Սփյուռքահայ կինոգործիչների դիմանկարներ. Ռուբեն Մամուլյան

Ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը (1897-1987թթ) աշխարհում առաջին գունավոր ֆիլմի՝ «Բեքի Շարպի» ստեղծողն է։ Ամերիկյան կինոն անհնար է պատկերացնել առանց Ռուբեն Մամուլյանի. նա կինոարվեստում մի շարք նորարարությունների հեղինակ է: Պատահական չէ, որ Մամուլյանին անվանել են «Բրոդվեյի ծանր հրետանի» և «կինոյի Նապոլեոն»: Հայազգի ռեժիսորն առաջինն էր, ով կինոն քարացած տաղավարներից դուրս բերեց փողոց և կյանքը փորձեց ներկայացնել ամենատարբեր դիտակետերից՝ զգալով դրա իրական շնչառությունն ու խելահեղ ռիթմերը:
Թիֆլիսի ամենահայտնի բանկիրներից մեկի՝ Զաքար Մամուլյանի ընտանիքի զավակը՝ Ռուբենը, բոլոր հնարավորություններն ուներ ժամանակի լավագույն համալսարաններում պատշաճ կրթություն ստանալու և եկամտաբեր աշխատանքով ապահովված լինելու համար: Այնուամենայնիվ, դեռևս մանուկ հասակից ապագա ռեժիսորը հատուկ հետաքրքրություն էր ցուցաբերում հումանիտար առարկաների նկատմամբ, սիրում էր նկարել ու երաժշտություն լսել: Արտիստական գենը Ռուբենը ժառանգել էր մորից` դերասանուհի Վերգինե Մամուլյանից: Թեև Մամուլյանն, ի վերջո, հորը գոհացնելու համար իրավաբանական կրթություն է ստանում, բայց երբեք չի զբաղվում մասնագիտական գործունեությամբ՝ հստակ գիտակցելով, որ իր կյանքը կապելու է միմիայն կինոյի ու թատրոնի հետ:
Բեմադրիչ-ռեժիսորի իր առաջին քայլերը Մամուլյանն անում է 20-ական թթ֊ներին՝ Լոնդոնում, Փարիզում ու Նյու Յորքում բեմադրելով շուրջ 60 տարատեսակ ներկայացումներ, այդ թվում՝ Հարավային Ամերիկայի սևամորթների մասին պատմող «Պորգի» վեպը, որը Բրոդվեյում մեծ աղմուկ է բարձրացնում: Մամուլյանը որոշում է խախտել սևամորթ դերասանների ծառայություններից չօգտվելու կարծրատիպն ու գրիմավորված սպիտակամորթ դերասանների փոխարեն սևամորթ կերպարների դերը տալիս է հենց սևամորթներին: Այս քայլը ռասիզմի յուրահատուկ և խիզախ հերքում էր: Մամուլյանն ազատագրում էր ոչ միայն «նեգրական ոգին», այլև իր սեփականը՝ պաշտպանելով յուրաքանչյուր արվեստագետի՝ ազատ ստեղծագործելու և արտահայտվելու իրավունքը:
1929թ֊ին Մամուլյանը նկարահանում է իր առաջին ֆիլմը՝ «Ծափահարությունները», որը «նոր կինոյի» վառ նմուշ է: Բացի առաջին անգամ կիրառված տեխնիկական մի քանի հնարքներից՝ այս ֆիլմը աչքի է ընկնում նաև միանգամայն նոր, թարմ շնչով: «Քաղաքային փողոցներ» (1931թ) կինոնկարում հայազգի ռեժիսորն առաջին անգամ կիրառում է կադրից դուրս խոսքը: «Բեքի Շարպ» (1935թ), «Արյուն և ավազ» (1941թ) ֆիլմերում Մամուլյանն առաջին անգամ գունային համակարգ է օգտագործում: Ռեժիսորական վարպետությունը և, հատկապես, տաղանդավոր դերասանների հնարավորությունների բացահայտման մղումն առավել արտահայտված են նրա «Դոկտոր Ջեքիլը և միսթր Հայդը», «Սիրիր ինձ այս գիշեր», «Երգ երգոց» (գլխավոր դերում՝ Մառլեն Դիտրիխ), «Քրիստինա թագուհին» (գլխավոր դերում՝ Գրետա Գարբո), «Մենք կրկին ապրում ենք», «Ուրախ հրոսակ», «Ամառային արձակուրդ» և այլ ֆիլմերում: Մեծ հաջողություն է ունեցել նաև «Զորրոյի նշանը» (1940թ) արկածային կինոնկարը, որն ամերիկյան կինոյի դասական նմուշներից է:
«Հիմա դառնանք այն քննադատներին,- գրում է Ռուբեն Մամուլյանը,- ովքեր շարժանկարում տեխնիկական միջոցների կիրառման պատճառով բացառում են շարժանկարի՝ արվեստ լինելը: Հիշենք, որ մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ գիտությունը հզոր քայլերով առաջընթաց է ապրում: (...) Կար ժամանակ, երբ գիտությունը հետևում էր արվեստագետների երազանքներին: Այսօր, որքան էլ անհավատալի թվա, դերերը փոխված են, և արվեստագետն է, որ ակնդետ հետևում է գիտության դարակազմիկ գյուտերին: Շարժանկարը ճշմարտապես արդիական արվեստ է և ներկայացնում է աննախընթաց մի երևույթ մշակույթի պատմության մեջ: Գիտության հանճարի ամենաբարձր հաղթանակները ստեղծում են այն հուսալի հենքը, որի հիման վրա պատկերները շարժվում են, արվեստները` խոսում»:
Արմինե Նազարյան
Արմինե Նազարյան