Kinoversus-ի զրույցը ռեժիսոր, դերասան, «Սթեյջ 7» ստուդիայի հիմնադիր և ղեկավար Տիգրան Նալչաջյանի հետ
Ամեն ինչ սկսվեց դպրոցական և ուսանողական տարիներին․ սցենարներ էի գրում, ուսումնասիրում էի տարբեր ռեժիսորների և դերասանների կենսագրությունն ու գործունեությունը՝ թե՛ ֆիլմերի, թե՛ գրականության միջոցով, բայց, անկեղծ ասած, ռեժիսոր դառնալու ցանկությունս բավականին ուշ ի հայտ եկավ, որովհետև գլխավոր երազանքս դերասան լինելն էր։ Սկզբում ձգտում էի միայն դերասանական արվեստին տիրապետելուն, սակայն հետո, երբ հասա որոշակի գաղափարական հասունության և ինքնավստահության, որոշեցի ինքս նկարահանել։ Պատճառները երկուսն էին․ մեկը դերասանի ակնկալած առաջարկների սղությունն էր կամ իսպառ բացակայությունը՝ ինչ-ինչ խնդիրներով պայմանավորված, մյուսը՝ ինքդ տվյալ գործի նախաձեռնողը դառնալու նպատակը, երբ ցանկանում ես գործել և հմտանալ հենց այդ աշխատանքում։
Եթե չլինեի ռեժիսոր, ապա…
Ես ինձ տեսնում եմ երկու ոլորտում և կարողացել եմ իմ աշխատանքում համատեղել դրանք՝ արվեստը և սպորտը։ Արդեն 20 տարի է, ինչ զբաղվում եմ արևելյան մարտարվեստով՝ Բրյուս Լիի հիմնադրած Ջիտ Կուն Դոյով, և մանուկ հասակից երազել եմ նկարահանվել էքշըն ֆիլմերում, բայց երբ հասունացա, իմ հետաքրքրությունների առանցքում հայտնվեց դրամայի ժանրը, որը պահանջում էր ավելի շատ դերասանական վարպետություն, քան սպորտային։ Այդուհանդերձ, սպորտը կազմում է իմ կենսակերպի անբաժանելի մասը, և ինչով էլ զբաղվեմ, սպորտը երբեք չեմ թողնի՝ անկախ այն հանգամանքից՝ նկարահանո՞ւմ եմ մարտաֆիլմեր, թե՞ նկարահանվում եմ մարտաֆիլմերում։
Տիգրան Նալչաջյանի ամենասիրելի հեղինակները.
1․ Գրիգոր Նարեկացի
2․ Լև Տոլստոյ
3․ Ֆյոդոր Դոստոևսկի
4․ Էրիխ Մարիա Ռեմարկ
5․ Միշել Ուելբեք
6․ Միլան Կունդերա
7․ Սերգեյ Դովլաթով
8․ Իրվին Շոու
Մինչև «Չներվածները» նկարահանելը ես փորձառություն ձեռք բերեցի կարճամետրաժ ֆիլմեր նկարահանելով։ Իսկ «Չներվածները» նկարահանեցի, որպեսզի հասկանամ՝ իրավունք ունե՞մ լիամետրաժ ֆիլմ նկարահանելու, թե՞ ոչ։ Կարճամետրաժի դեպքում իրավիճակն այլ է։ Մի քանի կարճամետրաժ ֆիլմ նկարահանելուց հետո ես մտածեցի, թե կարճամետրաժի ստեղծման համար ծախսվող ռեսուրսով, ինչո՞ւ ոչ, կարելի էր նաև լիամետրաժ նկարահանել։ Արդյունքում՝ իմ հաշվարկը սխալ էր, որովհետև իրականում լիամետրաժի համար ավելի մեծ ռեսուրս էր պետք, ավելի մեծ ու պրոֆեսիոնալ թիմ։ Ի վերջո, այդ թիմը հավաքվեց՝ համալրվելով և՛ պրոֆեսիոնալներով, և՛ ոչ պրոֆեսիոնալներով, ու «Չներվածները» քրեական դրաման նկարահանվեց։ Որպես իմ առաջին լիամետրաժ ֆիլմ՝ ես այն համարում եմ հաջողված, թեպետ վերադիտելիս նկատում եմ նաև թերություններն ու բացթողումները՝ տեխնիկական, դերասանական, ռեժիսորական։
«Չներվածները» ֆիլմի նախապատմությունը...
«Արթնացիր» ֆիլմի ընթացքը, արդյունքը, պրեմիերան...
