«Իմ համոզմամբ՝ կինոն և մոգությունը միշտ էլ ունեցել են մեծ ընդհանրություններ․ ամենաառաջին ֆիլմի ստեղծողները կախարդներ են եղել»։ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա

Համր կինոն ի հայտ եկավ 19-րդ դարի վերջին։ Հանրահայտ Լյումիեր եղբայրները 1895թ-ին Փարիզում հանրությանը ներկայացրին իրենց ստեղծած «Սինեմատոգրաֆ» սարքը և այդ սարքով նկարահանված «Բանվորների դուրս գալը Լյումիեր եղբայրների լիոնյան գործարանից» փոքրիկ ֆիլմը։ Նույն տարի կազմակերպվեց առաջին վճարովի կինոդիտումը, որի ընթացքում հանդիսատեսին մատուցվեց 1-ական րոպե տևողությամբ 10 ֆիլմ, այդ թվում՝ առաջին կինոկատակերգությունը՝ «Ջրով ողողված ջրողը»։ Առաջին կինոցուցադրության շահույթը կազմեց ընդամենը 35 ֆրանկ, սակայն երկրորդ օրը դրամարկղի մոտ արդեն մեծ հերթ էր գոյացել։
Լյումիեր եղբայրները կինովարձույթն արագորեն հարստացրին նոր կարճամետրաժ ֆիլմերով, թեպետ դեռևս շարունակում էին փորձեր կատարել ձայնն ու պատկերը համաժամանակյա դարձնելու ուղղությամբ։ Այդ փորձերը տարիներ շարունակ դարձան նաև այլ կինոգյուտարարների գերնպատակը, և միայն 1920թ-ին հաջողվեց թողարկել առաջին հնչյունային ֆիլմերը։ Տեխնիկական սահմանափակ հնարավորությունները նորաթուխ կինոարտադրողներին խանգարում էին ավելի երկար տևողությամբ ֆիլմեր ստեղծելու գործում, սակայն Առաջին աշխարհամարտի նախաշեմին ֆիլմերի տևողությունն արդեն գերազանցում էր 60 րոպեն։
Կինեմատոգրաֆն ի սկզբանե կոչված չէր լինելու արվեստ․ Լյումիեր եղբայրները ցանկանում էին պարզապես վավերագրել պատմական իրադարձությունները, իսկ մյուս կինոգյուտարարներն արվեստի այս նոր տեսակը դիտարկում էին որպես ատրակցիոն, որը շահութաբեր էր ու հեռանկարային։ Խաղարկային կինոյի ձևավորումը, սակայն, փոխեց պատկերը։ Համր կինոյի դարաշրջանն ի հայտ բերեց բազմաթիվ հանճարեղ դերասանների ու ռեժիսորների, ում արվեստը հետաքրքրություն է ներկայացնում նաև այսօր։ Սկսնակ կինոարտադրողները հետզհետե յուրացրին ռեժիսուրայի հմտությունները՝ արտահայտիչ կադրեր ստանալուց մինչև դերասանների հետ աշխատանք և այլն։ Առանց ձայնի չափազանց դժվար էր հույզերը, միտքն ու ասելիքը հանդիսատեսին հասցնելը, բայց համր կինոյի աստղերն այդ առումով վիրտուոզներ էին։
 |
Լյումիեր եղբայրները՝ Օգյուստը և Լուին |
Մնջախաղը համր կինոյի գլխավոր ստեղծագործական «զենքն էր»․ դիմախաղի և ժեստերի օգնությամբ դերասանները մատուցում էին ամենատարբեր հոգեվիճակներ ու իրավիճակներ։ Հանդիսատեսի հետ հաղորդակցվելու խնդիրն առավել հեշտացնելու համար կինո ներմուծեցին մակագրերը, որոնք նկարագրողական գործառույթ էին կատարում և փոխարինում էին հնչյունավորմանը։ 20-րդ դարի սկզբին ֆիլմերն արդեն ամբողջությամբ անձայն չէին․ ցուցադրությունն իրականացվում էր դաշնամուրային նվագակցության ուղեկցությամբ։
