Փառատոնն ընթանալու է երկու փուլով․ օգոստոսի 2-ից նոյեմբերի 11-ը՝ օֆլայն, նոյեմբերի 2-6-ը՝ օնլայն։
Այս տարի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնն ընթանալու է նոր ձևաչափով ու սովորականից ավելի երկար տևողությամբ, ինչը, իհարկե, չէր կարող չուրախացնել փառատոնի հազարավոր երկրպագուներին, ովքեր «Ռոլանի» կազմակերպիչներից ամեն տարի սպասում են հետաքրքիր անակնկալներ, դիտարժան ֆիլմեր ու երեխաների համար տոների վերածվող միջոցառումներ։
Փառատոնն ընթանալու է երկու փուլով․ օգոստոսի 2-ից նոյեմբերի 11-ը՝ օֆլայն, նոյեմբերի 2-6-ը՝ օնլայն։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա կինոփառատոնի ընթացքին ու ծրագրերին հետևելու «Ռոլանի» կայքէջի, ֆեյսբուքյան և յութուբյան պաշտոնական էջերի միջոցով (rolanbf.com, www.facebook.com/ROLANIFF, www.youtube.com/channel/UCIIlgpra6rrgGI0arZ_G5LQ)։ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնը կյանքի է կոչվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, Երևանում «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ: Հավատարիմ մնալով իր կրթական, մշակութային ու մարդասիրական առաքելությանը՝ «Ռոլանը» շարունակում է երեխաների, պատանիների ու երիտասարդների համար հանդիսանալ կայուն և վստահելի միջազգային հարթակ, որը նոր սերնդի ակտիվ ներգրավվածությամբ ու մասնակցությամբ նպատակ ունի փոքր-ինչ մեղմելու պատերազմի հետևանքով առաջացած բարոյահոգեբանական վիճակը և նպաստելու ստեղծված մթնոլորտի առողջացմանը: Հաշվի առնելով երկրում առաջացած իրավիճակը (հետպատերազմյան շրջան, համավարակ)՝ փառատոնի կազմակերպիչները որոշեցին փոփոխել փառատոնի ժամկետները և շարունակել փառատոնային ծրագրերի ու միջոցառումների ապակենտրոնացումը Երևանից դեպի ՀՀ մարզեր ու Արցախ:
Այսպիսով, ֆիլմերի ցուցադրություններն և մյուս միջոցառումները կանցկացվեն ոչ միայն Երևանում, այլև Գեղարքունիքում, Տավուշում, Սյունիքում, Շիրակում, Լոռիում և Արցախում՝ առավելագույնս ներգրավելով ու մասնակից դարձնելով սահմանամերձ մարզերում բնակվող և Արցախից ՀՀ մարզերում ապաստանած երեխաներին ու պատանիներին։ Ֆիլմերի ցուցադրություններ կկազմակերպվեն ամառային ճամբարներում, իսկ սեպտեմբերից նաև՝ դպրոցներում, բուհերում և այլ հաստատություններում։
Շուրջ 43 երկրից ստացված 200 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 73 ֆիլմ՝ 27 երկրից: «Ռոլան» 17-րդ մանկապատանեկան փառատոնի շրջանակներում ներկայացված է 11 մրցութային և ոչ մրցութային անվանակարգ՝ «Գրան պրի» մրցանակը, «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգը (լիամետրաժ և կարճամետրաժ), որտեղ որպես ժյուրի հանդես կգան «Այբ» դպրոցի աշակերտները, «Լավագույն անիմացիոն ֆիլմ» (լիամետրաժ և կարճամետրաժ) անվանակարգը, ժյուրի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը, ժյուրի՝ Գավառի մանկատան սաներ, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգը, ժյուրի՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողներ, «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» (լիամետրաժ և կարճամետրաժ) անվանակարգը, ժյուրի՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողներ, «Լավագույն ռուսական ֆիլմ» անվանակարգը, ժյուրի՝ Հայ-ռուսական համալսարանի ուսանողներ, «Վիշեգրադի լավագույն ֆիլմ» անվանակարգը, ժյուրի՝ Սպիտակի Անանիա Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի աշակերտներ: 17-րդ «Ռոլան» փառատոնի ընթացքում բացառիկ իրավունքով կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր «Միան և սպիտակ առյուծը» (ռեժ.՝ Ժիլ դը Մետր, Ֆրանսիա, 2018թ.), «Աղբ» (ռեժ.՝ Լ. Դելլա Գրոտա, Ֆ. Դաֆանո, Իտալիա, 2020թ.), «Բելկան և Ստրելկան. Կարիբյան գաղտնիք» (ռեժ.՝ Ի.Եվլաննիկովա, Ռուսաստան, 2020թ.), «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշարը («Այբ» դպրոցի ֆիլմարտադրության ակումբի աշակերտներ, Հայաստան, 2021թ., պրեմիերա), «Բարբոսկինները ամառանոցում» (ռեժ.՝ Ֆ.Դմիտրիև, Ե.Գալդոբինա, 2020թ., պրեմիերա), «Ծիածանի լեգենդը» (ռեժ.՝ Ա. Միքայելյան, Գ. Բաբայան, 2021թ.) և այլ ֆիլմեր:
Այս տարվա փառատոնի հատուկ ցուցադրություններից է «Հայկական մանկապատանեկան ֆիլմերի» հատուկ ծրագիրը, որտեղ ներկայացված են ժամանակակից հայկական ֆիլմեր՝ «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշարը, «Ծիածանի լեգենդը», «Անբան Հուռին», «Հարբած հավերը», «Տղաս, ո՞ւր է Եփրատը»: Այս տարի ևս շարունակվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ «Ռոլան» միջազգային փառատոնի՝ արդեն ավանդական դարձած համագործակցությունը: 2017 թվականից ի վեր փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգը: Այս տարվա մրցութային ֆիլմերի և ցուցադրությունների շարքում ընդգրկված է 11 ֆիլմ: Երևանի «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ՝ փառատոնի համատեղ հատուկ ծրագրերի շրջանակներում այս տարի ևս կցուցադրվեն գերմանական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր, որոնք մասնակցել են բազմաթիվ միջազգային կինոփառատոների (6 ֆիլմ): Շարունակվում է նաև ավանդական դարձած համագործակցությունը Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնի հետ: «Ռոլան» 17-րդ փառատոնի շրջանակներում ներկայացված է «Ռուսական ֆիլմերի» անվանակարգը, ծրագրում ընգրկված են 17 անիմացիոն և խաղարկային ֆիլմեր։