«Արթնացիր» ֆիլմը մի երիտասարդական պատմություն է, դրամայի ժանրի շուրջ հավաքված «բազմաժանր» կինոնկար։ Առհասարակ՝ բազմաժանրությունը ես համարում եմ ժամանակակից կինոյի հրամայականը: Քանի որ ինքս սիրում եմ եվրոպական ֆիլմեր, այս ֆիլմում ևս հանդիսատեսը կնկատի եվրոպական կինոյի տարրեր՝ կադրերի էսթետիկայից մինչև կերպարներ։ Այս պահին չէի ցանկանա բացահայտել սյուժեն, պարզապես կասեմ, որ սա ընտանեկան պատմություն է՝ չորս գլխավոր հերոսներով՝ մեկ եղբայր, երկու քույր և երիտասարդ ճարտարապետը, ով նշանադրված է քույրերից մեկի հետ։ Ֆիլմի ընթացքում մենք հետևում ենք նրանց ճակատագրերին, որոնք յուրովի են դասավորվում։ Ռեժիսորի աշխատանքի ամենակարևոր գործառույթներից մեկը դերասանի հետ աշխատանքն է, նրան ճիշտ հոգեվիճակի հանգեցնելը։ Ես ի բնե խստապահանջ եմ, այդպիսին է իմ տեսակը՝ արդյունքից մինչև վերջ էլ գոհ չեմ լինում։ Եթե գոհ լինեի, ապա հաջորդ ֆիլմը նկարահանելու ցանկություն չէի ունենա։ Կարծում եմ՝ իմ նախորդ ֆիլմի համեմատ՝ այս նոր ֆիլմում մեծ առաջընթաց կա։ Մերօրյա հայաստանյան իրականության մեջ ես նկարահանել եմ այնպիսի ֆիլմ, որի համար ամաչելու խնդիր չունեմ: Իհարկե, դա ինձ համար չափանիշ չէ, քանի որ հետագայում կցանկանայի դուրս գալ միջազգային ասպարեզ՝ կինոփառատոներին մասնակցության միջոցով, կոմերցիոն նախագծերով և այլն։
5 ֆիլմ՝ պարտադիր դիտման համար՝ ըստ Տիգրան Նալչաջյանի.
1․ Պավել Չուխրայ, «Գողը»
2․ Քենեթ Լոներգան, «Մանչեսթերը ծովի մոտ»
3․ Էմիր Կուստուրիցա, «Անդերգրաունդ»
4․ Միքելանջելո Անտոնիոնի, «Խավարում»
5․ Ֆեդերիկո Ֆելինի, «Կաբիրիայի գիշերները»
Ինչու հանդիսատեսը պետք է դիտի «Արթնացիր» ֆիլմը...
Նախևառաջ այն պատճառով, որ մենք այս ֆիլմը ստեղծելիս հեռու ենք մնացել մերօրյա հայկական կինոյի երկու տարածված ուղղություններից՝ կատակերգություն կամ պատերազմ, ցեղասպանություն, երկրաշարժ։ Ի՛նչ խոսք, այս բոլոր թեմաները պետք է արտացոլվեն կինոյում, բայց ինքս, գոնե այս պահին, իմ գործառույթը դա չեմ համարում։ Ես, օրինակ, երազում եմ ֆիլմ նկարահանել Սողոմոն Թեհլերյանի մասին, ինձ իսկապես հետաքրքրում է, թե ինչպես է նա միայնակ վրեժխնդրություն կատարել։ Հուսով եմ՝ մի քանի տարի հետո կկարողանամ այս նախագիծը կյանքի կոչել։ Իսկ այսօր ինձ գրավում են իրենց ճակատագիրն ապրող, մեր կողքին, մեր քաղաքում բնակվող երիտասարդ աղջիկների և տղաների կերպարները, երիտասարդներ, ովքեր հանգամանքների բերումով հայտնվում են որոշակի իրավիճակներում և փորձում ելք գտնել։ Կարծում եմ՝ երիտասարդները ֆիլմը դիտելիս որոշակի նմանություն կորսան իրենց և ֆիլմի հերոսների միջև։ Թերևս, անհնար է անտարբերությամբ վերաբերվել երիտասարդ կնոջ, աղջկա ճակատագրին առնչվող թեմաներին, այն պատմություններին, թե ինչպես է կինը կամ աղջիկը հաղթանակած դուրս գալիս ամենաբարդ իրավիճակներից․ անպայման հաղթանակած, որովհետև չի կարելի անվերջ զոհ դառնալ, ինչը, ցավոք, տեսնում ենք մեր այսօրվա հեռուստասերիալներում։ Իմ նոր ֆիլմի գլխավոր հերոսուհիները աղջիկներ են, ովքեր իրենց կերպարով անչափ ոգեշնչել են ինձ։
Ամենասիրելի կին դերասանուհիները...
