«Քանի որ ես չեմ սիրում, երբ իմ խոսքը մեջբերում են, ինձ թվում է, թե իմ աշխատանքի մասին խոսելիս ես գրեթե միշտ ստում եմ»։ Թերի Գիլիամ
1.Հասունացումը անհաջողակների համար է
Երբ երեխա էի, ինձ միշտ գրավում էին զվարճալի կերպարներն ու արարածները։ Կարծում եմ՝ գաղտնիքն այն է, որ չմեծանաս, չսովորես լինել մեծ։ Եթե դուք կարողացել եք պահպանել երևակայության այն մակարդակը, որ ունեիք մանկության տարիներին, ապա դուք կլինեք գերազանց կինոստեղծողներ։ Բայց աշխարհը փորձում է ձեզ դարձնել հասուն, փորձում է սահմանափակել ձեր երևակայությունն ու անրջելու հատկությունը, մտքերի հետ խաղալու հատկությունը։ Ես համառորեն պաշտպանվել եմ աշխարհի այդ դասերից։
2.Կինոդպրոցները հիմարների համար են
Ապրեք և սովորեք, թե ինչպես է պետք ֆիլմեր նկարահանել։ Ես չեմ հաճախել կինոդպրոց։ Ես պարզապես ֆիլմեր եմ դիտել կինոթատրոններում։ Թերևս, լավագույն ուսումնառությունը հենց ֆիլմերի նկարահանումներն են, և ես միշտ նույնն եմ ասում․ դիտեք ֆիլմեր, վերցրեք տեսախցիկը, նկարահանեք կինո։ Եթե դուք բավարար քանակությամբ անեք այդ գործողությունները, ինքնաբերաբար կհասկանաք, թե ինչպես են ստեղծվում ֆիլմերը։
3.Հեղինակայինը հեռանում է, ֆիլտրայինը մոտենում է
Դառնալ հեղինակ՝ այդ մասին էինք բոլորս երազում, եթե վերհիշենք 50֊60֊ական թթ֊ները, երբ «հեղինակային ռեժիսորի» գաղափարը թևածում էր ողջ մոլորակով մեկ։ Մարդիկ շարունակում էին իմ ֆիլմերի առնչությամբ օգտագործել «հեղինակային ռեժիսոր» արտահայտությունը, որովհետև, ըստ իս, այդ ֆիլմերն առանձնահատուկ են, և մարդիկ վստահում են ինձ՝ ասելով, որ ես հեղինակային կինոյի վարպետ եմ: Իսկ ես ասում եմ՝ ո՛չ, ես «ֆիլտրային կինոյի» վարպետն եմ։ Ես գիտեմ, թե ֆիլմում ի՛նչ նպատակի եմ ձգտում, մինչդեռ ինձ շրջապատում են բազմաթիվ մարդիկ, իմ ընկերները, ովքեր բարոյախոսություն չեն ընկալում և չեն լսում ինձ, բայց ովքեր ունեն յուրահատուկ մտահղացումներ։ Եվ երբ նրանք առաջարկում են որևէ լավ գաղափար, որը համապատասխանում է իմ ձգտումներին, ես օգտագործում եմ դա։ Ի վերջո, ֆիլմն ինքնին հանդիսանում է բազմաթիվ մարդկանց համագործակցություն, իսկ ես այն ֆիլտրն եմ, որը որոշում է, թե ինչն է ընդունվում և ինչն է մերժվում։
4.Ձեր գաղափարները պահեք դարակում և հանեք անհրաժեշտության դեպքում
Իմ սեղանն ունի մի դարակ, որտեղ պահպանվում են այն բոլոր գաղափարները, որոնք ծնվել են, և որոնք ես նկարագրել եմ։ Ես կուտակում եմ դրանք և օրերից մի օր օգտագործում եմ։ Հերթական ֆիլմը նկարահանելուց առաջ ես սովորաբար բացում եմ այդ դարակը և ուսումնասիրում եմ դրա ողջ պարունակությունը՝ փնտրելով այն մտահղացումները, որոնք կարող եմ օգտագործել իմ նախագծում։ Բայց այդ մտահղացումները բազմանում են, և ես պարզապես սկսում եմ ուրվագրից՝ հետագայում կատարելագործելով այն։ Այդ ամենը համատեղվում է այլ մարդկանց մտահղացումների հետ, և դա ամենահետաքրքիրն է։
