«Սերը անցնում է, ընկերությունը քանդվում է։ Եվ միայն արյունակցական կապերն են հավերժ անխախտ»։ «Կնքահայրը»
Կինո սիրում են բոլորը, այդ թվում նաև՝ քրեական աշխարհի ներկայացուցիչները։ Նրանց կերպարները հարյուրավոր տարբերակներով արտացոլվել ու արտացոլվում են կինեմատոգրաֆում, ինչը կամուրջ է ստեղծում այդ երկու աշխարհների միջև՝ ֆինանսավորումից մինչև կինոգործիչների հետ անձնական ծանոթություններ։ Քրեական թեմաներով ֆիլմերն այսօր էլ կազմում են կինոարտադրության զգալի մասը։ Kinoversus֊ն առանձնացրել է տասը դերասանների, ովքեր ընկերական հարաբերություններ են ունեցել քրեական աշխարհի հետ կամ դարձել են այդ աշխարհի զոհը։
1.Ջեյմս Քաան
«Կնքահայրը» ֆիլմում Սոնի Կոռլեոնեի դերակատար Ջեյմս Քաանը երբեք չի թաքցրել, որ բարեկամական կապեր ունի Կոլոմբո մաֆիոզ ընտանիքի հետ։ Երբ 2011թ֊ին ոստիկանությունը ձերբակալեց այդ հանցավոր կլանի անդամ Էնդրյու Ռուսոյին ու ևս 125 մաֆիոզների, Քաանը հրապարակորեն պաշտպանեց Էնդրյուին և պատրաստակամություն հայտնեց վճարելու ցանկացած գումար նրա ազատ արձակման համար։ Ռուսոն հանդիսանում է Քաանի որդու՝ Սքոթի կնքահայրը։
2.Ռոբերտ դե Նիրո
Ռոբերտ դե Նիրոյի խաղացանկը հարուստ է քրեական աշխարհի ներկայացուցիչների կերպարներով, որոնք նա հիանալի է մարմնավորել։ Դերասանը հաստատել է, որ ընկերական շփում ունի Գամբինո մաֆիոզ ընտանիքի հետ, ավելին՝ «Վերլուծիր սա» ֆիլմի նկարահանումներին նախապատրաստվելիս նրան խորհուրդներով օգնել է այդ կլանի անդամ և հայտնի գանգստեր Էնթոնի Ռուջիանոն։ Այսօր, սակայն, դե Նիրոն խուսափում է հրապարակել մանրամասներ այդ համագործակցության վերաբերյալ։
3.Ֆրենկ Սինատրա
Ֆրենկ Սինատրայի մերձավոր ազգականը Մորետի կլանի անդամներից էր և 1921թ֊ին մեղադրվել էր զինված թալանի ու սպանության համար։ Հայտնի է, որ Սինատրան ինքն էլ մշտապես ներգրավված է եղել տարբեր մութ խմբավորումներում ու գործարքներում։ Նա, մասնավորապես, երկար տարիներ սերտ կապ է պահպանել Գամբինո, Ջենովեզե և Կոլոմբո հանցավոր կլանների հետ՝ տեղեկացված լինելով վերջիններիս գաղտնի ծրագրերի վերաբերյալ։ Սինատրայի հանրաճանաչությունը պայմանավորված էր նաև այդ հանգամանքով։
4.Ջո Պեշի
«Մի անգամ Ամերիկայում», «Փառավոր տղաները», «Կատաղի ցուլը» և այլ ֆիլմերի դերակատար Ջո Պեշին Ջենովեզե մաֆիոզ ընտանիքի մտերիմներից է։ Տեղեկություններ կան այն մասին, որ 1982թ֊ին դերասան Ջեյմս Քաանը վարձու ավազակներին պատվիրել է ծեծի ենթարկել Պեշիին՝ Մայամիում կառուցվող մի հյուրանոցի շուրջ ծագած խնդրի պատճառով։ Արդեն 18 տարի է, ինչ Պեշին չի նկարահանվում, ապրում է մեկուսի կյանքով և խուսափում է լրագրողներից։ Նրա՝ կինոյից հեռանալը համարում են անբացատրելի արարք։
5.Մարիո Լանցա