Կիրա Նայթլի և Նատալի Փորթման։ Ինձ համար կարևոր չէ, որ դերասանուհին ունենա թոփ-մոդելի արտաքին տվյալներ․ նա կարող է ունենալ արտաքին թերություններ, բայց միաժամանակ լինել հետաքրքիր, խոր, արվեստային։ Հենց այդպիսի կերպարներն են ինձ ոգեշնչում՝ սցենար գրելու։
Համատեղելով ռեժիսորական աշխատանքն ու «Սթեյջ 7» ստուդիան...
Ըստ իս՝ եթե չլիներ ստուդիան, հնարավոր է՝ չլինեին նաև իմ ֆիլմերը։ Իմ ղեկավարած դերասանական ստուդիան գործում է արդեն ութ տարի, և կրկին՝ եթե չլիներ ստուդիան, չէր լինի նաև Օֆելյան՝ «Արթնացիր» ֆիլմի գլխավոր հերոսուհիներից մեկը։ Երկու աշխատանք համատեղելն ինձ համար մեծ ծանրաբեռնվածություն է դառնում այն ժամանակ, երբ պետք է թատերական բեմադրություն անեմ, իսկ դասապրոցեսը, որպես այդպիսին, ինձ չի խանգարում, ընդհակառակը՝ ավելի շատ օգնում է։ Իմ սաներն ինձ ոգեշնչում են, որ միշտ լինեմ մասնագիտական պատրաստվածության գործունյա վիճակում։ Ես կինո նկարահանելուց առավել սիրում եմ աշխատել երեխաների հետ։ Իսկ ֆիլմեր նկարահանել ինձ հաջողվում է երկու տարին մեկ, քանի որ ամեն ինչ միայնակ եմ անում և ստիպված եմ լինում բազմաթիվ դժվարություններ հաղթահարել։
Տիգրան Նալչաջյանի 5 սիրելի ռեժիսորները.
1․ Վուդի Ալեն
2․ Էմիր Կուստուրիցա
3․ Մարտին Սկորսեզե
4․ Պեդրո Ալմոդովար,
5․ Քվենտին Տարանտինո
(․․․ և որպես բոնուս՝ սիրելի հայ ռեժիսորները․ Անրի Վերնոյ, Աննա Մելիքյան)
Ունենալ մրցունակ կինո...
Աշխատել արտերկրում...
Ես նախընտրում եմ բնակվել Հայաստանում, սակայն կցանկանայի աշխատել արտերկրում՝ վերադառնալու պայմանով։ Արտերկրում աշխատելն ինձ համար կլիներ նոր հմտություններ կուտակելու և փորձս հարստացնելու լավ առիթ, որն անպայման կծառայեցնեի նպատակին։
Ռեժիսուրա՞, թե՞ դերասանական արվեստ...
Եթե ստանամ ինձ հետաքրքրող թեմաներից որևէ մեկին առնչվող ֆիլմ նկարահանելու պատվեր, ապա կնկարահանեմ։ Սակայն կնախընտրեի ստանալ գլխավորապես որպես դերասան և ոչ թե որպես ռեժիսոր հանդես գալու պատվերներ, իսկ ռեժիսորական աշխատանքս նվիրել սեփական ստեղծագործություններիս էկրանավորմանը։
Եթե ունենայի հնարավորություն, ապա իմ ֆիլմերում կնկարահանեի...
Անկեղծ ասած և առանց կատակի՝ այս պահին իմ ստուդիայում ունեմ սաներ, ում նկարահանել եմ և հետագայում էլ կցանկանայի նկարահանել։ Ինչ վերաբերում է արտասահմանյան կինոյի աստղերին, ապա հնարավորության դեպքում կնկարահանեի Մերիլ Սթրիփին, Միքի Ռուրքին, Ալեն Դելոնին, ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներից՝ Ռայան Գոսլինգին և Ջեյք Ջիլենհոլին։ Իհարկե, այդպիսի աստղերին նկարահանելու համար պիտի ինքդ էլ հասնես այդպիսի մակարդակի։
զրուցեց Գայանե Թադևոսյանը
լուսանկարները՝ Տիգրան Նալչաջյանի անձնական արխիվից
COMMENTS