Համր կինոյի վարպետներն իրենց համարձակ նորարարություններով կանխորոշեցին ողջ կինեմատոգրաֆի ապագան։ Ժամանակակից կինոն չէր լինի, եթե չլինեին «Ճանապարհորդություն դեպի Լուսին» ֆիլմի հեղինակ Ժորժ Մելիեսը, առաջին սարսափ-ֆիլմերի հեղինակ Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաուն, անգերազանցելի Չառլի Չապլինը, Մերի Փիքֆորդը, Բասթեր Կիտոնը, Հարոլդ Լլոյդը, Լուիզա Բրուքսը, Մաքս Լինդերը և այլ լեգենդար անձինք, ովքեր այսօր էլ հիացմունք են առաջացնում։ Թեպետ համր ֆիլմերը նկատելիորեն տուժում էին տեխնիկական սահմանափակ հնարավորությունների և պատկերի անբավարար հստակության պատճառով, սակայն այդ ամենը փոխհատուցվում էր դերասանների արտահայտիչ խաղով և ռեժիսորների հնարամտությամբ։
Ցավոք, համր կինոյի դարաշրջանում ստեղծված ֆիլմերի ընդամենը 25 տոկոսն է պահպանվել և հասել մինչև մեր օրերը։ 1920-ականներին, կինոսարքավորումների կատարելագործմանը զուգընթաց, սկսեցին կիրառվել նոր արտահայտչամիջոցներ՝ խոշոր և միջին պլանը, համայնապատկերը, կինոխցիկի շարժումը և ռակուրսային նկարահանումը։ 1927թ-ին նկարահանված «Ջազային երգիչը» առաջին հնչյունային ֆիլմի թողարկումից հետո համր կինոն գոյատևեց ևս 1-2 տարի, իսկ հետո համեստորեն լքեց «մարտադաշտը»։ Համր կինոյի աստղերից շատերը դուրս մնացին ստեղծագործական ասպարեզից և մոռացվեցին, որոշներն էլ ընդունեցին անխուսափելի անհրաժեշտությունը և սահուն կերպով տեղափոխվեցին հնչյունային կինո՝ հասնելով հաջողության կամ ձախողվելով։
 |
Ժորժ Մելիես, 1861֊1938 |
 |
Քինգ Վիդոր, 1894֊1982 |
 |
Բասթեր Կիտոն, 1895֊1966 |
 |
Չառլզ Չապլին, 1889֊1977 |
 |
Կառլ Թեոդոր Դրեյեր, 1889֊1968 |
 |
Սերգեյ Էյզենշտեյն, 1898֊1948 |
 |
Ֆրից Լանգ, 1890֊1976 |
 |
Ձիգա Վերտով, 1895֊1954 |
 |
Վիկտոր Շյոստրյոմ, 1879֊1960 |
 |
Աբել Գանս, 1889֊1981 |
 |
Ալեքսանդր Դովժենկո, 1894֊1956 |
 |
Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու, 1888֊1931 |
 |
Դևիդ Ուորք Գրիֆիթ, 1875֊1948 |
 |
Յակով Պրոտազանով, 1881֊1945 |
 |
Էրիխ ֆոն Շտրոհեյմ, 1885֊1957 |
 |
Վսևոլոդ Պուդովկին, 1893֊1953 |
 |
Մակ Սենեթ, 1880֊1960 |
 |
Ռոբերտ Վինե, 1873֊1938 |
 |
Գեորգ Վիլհելմ Պաբստ, 1885֊1967 |
 |
Հարոլդ Լլոյդ, 1893֊1971 |
 |
Ռուդոլֆ Վալենտինո, 1895֊1926 |
 |
Մաքս Լինդեր, 1883֊1925 |
 |
Դուգլաս Ֆերբենքս, 1883֊1939 |