Մարիո Լանցան ապրեց ընդամենը 38 տարի և մահացավ խորհրդավոր հանգամանքներում, թեպետ, ըստ պաշտոնական վարկածի, մահվան պատճառը սրտի հիվանդությունն էր։ Տարբեր աղբյուրների վկայությամբ՝ Մարիոն դարձել էր մաֆիայի զոհը, քանի որ, ի տարբերություն Սինատրայի, հրաժարվել էր համագործակցելուց և շահութաբեր գործիք դառնալուց։ Լանցայի մահվանից հինգ ամիս անց սպանվեց նաև նրա 37֊ամյա կինը, իսկ նրա դուստր Քոլինը կասկածելի ավտովթարի զոհ դարձավ 48 տարեկան հասակում։
6.Ալ Պաչինո
«Կնքահայրը» ֆիլմում Մայքլ Կոռլեոնեի դերակատար Ալ Պաչինոն որոշակի կապեր է ունեցել Ջենովեզե մաֆիոզ կլանի հետ, թեպետ այդ կապերն առավելագույնս քողարկվել են։ Հետաքրքիր մի զուգադիպությամբ՝ Ալ Պաչինոյի ընտանիքի արմատները սկիզբ են առնում սիցիլիական Կոռլեոնե քաղաքից, իսկ Սիցիլիան, ինչպես հայտնի է, մաֆիայի հայրենիքն է, այնպես որ՝ Պաչինոն չէր կարող դուրս մնալ իր մաֆիոզ հայրենակիցների տեսադաշտից։
7.Լայզա Մինելի
Որքան էլ անսպասելի է, սակայն Լայզա Մինելին ևս կապեր է ունեցել մաֆիոզ կլանի հետ։ Այդ կապերը, թերևս, չլինեին, եթե Լայզայի երբեմնի սիրեկան Ջիանի Ռուսոն չհանդիսանար Գամբինո ընտանիքի անդամներից մեկը։ Ռուսոն նկարահանվել է «Կնքահայրը» ֆիլմում, սակայն նա սոսկ դերասան չէր, այլ կարևոր միջնորդ Paramount Pictures֊ի ու մաֆիայի միջև։ Գաղտնիք չէ, որ մաֆիան որոշ կինոգործիչների միջոցով իր կանոններն էր թելադրում նաև Հոլիվուդում։
8.Դեբի Ռեյնոլդս
Դերասանուհի Դեբի Ռեյնոլդսի կապերը Չիկագոյի հանցավոր խմբավորումների հետ ունեն տարիների վաղեմություն։ Դեբին, ով դերասանական կարիերային զուգահեռ զբաղվել է նաև լուրջ բիզնեսով, խառնված է եղել Լաս Վեգասում տեղի ունեցած մի սպանության գործում։ Երբ նրան հարց են ուղղել այդ պատմության վերաբերյալ, նա պատասխանել է, թե կան մարդիկ, ում վերացնելը պարզապես անհրաժեշտություն է։ Դեբին այսօր էլ ակտիվ նկարահանվում է ֆիլմերում։
9.Թոնի Սիրիկո
«Կնքահայրը» ֆիլմի դերակատարներից ևս մեկը՝ Թոնի Սիրիկոն ծնվել և մեծացել է Բրուքլինում, որտեղ գրեթե բոլոր տղաները զինված են, և հանցավորությունը մեծ չափերի է հասնում։ Երիտասարդության տարիներին Սիրիկոն ձերբակալվել է 28 անգամ՝ գողության համար։ Ազատազրկման վայրից նա վերադարձել է որպես հեղինակություն և այդ հեղինակությունը պահպանել է նաև կինոյում՝ մարմնավորելով գանգստերների դերեր։ Թոնի Սիրիկոն Կոլոմբո մաֆիոզ ընտանիքի մերձավորներից է։
10.Ջորջ Ռաֆթ
Դերասան Ջորջ Ռաֆթի մանկության ընկերն իռլանդացի գանգստեր էր, ում կերպարը նա հետագայում «տեղափոխեց» կինո՝ հաջողությամբ մարմնավորելով գանգստերների դերեր։ Սակայն Ռաֆթը հայտնի էր նաև մաֆիայի հետ ունեցած իր մութ կապերով։ Տարիներ անց Ռաֆթը խոստովանել է, թե իր ողջ կյանքն ապրել է մահացու վտանգի զգացողությամբ։ Այդուհանդերձ, նրա մարմնավորած գանգստերական կերպարներն այնքան համոզիչ էին, որ նա կուռք էր դարձել իրական գանգստերների համար։