5.Այն, ինչն իրականում ձեռք եք բերել կյանքում, պատմությունն է
Ես կարծում եմ՝ չափազանց կարևոր է հավատարիմ լինել այն ամենին, ինչին հավատում եք։ Նկատի ունեմ, որ ավելի կարևոր է ո՛չ թե ուրիշների, այլ սեփական սխալները գործելը։ Օրինակ՝ կինոստեղծողների մեծ մասը դիմում է փոխզիջումների, որովհետև ինչ֊որ մեկը նրանց խորհուրդ է տվել, թե այսինչ մոտեցումը փոխելու դեպքում ֆիլմը կոմերցիոն առումով կդառնա ավելի հաջողակ։ Արդյունքում՝ ֆիլմը չի ունենում այդ կոմերցիոն հաջողությունը, իսկ ֆիլմ ստեղծողը հայտնվում է ճնշված ու ոչնչացված վիճակում, քանի որ չի կարողացել աշխատանքն ավարտել այնպես, ինչպես կցանկանար։ Դուք պիտի հավատաք ձեր գործին։ Դուք պիտի պատրաստ լինեք ընդունելու դրա հետևանքները, ինչպիսին էլ որ լինեն։ Եթե դա ձեզ հաջողվում է՝ գերազանց է։ Եթե չի հաջողվում, ապա արժե գտնել ձեզ ավելի համապատասխան աշխատանք։
6.Հանդիսատեսին կառավարեք օբյեկտիվի օգնությամբ
Ես միշտ ցանկացել եմ ավելի ընդարձակ տեսնել աշխարհը։ Երբ տեսարանը նախապատրաստելիս նայում եմ տեսախցիկով, ինձ չեմ զգում նկարահանման հրապարակում։ Լայնանկյուն օբյեկտիվը, որի շնորհիվ այնքան շատ բան ենք տեսնում, ամբողջությամբ պարուրում է ինձ։ Բացի այդ՝ ինձ դուր է գալիս, որ երկարաֆոկուս օբյեկտիվների միջոցով ռեժիսորը հանդիսատեսին ավելի լավ է կառավարում, քանի որ ցույց է տալիս լոկ այն, ինչը ցանկանում է ցույց տալ։ Մնացյալը կարող է լինել նաև ֆոկուսից դուրս։ Ինձ դուր է գալիս նաև այն, որ ամեն ինչ թեթևակի լղոզված է, և, այդպիսով, հանդիսատեսը ստիպված է աշխարհը տեսնել այնպիսին, ինչպիսին ես եմ ուզում։ Ես չեմ ցանկանում կերպարն առանձնացնել այն աշխարհից, որտեղ նա գտնվում է։ Այնպես որ՝ երբեմն աշխարհը, կերպարի պես, նույնքան կարևոր է, որքան սենյակները և մնացյալ ամեն ինչը։
7.Ոչինչ չի կարող խախտել ռեժիսորի և դերասանների միությունը
Ես կարծում եմ՝ գաղտնիքն այն է, որ դերասաններին, հատկապես՝ եթե այդ դերասանները հոլիվուդյան գերաստղերն են, «ստիպես» սիրել ֆիլմը։ Իմ առաջին հոլիվուդյան ֆիլմը «Ձկնորս արքան» է՝ Ռոբին Ուիլյամսի և Ջեֆ Բրիջեսի գլխավոր դերակատարմամբ։ Ես գիտեի, որ քանի դեռ Ռոբինը, Ջեֆը և ես միասին ենք, ստուդիան ոչ մի հնարավորություն չունի կոտրելու մեզ, և ֆիլմը նկարահանվելու է։ Նույնը նաև «Տասներկու կապիկների» պարագայում էր։ Բրեդ Փիթը, Բրյուս Ուիլիսը և ես կազմում էինք մեկ ամբողջություն։ Երկու դեպքում էլ ֆիլմերը շատ հարթ են նկարահանվել։
8.Շրջապատեք ձեզ իմպրովիզատորներով
