
Ֆիլմի գլխավոր հերոսն անանուն է։ Համենայնդեպս, տեսարաններից ոչ մեկում մենք չենք լսում նրա անունը։ Գլխավոր հերոսին մարմնավորում է Հարվի Քեյթելը, ում անվան կողքին տիտրերում գրվում է միայն՝ Ա։
Ֆիլմն սկսվում է վավերագրական կինոնկարի տեսարանով, որտեղ մի քանի կանայք թել են մանում։ Այս տեսարանը ամբողջ ֆիլմի ընթացքում կրկնվում է: Սա հղում է թե՛ Մանակի եղբայրների՝ Յանակիի և Միլտոնի առաջին ֆիլմին, թե՛ հունական դիցաբանության մեջ մարդու ճակատագիրը գուշակող Մոյրաներին (3): Ֆիլմում Մանակի եղբայրների մասին մենք իմանում ենք, որ նրանց չէին հետաքրքրում քաղաքականությունը կամ տնտեսական հարցերը: Նրանց հետաքրքրում էին միայն մարդիկ: Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը նրանք նկարահանել էին ազգային արարողություններ, բնապատկերներ, հարսանիքներ, հեղափոխականների, նախագահների, սուլթանների և թագավորների: Սակայն նրանց աշխատանքներից երեքն անհետացել էին և համարվում էին կորսված: Հենց դրանք փնտրելու համար է գլխավոր հերոսը վերադառնում հայրենիք:
Թելը մանելու տեսարանի ընթացքում ներկադրային ձայնը պատմում է, որ ֆիլմը նկարահանվել է Հունաստանում և Բալկանյան թերակղզում։ Պատմողին հուզում է՝ արդյո՞ք դա նրանց առաջին ֆիլմն է և առաջին հայացքը։ Հետո գլխավոր հերոսին տեսնում ենք ծովափին։ Նրան պատմում են, որ 1954-ի ձմռանը Յանակին ցանկանում էր նկարահանել Սալոնիկի նավահանգստում հանգրվանած կապույտ նավը․ մի առավոտ այն նավարկում է, իսկ Յանակին այդ գիշեր մահանում է։ Կորում են նրա երեք ֆիլմերը և ոչ մի կերպ չեն հայտնաբերվում։ Պատմողը Մանակի եղբայրների աշակերտն էր։ Իսկ հետո տեսնում ենք հերոսին, որ նայում է ծովի վրա ընթացող այդ կապույտ, կարծես առասպելական նավին, որն էլ, գուցե, խորհրդանշում է Ոդիսևսի ուղևորության մեկնարկը։ Ճանապարհորդության ընթացքում Ա-ն հայտնվում է իրեն ծանոթ վայրերում, որտեղ էլ վերհիշում է տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունները: Նա 45 տարի չէր եղել Բալկաններում, ապրել էր Ամերիկայում: Ա-ն ցանկանում էր բաց թողնել անցյալն ու գնալ առաջ, բայց հասկանում է, որ ավարտը դա մի նոր սկիզբ է: Նրա ընկերը համոզում է, որ ետ վերադառնա, սակայն հերոսն արդեն կայացրել էր իր որոշումը, ուստի շարունակում է ճանապարհը` ասելով, որ այդ քայլին դիմում է իր անձնական նկատառումներից ելնելով: Իսկ հետո անցնում է սահմանը ու գնում դեպի Ալբանիա: Հենց ճանապարհին տաքսու վարորդն ասում է. «Հույները որպես ազգ մահացել են: Մենք մեր ամբողջ շրջանն անցել ենք, բայց եթե Հունաստանին վիճակված է մեռնել, ապա թող դա լինի արագ մահ, որովհետև շարունակական կրակը հանգեցնում է մեծ աղմուկի»: Ի դեմս այս հերոսի՝ Անգելոպուլոսը խոսում է հույների ազգային գոյության հարցի մասին:
Հարկ է անդրադառնալ նաև կանացի կերպարներին, որոնք մարմնավորում է միևնույն դերասանուհին` Մայա Մորգենշտերնը: Այդ բոլոր կանայք ասես տարբեր «ես»-երի դրսևորումները լինեն միևնույն կնոջ մեջ: Ո՞վ է այդ կինը. Ա-ի երևակայության արգասի՞քը, թե՞ նրա պլատոնական ու զգացմունքային սիրո մարմնացումը: Այդ կնոջ կերպարի և Պենելոպեի (4) միջև համեմատություն անցկացնելով` մենք կարող ենք վստահորեն ասել, որ ինչպես Ոդիսևսին էր վիճակված ճանաչել ու տիրանալ այլ կանանց, ապա վերադառնալ իր միակ ու անփոխարինելի կնոջ մոտ, նույն կերպ էլ «Ոդիսևսի հայացքի» հերոսը պետք է գտնի այն միակին, ում ճակատագրի բերումով կորցնելու էր:
Իրապես, ֆիլմը կարծես Ոդիսևսի ճանապարհորդությունը լինի, պարզապես՝ քսաներորդ դարի անհուսության ֆոնին: Ա-ի ճանապարհորդությունն այնքան էլ արկածային չէ, չնայած զարդարված է զարմանալի բնապատկերներով ու խորհրդանշական երաժշտությամբ։ Սա մտորումների, իմաստնության, պատմության, հիշողության ճանապարհ է։ Թշվառ Բալկանյան երկրները, որտեղ, կարծես, այլևս ոչինչ չէր մնացել՝ բացի վշտից ու ցավից, ֆիլմում ներկայացվում են որպես մառախլապատ, տեսիլքային աշխարհներ՝ կորուսյալ պատրանքներով և հիասթափություններով։ Հերոսի ճանապարհորդությունը տխուր ավարտ է ունենում. Սարաևոյում սպանվում են նրա ընկերները, սիրելի կինն ու երեխաները: Մանակի եղբայրների կինոժապավենները գտնվում են, բայց դատարկ կինոթատրոնում նստած Ա-ն, երբ դիտում է նկարահանված կադրերը, սգում է ոչ թե կորսված անցյալի, այլ մառախուղի մեջ հավերժ անհետացած ներկայի և ապագայի համար: Թեո Անգելոպուլոսը հանգում է այն հոռետեսական եզրակացությանը, որ քսաներորդ դարը նույնքան դաժան է Հունաստանի համար, որքան նախորդ դարաշրջանները, իսկ հույն ժողովուրդը այդպես էլ անցյալից դասեր չի քաղել։ Փոխարենը դատապարտված է կրկին ու կրկին միևնույն կորուստներն ունենալու՝ ինչպես մարդկային, այնպես էլ մշակութային և տարածքային։
«Ոդիսևսի հայացքը» ոչ այլ ինչ է, քան 20-րդ դարի Հունաստանի պատմության համառոտագիրը՝ մոտ երեք ժամ տևողությամբ, 60 կադր ունեցող ֆիլմում» (5): Եթե հունական էպոսի հերոսը բազում փորձություններից հետո Իթակե է վերադառնում և վերագտնում իր ինքնությունը, ապա Անգելոպուլոսի անանուն հերոսի պարագայում ամբողջությամբ անմխիթար հուսահատություն է տիրում։ Տեսնելով պատերազմն ու դրա հետևանքները, կորցնելով սիրելի մարդկանց, կանգնելով էթնիկ զտման առջև` հերոսն այդպես էլ չի գտնում մխիթարանք ո՛չ անցյալում, ո՛չ ներկայում, ո՛չ էլ ապագայում: Ժամանակի և տարածության միջև հերոսի ճանապարհորդությունը դատապարտվում է անհաջողության, ցավի ու տառապանքի:
Մերի Ավետիսյան
Հղումներ․
[1] KINOVERSUS, Թեո Անգելոպուլոսի հետ․ Արամ Պաչյանի հարցազրույցը, (https://www.kinoversus.com/2019/06/theo-angelopoulos-aram-pachyan-interview.html), (hասանելի է 19. 02. 2025):
[2] А․ Груздева, СЕАНС__88, Длинная дистанция: Тео Ангелопулос, (https://seance.ru/articles/dlinnaya-distanciya-teo-angelopulos/), (hասանելի է` 19.02. 2025):
[3] Ըստ հունական առասպելների՝ միայն Մոյրաները
գիտեն ճակատագրի կամքը։ Մոյրա Կլոթոն մանում է մարդու կյանքի թելը։ Լաքեսիսը թելը տանում
է կյանքի բոլոր փորձությունների միջով։ Ատրոպեն կամ Ատրոպոսը կտրում է թելն՝ ընդհատելով
մարդու կյանքը։
[4] Հոմերոսի «Ոդիսական» դյուցազներգության
հերոսուհի, Իկարիոսի դուստրը, Ոդիսևսի կինը, Տելեմաքոսի մայրը։
[5] R, Corliss, TIME, Ulysses’ Gaze, (https://entertainment.time.com/2005/02/12/all-time-100-movies/slide/ulysses-gaze-1995/), (hասանելի է`19. 02. 2025):








COMMENTS