«Կա կյանքն ապրելու երկու եղանակ։ Առաջինը՝ ապրում ես այնպես, ասես հրաշքներ չկան։ Երկրորդը՝ ապրում ես այնպես, ասես շուրջդ միայն հրաշքներ են»։ Ալբերտ Էյնշտեյն
1․«Ֆանի և Ալեքսանդր»
(«Fanny och Alexander», 1982)
ռեժ․՝ Ինգմար Բերգման
1982-ին ամենահոռետես շվեդ ռեժիսորը նկարահանեց իր ամենաերկար ու ամենագունագեղ ֆիլմը՝ «Ֆանի և Ալեքսանդրը», որն իր մեջ ամփոփում է Բերգմանի նախորդ ֆիլմերի բոլոր տարրերն ու գաղտնիքները: Բերգմանն իր ինքնակենսագրական գրքում պատմում է, որ այս ֆիլմում են կենտրոնացած նրա բոլոր մանկական հիշողությունները. ֆիլմի առաջին իսկ դրվագները, որտեղ շվեդական մեծ ընտանիքը նշում է Սուրբ Ծնունդը, ուղղակիորեն արտապատկերում են ռեժիսորի մանկությունը: Կինոկտավի գլխավոր հերոսները փոքրիկ Ֆանին ու Ալեքսանդրն են։ Նրանց մայրն ամուսնանում է տեղական եպիսկոպոսի հետ՝ հույս ունենալով արժանի ապագա ապահովել իր երեխաների համար, սակայն նրա պատկերացումները չեն իրականանում, և ընտանիքը հայտնվում է բռնատիրական հակումներ ունեցող հոգևորականի ճիրաններում: Հետաքրքիր է նաև, որ եպիսկոպոսի կերպարը կերտելիս Բերգմանը ոգեշնչվել է հոր մասին հիշողություններով․ հայրը, ինչպես հայտնի է, ևս հոգևորական է եղել: Ռեժիսորի երկրպագուների կողմից հակասական արձագանքների արժանացած այս ֆիլմը պատմություն է հավատի, ընտանիքի, սիրո, թատրոնի, բարու և չարի անվերջանալի պայքարի մասին:
2․«Այս հրաշալի կյանքը»
(«It’s a Wonderful Life», 1946)
ռեժ․՝ Ֆրենկ Կապրա
Ամանորյա ֆիլմացանկն ամբողջական չէր լինի առանց Ֆրենկ Կապրայի «Այս հրաշալի կյանքը» ֆիլմի, որն արդեն ավելի քան կես դար է, ինչ հիացնում է հանդիսատեսին իր անկեղծությամբ, բարությամբ ու լավատեսությամբ: Սա մի հուզիչ պատմություն է բարեհոգի Ջորջի մասին, ով բախվել է ֆինանսական խնդիրների հետ և դրանց լուծման միակ տարբերակն է համարում ինքնասպանությունը: Հերոսը որոշում է իրականացնել իր մտահղացումը Սուրբ Ծննդյան նախօրեին, իսկ նրա պահապան հրեշտակը որոշում է խանգարել: Իր ողջ անկրկնելիությամբ ֆիլմը պարտական է նախևառաջ գլխավոր դերակատարին՝ Ջեյմս Ստյուարտին, ում համար սա առաջին ֆիլմն էր Երկրորդ համաշխարհային պատերազմում մարտնչելուց հետո. շատ քննադատներ համարում են, որ հենց զարհուրելի պատերազմն է նպաստել Ջիմիի անմիջական ու հուզիչ խաղին: «Այս հրաշալի կյանքը» ֆիլմ է բարի արարքների և երազելու կարևորության մասին, ֆիլմ, որը պետք է դիտել հատկապես Ամանորին, երբ կախարդանքն այնքան մոտ է, ու թվում է, թե իրականանալու են բոլոր ցանկությունները։
3․«Պանդորայի արկղը»
(«Die Büchse der Pandora», 1928)
ռեժ․՝ Գեորգ Վիլհելմ Պաբստ
Գեորգ Վիլհելմ Պաբստի «Պանդորայի տուփը» համաշխարհային կինեմատոգրաֆի առանցքային գործերից է, ու թեև ֆիլմի գործողությունների մեծ մասը տեղի է ունենում տարվա տարբեր ժամանակահատվածներում, իսկ ամանորյա տեսարաններ կան միայն վերջում, այդուհանդերձ, այն չէր կարող չընդգրկվել այս ցուցակում: Կինոնկարի գլխավոր հերոսուհին Լուլուն է, ում գեղեցկությունն ու հմայքը կործանիչ են թե՛ շրջապատող տղամարդկանց, թե՛ հենց հերոսուհու համար: Անկրկնելի Լուլուի դերում հանդես է եկել հետագա սերունդների համար «իկոնա» դարձած Լուիզա Բրուքսը, ում ոճային սանրվածքը նորաձև է մինչ օրս: «Պանդորայի տուփը» ֆիլմն ապշեցնում է իր գեղեցկությամբ, առաջադիմությամբ ու անթաքույց էրոտիկայով։
