Դենիզ Գամզե Էրգյուվենի «Մուսթանգ» ֆիլմը մի շարք մրցանակների է արժանացել Կաննում, Չիկագոյում, Ստոկհոլմում և այլուր, իսկ «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացվել է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։
Կնոջ ազատության թեման արևելյան երկրների կինոյում այսօր հատկապես ակտուալ է, և ֆրանսաբնակ թուրք կին ռեժիսոր Դենիզ Գամզե Էրգյուվենի «Մուսթանգ» ֆիլմը ևս մեկ փորձ է՝ ընդդիմանալու քարացած ավանդույթներին և ճակատագրեր խեղող հետամնացությանը։ Վերջին տարիներին ի հայտ է եկել երիտասարդ կին ռեժիսորների մի սերունդ, որը թարմ գաղափարներով ու յուրօրինակ կինոհայացքով է արտացոլում առկա իրականությունը՝ քարոզելով ազատ մտածողություն և հրաժարում կարծրատիպերից։ Էրգյուվենի ֆիլմն «Օսկարի» է ներկայացվել Ֆրանսիայի կողմից, քանի որ ֆիլմի ֆինանսավորման հիմնական աղբյուրը Ֆրանսիան է, բացի այդ՝ ռեժիսորն այստեղ է ավարտել կինոդպրոցը՝ բնակվելով ու ձևավորվելով եվրոպական միջավայրում։
![]() |
Դենիզ Գամզե Էրգյուվենն ու նրա հինգ հերոսուհիները |
Ֆիլմի հերոսուհիները հինգ քույրեր են։ Համադասարանցի տղաների հետ անմեղ խաղը նրանց համար վերածվում է իսկական պատուհասի, ինչի պատճառը հետաքրքրասեր հարևանների մեկնաբանություններն են այն մասին, թե քույրերը չափազանց ազատ են և մահմեդական կնոջը վայել վարք չեն դրսևորում։ Աղջիկների տատն ու հորեղբայրը, ովքեր ծնողների մահվանից հետո զբաղվում էին նրանց դաստիարակությամբ, համակարծիք են հարևանների հետ և խնդրի միակ լուծումն են համարում քույրերին տանը փակելն ու շուտափույթ ամուսնացնելը։ Էրգյուվենի ֆիլմի հերոսուհիներն ասես անդերսենյան հեքիաթի ջրահարսեր լինեն կամ երկարահեր ռապունցելներ, ում փակել են բարձր ամրոցում, իսկ նրանց փրկող արքայազններ չկան: Միակ հնարավորությունը սեփական ուժերին ապավինելն ու միմյանց օգնելով փրկվելն է: Աղջիկներն ազատատենչ են վայրի մուսթանգների պես և չեն պատրաստվում ենթարկվել կանոններին: Թեպետ նրանցից յուրաքանչյուրի ապագան անհայտ է, սակայն նրանց պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, ռեժիսորի խոսքերով՝ որպես «հինգգլխանի դև», ու եթե նրանցից գեթ մեկին հաջողվի ազատվել ավանդույթների ճիրաններից, ապա դա պետք է համարել ընդհանուր հաղթանակ: «Նրանք կազմում են մեկ մարմին․ թեպետ ֆիլմի ընթացքում այդ մարմինը կորցնում է ձեռքը կամ ոտքը, բայց մուսթանգը ողջ է մնում և շարունակում է պայքարել»,- ասում է Էրգյուվենը։
Հատուկ ուշադրության է արժանի դերակատարուհիների ընտրությունը․ նրանք ասես իրական քույրեր լինեն՝ գեղեցիկ ու երկարահեր: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ սա աղջիկների հիմնական մասի համար առաջին փորձն էր կինոյում, ապա ռեժիսորի աշխատանքն այդ առումով միանշանակ կարելի է համարել հաջողված։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Էրգյուվենը պատմել է, որ նախքան նկարահանումները աղջիկների հետ մեծ աշխատանք է տարվել՝ նրանց միջև անկաշկանդ մտերմություն ձևավորելու նպատակով։ Իսկ իրենց մարմնավորած կերպարներն ավելի խոր ըմբռնելու համար ռեժիսորը դերակատարուհիներին խորհուրդ է տվել դիտել մի քանի կինոնկարներ, այդ թվում՝ Կուբրիկի «Լոլիտա», Բերգմանի «Ամառը Մոնիկայի հետ», Դարդեն եղբայրների «Հեծանիվով տղան», Գոդարի «Ապրել սեփական կյանքով» ֆիլմերը։
Էրգյուվենի հերոսուհիները նման են փերիների, անտառային ոգիների, միաժամանակ՝ գայթակղիչ են, ինչպես Լոլիտան (ըստ իս՝ տվյալ դեպքում ճիշտ է օգտագործել Նաբոկովի բնորոշումը, այն է՝ «նիմֆետկաներ»՝ նիմֆա+կոնֆետկա): Ֆիլմը համեմատում են Սոֆյա Կոպոլայի «Ինքնասպան կույսերը» ֆիլմի հետ, սակայն տարբերություններն ակնհայտ են: Կոպոլայի հերոսուհիներն իրենց համադասարանցիների հիշողության մի մասն են կազմում, նրանք եթերային են ու իդեալականացված: Դժվար է հավատալ, որ ժամանակակից Ամերիկայում կարող են նմանօրինակ պատմություններ պատահել, մինչդեռ «Մուսթանգը», ցավոք, արտացոլում է թուրքական իրականությունը։ Ֆիլմի սյուժեն հիմնված է գլխավորապես իրական դեպքերի վրա․ որոշ դրվագներ պատահել են անձամբ Էրգյուվենի հետ, մյուսների մասին էլ նա տեղեկացել է տարբեր աղբյուրներ ուսումնասիրելիս։
Որքան էլ փորձ է արվում չքաղաքականացնել ֆիլմը, այնուամենայնիվ, դա անխուսափելի է, հատկապես՝ այն պահին, երբ ֆիլմում հնչում են Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչի խոսքերն այն մասին, թե թուրք կինը հասարակական վայրերում չպետք է ծիծաղի։ «Որտե՞ղ են այն թուրք աղջիկները, ովքեր շիկնում էին տղամարդկանց մեկ հայացքից»,֊ ասում է նա։ Փոխվարչապետի՝ 2013թ֊ին արված այս հայտարարությունը բավականին լայն արձագանք էր գտել սոցիալական ցանցերում․ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող կանայք զետեղում էին իրենց ժպտադեմ նկարները՝ դրանով իսկ աջակցություն հայտնելով թուրք կանանց։ Ի դեպ, ֆուտբոլային թեմային նվիրված և ֆեմինիստական գաղափարախոսություն կրող ֆիլմ ունի նաև Ջաֆար Պանահին՝ «Խաղից դուրս» («Offside», 2006):
Սոնա Կարապողոսյան