Ինձ դուր է գալիս, որ դերասանն անընդհատ զարմացնում է, որովհետև այն ժամանակ, երբ ֆիլմ եք նկարահանում, այն, ինչ գրել եք և հետո էլ բեմադրել եք՝ այդքան երկար աշխատելով, դառնում է մի տեսակ կարծրացած, և դա խնդիր է։ Նկարահանումների ժամանակ ամեն ինչն էլ կարող է վերածվել մեխանիկական աշխատանքի․ չէ՞ որ դուք ձգտում եք իրագործել հենց այն, ինչի մասին մտածել էիք ողջ տարվա ընթացքում։ Եվ հրաշալի է, որ գալիս են դերասանները և անում են ինչ֊որ զարմանալի քայլեր՝ յուրաքանչյուր օրվան հաղորդելով թարմ շունչ։ Հենց դրա շնորհիվ էլ ես պահպանում եմ առույգությունս։
9.Ռեժիսուրան փոքրոգիների համար չէ և ողջամիտների համար չէ
Դոն Կիխոտի մեջ ինձ հիացնում է այն, որ նա սխալ է մեկնաբանում աշխարհը։ Նա կարծում է, թե աշխարհը կա՛մ ավելի լավն է, կա՛մ ավելի վատն է, կա՛մ որևէ այլ տեսակի է։ Նա մշտապես սխալ է ընկալում աշխարհը։ Նույնիսկ վերջում նա դրսևորում է այդ հերոսականն ու էպիկականը, և թվում է, թե նրան արդեն անհնար է կանգնեցնել։ Նա պարզապես գնում է առաջ, առաջ, առաջ։ Ըստ իս՝ սա հիանալի օրինակ է մարդկանց համար, հատկապես՝ կինոյում․ հիանալի օրինակ այն մասին, թե ինչպես է պետք անցնել կյանքի ուղին, որովհետև կինոն հաճախ կարող է անհավատալիորեն հիասթափեցնել։ Ինձ դուր եկավ, որ Դոն Կիխոտի մասին վավերագրական ֆիլմը դիտած բազմաթիվ կինոստեղծողներ սկսեցին ինձ պատմել իրենց պատմություններն այդօրինակ սարսափելի աղետի մասին։ Սա շատ բարդ գործ է։ «Լա Մանչայում կորսվածները» ֆիլմը պետք է վերափոխի յուրաքանչյուրին, ով չի ցանկանում ապրել այն աշխարհում, որտեղ տեղի են ունենում այսպիսի դժբախտություններ։ Մի՛ նկարահանեք ֆիլմեր, եթե պատրաստ չեք բախվելու նմանօրինակ երևույթների հետ։ Ես մշտապես աշխատում եմ այդ ուղղությամբ, և մի գեղեցիկ օր դա տեղի կունենա։ Եվ դա կփոխի իմ էությունը։ Եթե դուք պատրաստվում եք ֆիլմ նկարահանել Դոն Կիխոտի մասին, ապա պիտի դառնաք նույնքան խելագար, որքան Դոն Կիխոտն է․ այնպես որ՝ բնությունն ինձ օգնում է խելագարվել։
10.Եղեք կրթված բռնակալ
Ես դերասաններից ակնկալում եմ լիակատար նվիրում կինոյին և իրենց կերպարներին, որպեսզի նրանք մոռանան, թե իրականում ովքեր են։ Ազատագրվեք փառասիրությունից։ Պարզապես դարձեք այն, ինչ պահանջում է ձեր կերպարը։ Ես սարսափում եմ, երբ պատմություններ եմ լսում այն դերասանների մասին, ովքեր նկարահանումներին ներկայանում են իրենց անձնական վարսավիրներով ու դիմահարդարներով։ Մի րոպե, ի՞նչ է այստեղ կատարվում։ Իշխանությունն այլոց ձեռքերում է։ Եթե դուք դերասանին թույլ տաք իշխելու, նշանակում է՝ դուք այլևս չեք ղեկավարում ձեր ֆիլմը։ Եվ դերասանը չի մտածում ֆիլմի մասին։ Միայն ռեժիսորն է մտածում ֆիլմի մասին։ Ես երբեք չէի ցանկանա դառնալ այն մարդը, ով ասում է՝ «սա միակ տարբերակն է՝ ինչ֊որ բանի հասնելու»։ Ես չեմ ուզում լինել բռնակալ։ Դա հետաքրքիր չէ։ Հետաքրքիր է, երբ կա մշտական երկխոսություն, երբ բոլորը պատրաստ են նկարահանումների ընթացքում փնտրել լավագույն ուղին։
սկզբնաղբյուրը՝ Filmmaker Magazine
COMMENTS