4․«Սուրբ Ծննդյան պատմություն»
(«A Christmas Story», 1983)
ռեժ․՝ Բոբ Քլարք
Ամենաամերիկյան, ամենաամանորյա, ամենաուրախ ու ամենաբարի ֆիլմերի շարքում կարելի է դասել Բոբ Քլարքի «Սուրբ Ծննդյան պատմություն» կինոնկարը: Ֆիլմը, որ կարծես ստեղծվել է ամերիկյան հասարակության մասին բոլոր պատկերացումները հաստատելու համար, պատմում է իննամյա Ռալֆիի մասին, ով ընդամենը մեկ նվեր է ցանկանում ստանալ՝ իսկական հրացան: Մինչդեռ երեխայի գերհոգատար ծնողները, ինչպես նաև տեղական առևտրի կենտրոնի Ձմեռ պապը դեմ եմ փոքրիկի այս ընտրությանը: «Սուրբ Ծննդյան պատմությունը» հիանալի կինոկատակերգություն է ամերիկյան հասարակության առօրյայի, ընտանիքի, իդեալական ծնողների, երեխաների, նրանց փոքրիկ խնդիրների ու երազանքների մասին, որոնք, ըստ էության, շատ քիչ են փոխվել 40-ական թվականներից հետո:
5․«Ձմեռ պապը գարշելի է»
(«Le père Noël est une ordure», 1983)
ռեժ․՝ Ժան-Մարի Պուարե
Նախորդ ֆիլմի հետ նույն թվականին է նկարահանվել «Ձմեռ պապը գարշելի է» կինոնկարը, որն էականորեն տարբերվում է ամերիկյան կատակերգությունից: Այս ֆիլմը տիպիկ ֆրանսիական սև կատակերգություն է, որը նկարահանվել է փարիզյան սրճարան-թատրոնի՝ «Սփլենդիդի» պիեսներից մեկի հիման վրա: Ֆիլմի երկու գլխավոր հերոսները, ովքեր աշխատում են հոգեբանական օգնության ծառայությունում, ստիպված են Սուրբ Ծնունդն անցկացնել գիշերային հերթափոխին զուգահեռ: Մինչդեռ բոլոր նրանք, ովքեր պետք է զանգահարեին հերոսներին և օգնություն ստանային հեռախոսակապի միջոցով, որոշում են այցելել գրասենյակ և առերես պատմել իրենց խնդիրների մասին: Շուտով փոքրիկ սենյակում են հավաքվում մեկը մյուսից ծայրահեղորեն տարբեր անձինք, այդ թվում՝ համասեռամոլ Կատյան, ով ամեն կերպ փորձում է սիրահետել գլխավոր հերոսին, հիմարիկ Ժոզետը և նրա հանցագործ ընկերը՝ Ձմեռ պապը: Ի վերջո, ստեղծվում է անուղղելի խառնաշփոթային իրավիճակ, որը լուծելու փորձերը վերածվում են ավելի մեծ հիմարությունների՝ ապահովելով հանդիսատեսի հետաքրքրությունն ու բարձր տրամադրությունը։
6․«Իմ հորեղբայր Անտուանը»
(«Mon oncle Antoine», 1971)
ռեժ․՝ Կլոդ Ժուտրա
Կանադական կինոյի պատմության կարևորագույն նմուշներից մեկը համարվող «Իմ հորեղբայր Անտուանը» ֆիլմն էականորեն տարբերվում է ավանդական ամանորյա կինոնկարներից: Թեև գործողությունները տեղի են ունենում Սուրբ Ծնունդից օրեր առաջ, սակայն հերոսների առօրյայում բացակայում են տոնական շունչն ու կախարդանքը: Դրանց փոխարեն ռեժիսոր Կլոդ Ժուտրան հանդիսատեսին ծանոթացնում է 1940-ական թթ-ներին Քվեբեկի բնակիչների սոցիալական խնդիրների հետ, որոնք պատճառ էին դառնալու Կանադայի պատմության ընթացքում եղած ամենամեծ աշխատավորական գործադուլներից մեկի համար: Ֆիլմի գլխավոր հերոսը տասնհինգամյա Բենուան է, ով առաջին քայլերն է անում դեպի հասուն կյանք՝ բախվելով սիրո, սեքսի ու դավաճանության, չիրականացած երազանքների ու մահվան հետ: Կինոկտավն ընթանում է բավականին դանդաղ՝ ընկղմելով հանդիսատեսին քվեբեկյան սառը իրականության մեջ և պահանջելով յուրօրինակ խորաթափանցություն՝ հերոսների ներաշխարհն ըմբռնելու համար:
7․«Ոսկե երիտասարդություն»
(«Metropolitan», 1989)
ռեժ․՝ Ուիթ Սթիլման
«Ոսկե երիտասարդությանը» կարելի է տարբեր բնորոշումներ տալ. հարուստ դեռահասների հասունացման մասին պատմող ֆիլմ, քսաներորդ դարավերջի ջեյնօսթինյան պատմություն, ժամանակակից ամերիկյան հասարակության վերնախավի խնդիրները արտացոլող կինոկտավ: Եվ հենց այս թեմատիկ բազմազանությունն է ֆիլմին հնարավորություն տվել գրավելու համաշխարհային կինոդիտողին՝ այն գրանցելով ամանորյա լավագույն ֆիլմերի շարքում: «Ոսկե երիտասարդությունը» պատմում է Ամերիկայի վերնախավին պատկանող և բավականին լավ կրթություն ստացած դեռահասների մասին, ովքեր Մանհեթենում նշում են Սուրբ Ծնունդը։ Նրանք գրեթե ամեն երեկո հավաքվում են խմբի անդամներից մեկի տանը՝ բրիջ խաղալու, սոցիալիզմի մասին վիճելու, ինչպես նաև վերջին բամբասանքները քննարկելու: Ֆիլմը կազմված է գլխավորապես բազմաժանր երկխոսություններից, Սուրբ Ծննդյան Նյու Յորքի բնապատկերներից և հանդիսատեսին պարուրող ամանորյա շնչից:
8․«Սուրբ Ծննդյան հեքիաթ»
(«Un conte de Noël», 2008)
ռեժ․՝ Առնո Դեպլեշեն
Ժամանակակից ֆրանսիական կինեմատոգրաֆի պատասխանատուներից է Առնո Դեպլեշենը, ում սրամիտ ու ինտելեկտուալ տրագիկոմեդիաները միշտ նորովի են բացահայտում ֆրանսիական հասարակության դեմքը: Այդպիսին է նաև «Սուրբ Ծննդյան հեքիաթ» ֆիլմը, որը պատմում է մի ֆրանսիական ընտանիքի Սուրբ Ծննդյան ընթրիքի մասին։ Ընտանիքը վերջին վեց տարիների ընթացքում առաջին անգամ մի սեղանի շուրջ է հավաքել բոլոր անդամներին: Սակայն սրա իրական պատճառը ոչ թե ընտանեկան ջերմության ու մտերմության վերահաստատման ձգտումն է, այլ ընտանիքի մոր (ում դերը փայլուն կատարում է Կատրին Դընյովը) ախտորոշված քաղցկեղը: Մինչդեռ եթե ընտանիքի անդամներից որևէ մեկը որոշի դոնոր դառնալ, վերջինիս կյանքը հնարավոր կլինի փրկել: Թեև առաջին հայացքից կարող է թվալ, թե ֆիլմը լինելու է տխուր ու սրտաճմլիկ, սակայն հանդիսատեսին հաճելի անակնկալ է սպասվում. ֆիլմը հարուստ է զվարճալի և ինտելեկտուալ զրույցներով, բայց իրականում պատմում է մարդկային տեսակների և մարդկային միայնությունների տեսակների մասին: Ամանորյա նվեր.Եթե ձեզ դուր գա «Սուրբ Ծննդյան հեքիաթը», անպայման դիտեք նաև Քրիստի Պույուի «Սիեռանևադա» ֆիլմը, որը նմանատիպ պատմություն է ռումինական մի ընտանիքի մասին:
9․«Գիշերը Մոդի մոտ»
(«Ma nuit chez Maud», 1969)
ռեժ․՝ Էրիկ Ռոմեր
«Գիշերը Մոդի մոտ» ֆիլմն Էրիկ Ռոմերի «Վեց առակ բարոյականության մասին» շարքի չորրորդ մասն է, որը մեծ ճանաչում բերեց ռեժիսորին թե՛ Ֆրանսիայում, թե՛ Ամերիկայում: Ֆիլմի գլխավոր հերոսը կաթոլիկ ինտելեկտուալ Ժան-Լուին է (ում դերը փայլուն կատարում է Ժան-Լուի Տրենտինյանը), ով եկեղեցուց վերադառնալիս հանդիպել է մի շիկահեր գեղեցկուհու և որոշել է ամուսնանալ նրա հետ: Մինչդեռ հերոսի ընկերն առաջարկում է Սուրբ Ծննդյան տոնն անցկացնել գեղեցկուհի Մոդի տանը, իսկ դրսում բարձրացած մրրիկը հերոսին ստիպում է հենց այդ տանն էլ գիշերել՝ Մոդի անկողնում: Բացի այն, որ ֆիլմը բարձրացնում է բարոյականությանն ու սեփական գաղափարախոսությանը հավատարիմ մնալու բարդ խնդիրը, այն նաև հարուստ է փիլիսոփայական զրույցներով, որոնց հիմնական մասը վերաբերում է Պասկալի մաթեմատիկային ու փիլիսոփայությանը: Հետաքրքիր է, որ պասկալյան փիլիսոփայությանն անդրադարձ կա նաև Ռոմերի մյուս ձմեռային-ամանորյա ֆիլմում՝ «Ձմեռային հեքիաթում»:
10․«Մահացածները»
(«The Dead», 1987)
ռեժ․՝ Ջոն Հյուսթոն
Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիները» շարքի պատմվածքներից մեկի վրա է հիմնված լեգենդար Ջոն Հյուսթոնի վերջին ֆիլմը՝ «Մահացածները», որի պրեմիերան տեղի է ունեցել ռեժիսորի մահվանից հետո: Այս ֆիլմը Հյուսթոնի ֆիլմաշարի մյուս նմուշներից հետաքրքիր կերպով առանձնանում է յուրօրինակ մելամաղձությամբ և, կարծես թե, մահվան կանխազգացմամբ։ Կինոնկարի իրադարձությունները տեղի են ունենում 1904թ-ին Դուբլինում, որտեղ երեք կանայք իրենց տուն են հրավիրում ընկերներին ու բարեկամներին՝ նշելու Սուրբ Ծնունդը: Արդեն ֆիլմի ավարտին պատմության կենտրոնում են հայտնվում Գրետան ու նրա ամուսինը՝ Գաբրիելը, ով գեղեցիկ ու տխուր երգի միջոցով տեղեկանում է կնոջ առաջին սիրո մասին: Բացի տխրությունից և սովորական մահկանացու լինելու մասին մտորումներից՝ «Մահացածները» ֆիլմը նաև փորձում է ներկայացնել իռլանդական պոեզիան, երաժշտությունն ու մշակույթը։ Եվ վերջում՝ որպես բոնուս․
«Սանտա Կլաուսի պատմությունը»
(«Santa Claus Story», 1945)
«Սանտա Կլաուսի պատմությունը» կարճամետրաժը ևս չես դասի սովորական ամանորյա ֆիլմերի շարքը։ Այս գրեթե տասը րոպեանոց կարճամետրաժը և՛ վավերագրական ֆիլմ է կապիկների մասին, և՛ անդրադարձ է ամերիկյան ամանորյա ֆոլկլորի անբաժան մասը կազմող «Այո՛, Վիրջինիա, Սանտա Կլաուսը գոյություն ունի» հոդվածին: Ամենայն հավանականությամբ՝ ֆիլմը նկարահանվել է ավելի վաղ՝ 1944-ին, երբ տարվա խորհրդանիշը կապիկն էր, և ռեժիսորն իր պարտքն է համարել կապիկների կյանքի մասին պատմող մի քանի զվարճալի փաստերով կիսվել հանդիսատեսի հետ՝ միաժամանակ խոսելով նաև ամանորյա կախարդանքի, Սանտայի գոյության և հրաշքների հանդեպ հավատի մասին։ Ահա և կարճամետրաժը.
«Կա կյանքն ապրելու երկու եղանակ։ Առաջինը՝ ապրում ես այնպես, ասես հրաշքներ չկան։ Երկրորդը՝ ապրում ես այնպես, ասես շուրջդ միայն հրաշքներ են»։ Ալբերտ Էյնշտեյն
Ոչինչ չի գտնվելԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸԿարդալ ավելինՊատասխանելՉեղարկելՋնջելՀեղինակԳլխավորԷՋԵՐՆՅՈՒԹԵՐԴիտել ամբողջըԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎԹԵՄԱԱՐԽԻՎSEARCHԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸՈչինչ չի գտնվելBack HomeSundayMondayTuesdayWednesdayThursdayFridaySaturdaySunMonTueWedThuFriSatJanuaryFebruaryMarchAprilMayJuneJulyAugustSeptemberOctoberNovemberDecemberJanFebMarAprMayJunJulAugSepOctNovDecհենց նոր1 minute ago$$1$$ minutes ago1 hour ago$$1$$ hours agoYesterday$$1$$ days ago$$1$$ weeks agomore than 5 weeks agoՀետևում ենՀետևելՍԱ ՊՐԵՄԻՈՒՄ ՆՅՈՒԹ ԷՏարածիր նյութը բացելու համարCopy All CodeSelect All CodeAll codes were copied to your clipboardCan not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy