Նուրի Բիլգե Ջեյլանը Տարկովսկու և Չեխովի արվեստի մեծ երկրպագուն է, ինչն անմիջապես զգում ես նրա ֆիլմերը դիտելու ընթացքում։
Նուրի Բիլգե Ջեյլանի անունը Հայաստանում շատերը առաջին անգամ լսեցին և նրա կինոարվեստին ծանոթանալու հնարավորություն ունեցան 2011թ-ին, երբ Ջեյլանը ժամանեց Երևան ու ներկայացրեց իր «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը, որը Կաննում արժանացել էր ժյուրիի Մեծ մրցանակին։ 2014թ-ին Ջեյլանն իր հաջորդ՝ «Ձմեռային քուն» ֆիլմի համար Կաննի կինոփառատոնում արժանացավ «Ոսկե արմավենու»։
Հայտնի է, որ կինոփառատոնի ժյուրիի այդ տարվա նախագահ, ճանաչված կինոռեժիսոր Ջեյն Քեմփիոնը, նախապես տեղեկանալով ֆիլմի՝ 3 ժամ 15 րոպե տևողության մասին, սկզբում մտավախություն է ունեցել, թե իր համբերությունը չի բավականացնի այդքանը դիտելու համար։ Սակայն դիտումից հետո նա խոստովանել է, որ անթարթ ու անշարժ, սկզբից մինչև վերջ, հետևել է իրադարձությունների զարգացմանը։ Իհարկե, սա անկեղծ խոստովանություն է, քանի որ ֆիլմը, իրոք, դիտվում է մեծ հետաքրքրությամբ՝ չնայած երկար երկխոսություններին, սյուժեի դանդաղ ընթացքին և սուր իրավիճակների սակավությանը։
Ո՞րն է կինոռեժիսորի գաղտնիքը, ինչո՞ւ նա, ի տարբերություն շատերի, չի ձանձրացնում։ Նախ՝ նա յուրաքանչյուր պահ և յուրաքանչյուր կադրում մտածում է՝ կինոդիտողին էլ ստիպելով մտածել։ Իր թվացյալ դանդաղկոտության մեջ նա «ստիպում է» նաև գնահատել իր մտահղացումներն ու կատարած աշխատանքը, որոնք արագության պարագայում կարող էին չնկատվել ու կորսվել։
Ակամա «հարմարվելով» ժամանակակից կինոյին արդեն վաղուց օտարոտի այդ հանդարտ ռիթմին՝ սկսում ես գնահատել ռեմբրանդտյան խորհրդավոր լուսավորությամբ լի տեսարանները, հերոսների խառնվածքներն ու դրդապատճառները բացահայտող երկխոսությունները, բնության հիասքանչ տեսարանները, կարճ ասած՝ մեկ ռեժիսորի կինոարվեստի գաղափարախոսությունն ու գեղագիտությունը։ Թվում է, թե այդ մանրակրկիտության մեջ արդեն ամեն ինչ ասված է, սակայն այդպես չէ․ ռեժիսորի խորությունը բավականացնում է նաև ենթատեքստերի, չասվածի, թաքնված շերտերի համար։ Ի դեպ, նա Տարկովսկու և Չեխովի արվեստի մեծ երկրպագուն է, ինչն անմիջապես զգում ես նրա ֆիլմերը դիտելու ընթացքում։
«Ձմեռային քունը» նկարահանվել է Չեխովի «Կինը» պատմվածքի մոտիվներով։ Նրա կինոհերոսներն այնքան բնական են, որ միանգամից թվում են ծանոթ․ նախկին դերասան Այդինը, ով արդեն պատկառելի տարիքում դարձել է հյուրանոցատեր, սակայն ապրում է անցյալի փառավոր հիշողություններով և, գիտակցաբար, թե անգիտակցաբար, նախապաշարված գյուղաբնակներին ու սեփական ընտանիքի անդամներին ճնշում է իր հեղինակությամբ ու բանիմացությամբ, նրա երիտասարդ կին Նիհալը, ով ունի ամեն ինչ՝ բարեկեցությունից մինչև ամուսնու սերը, սակայն կորցրել է իր «ես»-ը և ապարդյուն փորձում է վերագտնել այն, նրա քույր Նեջլան, ով հեռացել է ամուսնուց, սակայն պատրաստ չէր այդ քայլին, և հարկադրված անկախությունը նրան դարձրել է մաղձոտ ու նյարդայնացնելու աստիճան անզիջում։
Նրանք յուրովի սիրում են իրար և ամեն քայլափոխի ցուցաբերում են «ճշմարիտ արևելյան» սրտացավություն ու հոգատարություն՝ հենց այդ հոգատարությամբ ու իբր սրտացավությունից ասված ճշմարտություններով էլ ոչնչացնելով միմյանց։ Այդ սիրո մեջ այնքան անհանդուրժողականություն ու անողոքություն կա, որ անմիջապես նույնացնում ես քո իրականության ու քեզ հետ։ Հենց այդ նպատակին էլ ձգտել է ռեժիսորը։ Իր սիմվոլիզմով տպավորիչ է ֆիլմի վերջին տեսարաններից մեկը, երբ Այդինը վերադառնում է տուն․ տղամարդ-որսորդի տխուր ծաղրանկար հիշեցնող ծերացած ամուսինը կանգնած է կնոջ պատուհանի տակ՝ իր որսացած ավարը՝ նապաստակը բռնած, և նայում է վերև՝ նրան, ով երիտասարդ է, միայնության դատապարտված և չունի փախուստի ճանապարհ։